«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետսահմանի պահպանման նպատակով սահմանապահներով զինծառայողների փոխարինման պլաններն ուժի մեջ են. Նախարար

15/03/2023

Հայաստանի իշխանությունները զինծառայողներին սահամանապահներով փոխատեղելու եւ փոխարինելու երկարաժամկետ խնդիր են դրել՝ հանրապետության սահմաններն ապահովելու նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում,  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանի հետ սահմանը գրեթե լիովին պաշտպանում են պաշտպանության նախարարության զինծառայողները։

Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին 2021թ. վստահվել է պետական սահմանի միայն մեկ տեղամաս։ Այդ ժամանակվանից նրանց պատասխանատվության գոտին չի փոխվել։ «Ընդ որում՝ մշտապես խոսվել եւ խոսվում է զինծառայողներին սահմանապահներով աստիճանաբար փոխատեղելու եւ փոխարինելու մասին»,- ասել է Մանուկյանը։

Ի պատասխան՝ Պապիկյանը հայտարարել է, որ հարցի լուծումը ոչ վերջին հերթին կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից։ «Մենք պետք է շարունակենք զինծառայողներին սահմանապահներով լիակատար փոխատեղման եւ փոխարինման ուղին։ Չէ՞ որ նորմալ իրադրությունում սահմանը պահում են հենց սահմանապահները»,- ընդգծել է նախարարը։