«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ հասարակության մեդիա գրագիտության ցածր մակարդակը որպես ազգային անվտանգության խնդիր․ դոցենտ, բ․գ․թ․ Դավիթ Ալավերդյան

20/01/2022

Generalnews.am-ի հյուրն է«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր, ԵՊՀ նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Դավիթ Ալավերդյանը

- Պարոն Ալավերդյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Դեռևս վաղուց, իսկ այսօր առավել քան երբևէ մեր երկիրը գտնվում է իր հարևանների կողմից մղվող տեղեկատվական պատերազմի մեջ, ուստի հանրության լայն շերտերին խնդիրը հասցնելու համար կուզեինք լսել Ձեր կարծիքը՝ ի՞նչ է տեղեկատվական պատերազմը, ե՞րբվանից է այն սկսել շրջանառվել որպես նոր հասկացություն։

- Ինքը եզրույթը՝ «տեղեկատվական պատերազմներ», առաջացել է 1970-ական թթ․ Բոինգ ընկերության համար գրված զեկույցում, սակայն եթե ավելի խորքային դիտարկենք, ապա կնկատենք, որ դեռևս այդ մասին իր «Պատերազմների արվեստը» գրքում խոսել է հայտնի չին սպարապետ Սուն Ցզին, որն անդրադարձել  է տեղեկատվական պատերազմների որոշ տարրերի։ Ժամանակակից տեղեկատվական պատերազմների մի շարք տարրերի անդրադարձ է արվել նաև ֆաշիստական Գերմանիայի քարոզչության նախարար  Յոզեֆ Գեբելսի աշխատություններում և ավելի ուշ շրջանի գիտնականների գործերում։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ թեև եզրույթը բավական ուշ է առաջացել, սակայն, ըստ էության, երևույթը նոր չէ․ տեղեկատվական պատերազմները հազարամյակներ շարունակ ուղեկցել են մարդկային հասարակությանը, սակայն դրանց էությունը բացատրելու համար  տարբեր ժամա­նակներում կիրառվել են այլ հասկացություններ, օրինակ՝ քարոզչություն (ագի­տացիա) և այլն։

- Արդյո՞ք կարելի է նույնացնել «տեղեկատվական պատերազմ» և «հոգեբանական պատերազմ» հասկացությունները։

- Եթե հավատանք տեղեկատվական պատերազմների ժամանակակից լավագույն տեսաբաններից Գեորգի Պոչեբցովին, ապա պատերազմները պետք է կոչվեն ոչ թե «տեղեկատվական», այլ «տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ»։ Հոգե­բանական տարրն այստեղ այնքան կարևոր և մեծ է, որ այդ երկու հասկացությունների տարանջատումը դարձնում է գրեթե անհնար։ Առանց հոգեբանական տարրերի տեղեկատվական պատերազմները պարզապես անզոր են դառնում, և դա այն պարզ պատճառով, որ տեղեկատվական պատերազմի գլխավոր բաղկացուցիչ մասը հակառակորդի մոտ խուճապ, պարտվողական տրա­մադրություններ, հոգեբանական անկում առաջացնելն է․ այսինքն՝ այպիսի իրավիճակի հասցնելը, որ հակառակորդն անկարող լինի պաշտպանել իր երկիրը, ընտանիքը, ապրելակերպը։ Ահա թե ինչու երբեք չենք տարանջատում տեղեկատվական և հոգեբանական պատերազմ հասկա­ցությունները՝ չնայած դրանում առկա տարրերի որոշակի տարբերություններին, որոնք ընդհանուր առմամբ, միևույն երևույթի բաղկացուցիչներ են։

- Ի՞նչ առանձնահատկություններ ունեն <<ցանցային>> կամ երրորդ սերնդի տեղե­կատվական պատերազմները։

- Երրորդ  սերդի կամ ցանցային պատերազմները հիբրիդային են, դրանք զուտ տեղեկատվական պատերազմներ չեն, այլ ուղեկցվում են նաև ուժեղ տնտեսական, դիվանագիտական և ճնշման բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք այսօր աշխարհում ականատես ենք լինում , որ որոշ պետություններ հաղթում են պատերազմում՝ դրա ընթացքում նույնիսկ մեկ կրակոց չարձակելով։ Ստացվում է՝ հաղթանակի համար օգտագործում են տարբեր տեսակի տեղեկատվական, տնտեսական, դիվանագիտական զենքեր,  այնպիսիք, ինչ­պի­սիք են, օրինակ, շրջափակումը, զանազան էմբարգոները, պատ­ժամի­ջոցները, թիրախ երկրում ներքին պառակտում ներմուծելը և այլն։ Արդյունքում՝ տվյալ երկիրն այնպիսի կոլապսի է ենթարկվում, որ հաճախ ստիպված է լինում անձնատուր լինել՝ իր քաղաքացիների ֆիզիկական գոյությունը չվտանգելու համար։ Երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների բաղկացուցիչ են ցանցային պատերազմները․ այստեղ առաջին հերթին խոսքը համացանցի մասին է, քանի որ այն այսօր դարձել է տեղեկատվական պատերազմի ամենաարդյունավետ գործիքներից մեկը։ Ցավոք, 2020 թ․ մենք ականատես եղանք, թե ինչպես էին մեր թշնամիներն օգտագործում համացանցը Հայաստանի  ներսում պարտվողական տրամադրություններ, խուճապ և բացասական այլ երևույթներ առաջացնելու և տարածելու համար։ Նրանք կիրառում էին ոչ միայն Ֆեյսբուքը և զանազան լրատվական-ոչ լրատվական հայկական կայքերի վրա հարձակումները, այլ դիմում էին օրինակ Տիկ-Տոկի օգնությանը։ Դրան ի պատասխան՝ հայկական իշխանություններն ուշացումով մի քանի օրով արգելափակեցին Տիկ-Տոկը, որովհետև հենց դրա միջոցով էին գալիս հայ զինվորների մահվան սահմռկեցուցիչ տեսարանները, զանազան սպառնալիքներ՝ ուղղված հայ ժողովրդին և այլն։ Հայաստանի հանրությունը պարզապես անպաշտպան էր այդ տեղեկատվական հեղեղի առջև։

- Որո՞նք են տեղեկատվական պատերազմի դեպքում հարձակման օբյեկտները :

- Տեղեկատվական պատերազմի հիմնական օբյեկտը դա պետությունն է, այսինքն՝ հարձակումը տեղի է ունենում մեկ այլ պետության վրա, սակայն որպես թիրախ հանդիսանում է հենց տեղեկատվական դաշտը, խոսքն այստեղ գնում է ոչ միայն հեռուստատեսության և  թերթերի, այլ հենց սոցիալական կայքերի, որոնց դիրքերն այսօր շատ ամուր են հասարակություններում։ Այսինքն նպատակ է դրվում գրավելու հակառակորդի տեղեկատվական դաշտը և դա փոխարինել սեփական տեղեկատվությամբ։ Դրված նպատակին հասնելու համար հաճախ կիրառում են ապատեղեկատվությունը (ֆեյք նյուս), մեդիա մանիպուլյացիաները, կեղծիքը, սուտը և մնացած բոլոր գործիքները։ Այստեղ ցավով հավելեմ, որ կոնկրետ մեր հասարակության նկատմամբ դա բավական հաջողությամբ կիրառվել է՝ նկատի ունենալով հայ հասարակության մեդիա գրագիտության ցածր մակարդակը։ Ի՞նչ է արվել օրինակ պետության կողմից հայ հասարակության մեդիա-գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ․ ոչ մի բան, և դա որոշ դեպքերում հասկանալի է․ իշխանությունները հաջորդում են միմյանց, և նրանց բոլորին էլ ձեռնտու է այդ մակարդակը, քանի որ այդպիսի հասարակությանը հեշտ է խաբել։ Սա գնալով դառնում է ազգային անվտանգության խնդիր, քանի որ դրանից օգտվում են ոչ միայն  ներքին թշնամիները (զանազան կիբեռ-հանցագործներ, խաբեբաներ և այլք), այլ նաև արտաքին թշնամիները։

- Ե՞րբվանից և ի՞նչ մեթոդներով է տեղեկատվական պատերազմ վարվում ՀՀ նկատմամբ։

- ՀՀ դեմ տեղեկատվական պատերազմները վարվում են դեռևս 1990-ական թթ․ սկզբներից։ Այն ժամանակ տեղեկատվական պատերազմի դաշտ էին հանդիսանում երրորդ երկրների, միջազգային հարթակների ընձեռած տեղեկատվական հնա­րավորությունները, բայց 1990-ական թթ․ վերջից համացանցի զարգացմանը զուգահեռ տեղեկատվական պատերազմները դարձան տոտալ բնույթի գործողություններ։ Ներկայումս էլ ՀՀ դեմ տեղեկատվական պատերազմներ են վարում մեր երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, և նշեմ, որ ՀՀ-ն էականորեն զիջում է նրանց՝ թե միջազգային հանրությանն ուղղված ինֆորմացիայի ծավալով, թե այն բոլոր ջանքերով, որ գործադրվում է սեփական տեսակետը ներկայացնելու համար։ Մենք այսօր բավական վատ  դիրքերում ենք, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել․ մինչև 2008 թվական ՀՀ  իշխանությունները մեծ ուշադրություն չէին դարձնում տեղեկատվական բաղադրիչին, ինչը պայմանավորված էր որոշակի թերահավատ վերաբերմունքով դրա կարևորությանը, սակայն 2008-ից հետո ՀՀ-ում ստեղծվեցին հատուկ մարմիններ, որոնք փորձում էին շտկել այդ իրավիճակը։ Մասնավորապես, ստեղծվում էին հայերեն և օտարալեզու կայքեր, նկարահանվում էին ֆիլմեր, գրքեր, կատարվում էին միջոցառումներ աշխարհի տարբեր կետերում, ինչպես նաև կոնկրետ քայլեր էին ձեռնարկում Ադրբեջանի հզորացումը այս ոլորտում թույլ չտալու համար։ Ցավոք, վերջին տարիներին այդ աշխատանքը թուլացել է և կրում է ոչ համակարգված բնույթ։ Ակնհայտ է, որ ՀՀ նոր իշխանությունների համար տեղեկատվական պայքարը չի հանդիսանում գլխավոր ուղղություններից մեկը, ասեմ ավելին՝ այսօր նոր իշխանությունները կենտրոնացել են ներքին տեղեկատվական պայքարի, ներքին քարոզչության վրա։

- Տեղեկատվական պատերազմները, փաստորեն հանդիսանում են Ազգային անվտանգության սպառնալիք, ի՞նչ միջոցներով մենք կարող ենք պայքարել դրա դեմ։ Կա՞ն արդյոք մեր կողմից մշակված պաշտպանության մեխանիզմներ։

- Մի շարք պետություններ քայլեր են ձեռնարկում տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար, ծախսում են հսկայական միջոցներ, ուշադրություն են դարձնում կիբեռ-անվտանգությանը, հասարակության տեղեկատվական անվտանգությանը, պետական տեղեկատվական համակարգերի անվտան­գությանը և այլն։ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցի, տեղեկատվական անվտանգության մասին խոսելն անիմաստ է, քանի որ որպես մասնագետ՝ որևէ տեսանելի աշխատանք չեմ տեսնում այդ ուղղությամբ, հակառակը, 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին քանդել է մեր բոլոր տեղեկատվական ամրությունները, հսկայական ծավալների ինֆորմացիա է գողացել ՀՀ-ից և ստացվում է, որ մեր տեղեկատվական համակարգերը ակնհայտորեն պատրաստ չէին այդ պատերազմին։ Այսօր էլ քայլեր չեն կատարվում ՀՀ կողմից իր տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։ Որոշ առանձին ՀԿ-եր, կիբեռ-անվտանգության մասնագետներ որոշակի քայլեր անում են, սակայն նախ այդ աշխատանքները պետք է տարվեն համակարգված, ինչի համար էլ և ոչ միայն, պետք է մշակվի տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ։ Դպրոցներից սկսած՝ պետք է զարկ տրվի մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը։

Հարցազրույցը վարեց՝  դոցենտ, պ․գ․թ․  Մարինե Գևորգյանը