ՇՀԿ-ն մտահոգված է Իրանի շուրջ լարվածությամբ և կոչ է անում խաղաղ կարգավորման
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները մտահոգությամբ են արձագանքել Իրանի շուրջ իրավիճակի սրմանը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը նշել է, որ Իրանը հանդիսանում է ՇՀԿ անդամ, և վերջին մեկ տարվա ընթացքում լարվածությունը աստիճանաբար աճել է՝ հատկապես սրվելով փետրվարի 28-ից։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարելի է դիտարկել որպես ագրեսիա կազմակերպության անդամ պետություններից մեկի նկատմամբ։ Նա նաև ընդգծել է, որ ՇՀԿ-ն արագ արձագանքել է՝ հրապարակելով համապատասխան քաղաքական հայտարարություն, որտեղ արտահայտվում է լուրջ մտահոգություն տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։
Երմեկբաևը նշել է, որ կազմակերպությունը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։ Հայտարարության մեջ վերահաստատվել են պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները, ինչպես նաև անընդունելի է համարվել ուժի կիրառումը միջազգային հարաբերություններում։ Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՇՀԿ-ն արդեն չորս հայտարարություն է ընդունել Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ և շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին՝ պատրաստ լինելով, անդամ երկրների համաձայնության դեպքում, հարթակ տրամադրել բանակցությունների համար։