«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացումը՝ «խելացի քաղաքներ»․ Տիգրան Սարգսյան

16/05/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Ամերիկագիտություն» ծրագրի դասախոս, հետազոտող Տիգրան Սարգսյանը։

- Քաղաքները մարդկային կենսագործունեության միջավայրերից մեկն են։ Այսօր մեր զրույցը նվիրված է լինելու քաղաքային տնտեսության առավել դինամիկ զարգացող ուղղություններից մեկին՝ «խելացի քաղաքներին»։ Մշտապես աճող ուրբանիզացիայի պարագայում քաղաքների առջև ծառանում են բազմաթիվ բնապահպանական մարտահրավերներ։ Հատուկ ուշադրություն է պետք դարձնել քաղաքային համայնքների կայուն բնապահպանական զարգացման վրա, մասնավորապես քաղաքներում նյութական և էներգետիկ հոսքերի արդյունավետությանը (քաղաքային մետաբոլիզմ), աղետներին դիմակայելու ունակությանը, «խելացի» գործիքների և թվային մեթոդների կիրառությանը, ներառուն և ինտեգրացված համայնքների կառուցմանը, տեղաշարժի միտված զարգացմանը, մարդու և էկոհամակարգերի առողջության վրա ազդեցության ընդունելի մակարդակի ապահովմանը։«Կայուն քաղաք» արտահայտությունը հաճախ համադրվում է «խելացի քաղաք» կամ «կանաչ քաղաք» արտահայտությունների հետ։ Պ-ն Սարգսյան, ի՞նչ ասել է «կայուն» կամ «խելացի քաղաք», ե՞րբ է սկսել տերմինը շրջանառվել և որքանով է փոխկապակցված կայուն զարգացման հայեցակարգի հետ։

- Անշուշտ, «կայուն քաղաք» եզրույթն ուղղակիորեն առնչվում է կայուն զարգացման հայեցակարգին: Դեռևս 1990-ականներից ուրբանիզացման գործընթացներում կայուն զարգացման հիմնարար սկզբունքների ներդրման արդյունքում առաջ եկավ քաղաքային միջավայրի կայուն զարգացումը՝ Sustainable Urban Develeopment: Ըստ էության, կայուն քաղաքը հանդիսանում է այդ գործընթացի վերջնարդյունքը, տեսլականը՝ քաղաք, որն առավելագույնս համապատասխանում է կայուն զարգացման հայեցակարգի դրույթներին: Իսկ «խելացի քաղաք»՝ Smart City հասկացությունն առավելապես առնչվում է նորագույն տեխնոլոգիական նվաճումներով քաղաքների հագեցածության աստիճանին, ինչն էապես բարձրացնում է քաղաքային միջավայրում կենսագործունեության հարմարավետության և անվտանգության աստիճանը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ արդի պայմաններում կայուն քաղաքն ու խելացի քաղաքը չեն կարող տարանջատվել՝ փոխլրացնում են միմյանց և հանդիսանում են 21-րդ դարում ուրբանիզացման գործընթացների կազմակերպման լավագույն ուղենիշերը: 
«Կայուն քաղաք» հայեցակարգի արմատները սկիզբ են առնում ՄԱԿ-ի՝ 1972թ. Ստոկհոլմում կայացած համաժողովում: 1992-ին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման Ռիո դե Ժանեյրոյի համաժողովում շրջանառության մեջ դրվեց 21-րդ դարի տեղական օրակարգ՝ «Local Agenda-21» հասկացությունը: Իսկ 1994-ին Դանիայի Օլբորգ քաղաքում ընդունվեց Օլբորգյան հրովարտակը («Եվրոպայի քաղաքները՝ կայուն զարգացման ճանապարհին»): 

- Որո՞նք են «Կայուն քաղաք»-ի թիրախները՝ ըստ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների։
- Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները 17-ն են՝ շուրջ 170 թիրախով: Սակայն դրանք կարող են խմբավորվել ըստ հետևյալ խոշոր ասպեկտների՝ սոցիալ-տնտեսական, բնապահպանական, հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական և ինստիտուցիոնալ: Նշվածները հավասարապես կիրառելի են նաև կայուն քաղաքների պարագայում: Մասնավորապես, կայուն քաղաքը պետք է բավարարի այնպիսի չափանիշների, ինչպիսիք են բարելավված կյանքի որակը, տնտեսական զարգացումը՝ զուգակցված եկամուտների արդարացի բաշխման ու աղքատության կրճատման հետ, բնակիչների սոցիալական ինտեգրվածությունը, շրջակա միջավայրի անխաթարությունը, մշակութային բազմազանության պահպանությունը, լիարժեք իրազեկվածության և կրթության ապահովումը, բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքում որոշումների կայացման և կառավարման գործընթացներին և այլն: 


- Կխնդրեի անդրադառնալ նաև խելացի քաղաքի կառուցման գործունեության/ քայլերի հաջորդականությանը ինչպես «վերևից ներքև», այնպես էլ «ներքևից վերև» ձևաչափերում։
- Ըստ էության, երկու մոտեցումներն էլ հավասարապես ընդունելի են, միմյանց փոխլրացնող և համատեղ կերպով կիրառելի: Սա ամբողջությամբ տեղավորվում է նաև լավ կառավարման՝ «Good governance»- ի տրամաբանության մեջ: «Վերևից ներքև» ձևաչափով իրականացվում է քաղաքային միջավայրի կայուն զարգացման ծրագրում, իրականացում, մշտադիտարկում և համակարգում՝ համապատասխան լիազոր կառույցների կողմից, թափանցիկության և պատշաճ հաշվետվողականության պայմաններում: Իսկ «ներքևից վերև» մոտեցումը ենթադրում է քաղաքացիների, կազմակերպությունների ու տարբեր այլ շահառուների նախաձեռնությունների գեներացում, խթանում և իրականացում, դրանց հետագա համակարգումն ու ներառումը համահամայնքային կայուն զարգացման ծրագրերում:

- Եթե խոսենք մայրաքաղաք Երևանի մասին,ապա ըստ Ձեզ, որքանո՞վ է Երևանը հավակնում «կայուն» կամ «խելացի» քաղաքի որակմանը։ Ի՞նչ անելիքներ կառանձնացնեիք այդ ուղղությամբ։
- Ինչ խոսք, զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման պարագայում Երևանը ևս կարող է հավակնել՝ դասվելու կայուն քաղաքների թվին: Անելիքներն, իհարկե բազմաթիվ ու բազմազան են: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի առանցքային հանգամանք, կամ, թերևս, մարտահրավեր: Առաջինը՝ այսպես կոչված, սոցիալիստական քաղաքաշինական ժառանգության առկայությունը՝ իր հիմնախնդիրներով (շուրջ 40-60 տարվա և ավելի հին բնակելի թաղամասերը, դրանց բարեկարգման, բնակության միջավայրի պայմանների ու ենթակառուցվածքների բարելավման հրատապ անհրաժեշտությամբ): Երկրորդը՝ հատկապես 2000-ականների սկզբից ծավալված բնակելի շինարարությունը, ինչի արդյունքում էապես ավելացավ կառուցապատման խտությունը Երևանի տարբեր հատվածներում (մասնավորապես, կենտրոնում) և հավելյալ ծանրաբեռնվածությունը քաղաքային միջավայրի վրա: Չմոռանանք նաև մայրաքաղաքում ավտոտրանսպորտային միջոցների թվաքանակի աճը՝ շրջակա միջավայրի վրա աննպաստ ներգործության ինտենսիվացմամբ: Երրորդը՝ պետք է իրատես լինել և փաստել, որ քաղաքների կայուն զարգացումն ամենևին էլ «էժան հաճույք» չէ և ենթադրում է հսկայական ֆինանսական ներդրումներ:
Այս ամենն, իհարկե, հավելյալ դժվարություններ են ստեղծում կայուն քաղաքի բաղձալի կարգավիճակին հասնելու ճանապարհին: Սակայն համոզված եմ, որ բավարար ցանկության, նպատակուղղվածության, գրագետ ծրագրման և հետևողական իրականացման արդյունքում նպատակին հասնելն իրատեսական է՝ թեկուզև փոքր քայլերով:
Կցանկանայի մեկ օրինակ բերել, որի շուրջ հետազոտություններ եմ իրականացրել Գերմանիայի Հյուսիսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում: Այսպես, նախկին ածխահանքերն ու չգործող արդյունաբերական ձեռնարկությունները, լանդշաֆտային պլանավորման ու վերապրոֆիլավորման արդյունքում ստանում են նոր շունչ և կիրառություն՝ որպես թանգարաններ, առևտրի, ժամանցի և բիզնես կենտրոններ և այլն: Կարծում եմ, որ Երևանում ևս կան դրա հնարավորությունները՝ մասնավորապես, քաղաքի հարավային արդյունաբերական հատվածներում:

- Կանաչ էներգետիկա, կանաչ շինարարություն, կանաչ տրանսպորտ․․․որքանո՞վ են այս ամենը ներդրված մեր մայրաքաղաքում։
- Ներդրման որոշ դրական օրինակներ, իհարկե կան: Մասնավորապես, ինքներս կարող ենք տեսնել արևային կայանների ավելացումը քաղաքի տարբեր հատվածներում: Կանաչ տրանսպորտի զարգացման առումով լուրջ առաջընթաց կհանդիսանա մետրոպոլիտենի նոր կայարանների շահագործումը: Կարծում եմ, որ տրոլեյբուսային երթուղիների ցանցի ընդլայնումն ու կատարելագործումը ևս դրական զգալի քայլ կարող է համարվել: Առհասարակ, էլեկտրական տրասնպորտն առավելագույն կերպով մոտ է կանաչ տրանսպորտի չափանիշներին: Զուգահեռաբար, չպետք է մոռանալ նաև «հեծանվային կուլտուրայի» խթանման ու տարածման մասին:
Հարկ է նշել նաև, որ Երևանի քաղաքապետարանի և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ մշակվել են մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը,  «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»: 
Ամփոփելով, անչափ կարևոր պետք է համարել Երևանի ինտեգրումը կայուն քաղաքների միջազգային ցանցերին ու միավորումներին՝ միջազգային առաջավոր փորձի ու նվաճումների տեղայնացման և հետագա համագործակցության զարգացման առումներով: 
    

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am