«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի ազատագրման 30-ամյակի առիթով

09/05/2022

Մեր փառավոր հաղթանակի 30-ամյակն է․․․․ 
30 տարի առաջ այս օրերին հայը մաքառում էր Շուշին ադրբեջանական հրոսակներից մաքրելու և իր բնիկ, օրինական տերերին՝ հայերին հետ վերադարձնելու համար։ Չի ուշանալու նաև այն օրը, որ <<Հարսանիքը լեռներում>> տոնենք երկրորդ անգամ․․․
1992 թ․ սկսած արցախյան ազատագրական պատերազմը նոր թափ էր ստացել։ 1992 թվականի հունվարի 21-22-ին ոչնչացվեց Ստեփանակերտ քաղաքի Կրկժան  թաղամասում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, այնուհետև փետրվարի 10-ից սկսած ոչնչացվեցին ԼՂՀ մայրաքաղաքին հարակից Մալիբեյլի և Ղուշչիլար գյուղերի կրակակետերը: Այնուամենայնիվ, իրադրությունը շարունակում էր մնալ ծայրահեղ լարված: Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով տեղակայված հակառակորդի կրակակետերից հեռահար թնդանոթները մեծ ավերածություններ էին պատճառում և խլում էին հարյուրավոր մարդկային կյանքեր:  Փետրվարի 26-ին Աշոտ Ղուլյանը (Բեկոր) ազատագրեց Խոջալուն։ Հաջորդը լինելու էր Շուշին։ 
Շուշիի ազատագրման պլանը 1992 թ․ մարտ - ապրիլ ամիսներին խիստ գաղտնիության պայմաններում կազմվել էր ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի, Ֆելիքս Գզողլյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Գուրգեն Դալիբալթայանի և այլոց մասնակցությամբ: Այն կազմվել է հայկական հետախուզական խմբերի հաղորդած տվյալները հաշվի առելով։  Ըստ այդ տվյալների` Շուշիում և նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էր հակառակորդի մոտ 2500 զինվոր, իսկ մոտ 40 կմ երկարությամբ ճակատում հայկական կողմն ուներ ընդամենը 3000 կամավորական (մինչդեռ նման պարագայում հարձակվող կողմը առնվազն 3 անգամ պետք է ավելի լիներ): Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը, պատրաստվել էր նաև մարտական հրամանը․ հարձակումը կազմակերպվելու էր 4 ուղղություններով։ Գլխավոր ուղղությունների հրամանատարներ էին նշանակված հայորդիներ, փորձված հրամանատարներ Սեյրան Օհանյանը, Վիտալի Չիթչյանը, Արկադի Կարապետյանը, Աշոտ Ղուլյանը, Դուշմանը, Սամվել Բաբայանը, Յուրա Հովհաննիսյանը, Վալերի Բալայանը, Նվեր Չախոյանը և այլք։ Շուշիի ազատագրման մարտական գործողությունը կրում էր «Հարսանիքը լեռներում» ծածկանունը: «Հարսանիք լեռներում» անվանման պատճառն այն էր, որ այդ տարիներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը վստահ էր, որ նման գործողություն իրականացնելու համար վաղ է: Կոմանդոսը, ով Շուշիի ազատագրման գործողության հեղինակն է, մի առիթով ասել է. «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»…
Մայիսի 4-ին սկսվեց գործողությունը, որի ընթացքում թշնամին ուներ 2300, իսկ հայկական կողմը՝ 1700 զինյալ։ Արդեն մայիսի 8-ի գիշերը՝ 2 անց կես, չորս ուղղություններով սկսեց ընդհանուր գրոհը։ Հրետանային կրակի աջակցությամբ հարձակվելով բոլոր ուղղություններով` հայկական ստորաբաժանումները շփոթության մեջ գցեցին ադրբեջանցի զինվորներին, ովքեր չէին կռահում հարձակման գլխավոր ուղղությունը: Խուճապահար ադրբեջանցիների շարքերում սկսվել էր հուսահատություն ու բարոյալքում: Նրանք սկսեցին սարսափահար փախչել Շուշիից: Հայկական կողմը, խուսափելով ավելորդ զոհեր տալուց, բացել էր Շուշի-Լաչին ճանապարհը՝ չխոչընդոտելով ադրբեջանցիների փախուստին: Աշոտ Ղուլյանը, թեև վիրավորվել էր, բայց շարունակում էր մնալ առաջին գծում։ Առավոտյան ժամը 6 անց կես նա Կոմանդոսին հաղորդեց, որ նստած է Շուշիի բերդի պատին և քաղաք մտնելը ժամերի հարց է։ Երեկոյան ժամը 18-ին հայկական ուժերն ազատագրեցին քաղաքի կենտրոնը։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը փողոցային մարտերով մոտենում էին ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցուն, որը թշնամին վերածել էր պահեստի։ Մայիսի 9-ին ադրբեջանական հրոսակները դիմեցին փախուստի՝ տալով 300 զոհ, 600-700 վիրավոր, 13 գերի։ Մեր հերոս տղաներից զոհվեցին 70-ը, իսկ 120-ը վիրավորվեց։ 
Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ, բարոյական լուրջ հարված հասցրեց թշնամուն։ Լեռնային «հարսանիքի» հրավառությունն ապահովեցին հայ հրետանավորները: Ա․ Տեր-Թադևոսյանը մշտապես շեշտում էր, որ Շուշիի ազատագրումը հնարավոր եղավ միայն մեր մարտիկների ոգու արիության շնորհիվ։
Շուշիի հաղթանակը հայոց նորագույն պատմության փառավոր էջերից մեկն է։ Փաստորեն լեռներում քսանվեցուկես ժամ տևած հարսանիքը սկիզբն էր մեր ազատության… 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am