«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կա իրավական հնարավորություն Ադրբեջանից պահանջել գրաված տարածքներում մնացած արցախցիների անշարժ գույքի փոխհատուցում». փաստաբան

24/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, գործող փաստաբան Արման Զրվանդյանը

– Պարո՛ն Զրվանդյան օրեր առաջ հայտարարեցիք, որ նախաձեռնել եք Շուշիից և Հադրութից բռնի տեղահանված արցախցիների գույքային իրավունքների պաշտպանություն իրականացնել և այդ հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ներկայացրեք խնդրում եմ՝ ի՞նչ փուլում եք հիմա, արդյոք դիմո՞ւմ են արցախցիները, կա՞ պահանջ նման գործընթացի:

– Այդ հայտարարությունը տարածելիս նշել էինք հեռախոսահամար, և այն մինչև հիմա ուղղակի չի դադարում զանգել: Մենք ամեն վայրկյան զանգեր ենք ստանում: Նրանց տվյալները գրանցելիս նախնական հարցեր ենք տալիս՝ որտեղի՞ց են տեղահանվել, ի՞նչ են թողել: Զանգերը անդադար են, եթե այսպես շարունակվի, հազարավոր հայցվորներ կարող են լինել:

Այս գործում ես մենակ եմ, և այս ծավալների հետ աշխատելու լուծումներ եմ փնտրում հիմա: Կարծում եմ՝ դրանք կգտնեմ:

– Իսկ ի՞նչ հիմքերով եք դուք գնում ՄԻԵԴ, արդյոք դրանք շատ փաստարկվա՞ծ են, և արդյոք չունե՞ք մտավախություն, որ կարող եք հիասթափեցնել այդ հազարավոր արցախցիներին:

– Ես, կներեք, համաձայն չեմ ձեր ձևակերպումներին և բացատրեմ՝ ինչու: Նախ՝ եթե չդիմես դատարան, չես կարող առանց դիմելու գործ շահել: Ցանկացած գործ՝ լինի աշխատանքային վեճ, հարկային թե արցախցու գույքային պահանջ, եթե չդիմես, ինչպե՞ս կարող ես փոխհատուցում ստանալ:

Մյուս խնդիրը՝ դատարան դիմելիս առնվազն երկու ելք կա՝ կամ հաղթում ես, կամ պարտվում: Փաստաբանի էթիկայի կանոնագրքով հստակ նշվում է՝ փաստաբանը չի կարող ասել, որ հաստատ շահելու է գործը: Դա արգելված է, դրա համար կարելի է մարդուն արտոնագրից զրկել:

Մենք ասում ենք՝ իրավական հնարավորություն ենք տեսնում Ադրբեջանից պահանջելու իր գրաված տարածքներում մնացած անշարժ գույքի փոխհատուցում: Դրա համար իրավական հիմքեր ունենք: Եթե չտեսնեինք իրավական հնարավորություն, ապա ինչու էինք մեր էներգիան ու ժամանակը ծախսում այս գործի վրա: Ես կարող էի կոմերցիոն գործունեություն իրականացնել, բայց այդ քայլին չեմ գնում, և Արցախը ու ոչ մի արցախցի չեն վճարելու դրա համար:

Բայց այն, որ մենք տեսնում ենք իրավական հիմքեր, չի նշանակում, թե գործը շահելու ենք. մենք պնդում ենք, բայց դատարանը կարող է այլ կարծիքի լինել: Ուղղակի մենք թե՛ հանրությանը, թե՛ տուժած քաղաքացիներին մի բան կարող ենք խոստանալ՝ այն, ինչ մեզանից հասնում է, անելու ենք, կներկայացնենք լավագույն փաստարկներն ու ապացույցները՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բայց դատարանը ինչ կորոշի՝ չգիտենք:

Ինչ վերաբերում է իրավական հիմքերին. Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և հետևաբար վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, իսկ կոնվենցիան պարտավորություններ է դնում անդամ պետությունների վրա: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով պետություններին պարտավորեցվում է ապօրինի գույք չպահել իր մոտ, քաղաքացիներից գույք չվերցնել առանց փոխհատուցման: Ստացվում է, որ պատերազմական գործողությունների հետևանքով հադրութցիներն ու շուշեցիները բռնի տեղահանվել են, նրանց սեփական գույքը մնում է այդ տարածքներում, չեն կարողանում դրանից օգտվել: Ըստ էության, ֆորմալ առումով նրանք մինչև հիմա այդ գույքի սեփականատերն են, և Ադրբեջանը արդեն երկու տարի խոչընդոտներ է առաջացնում, որ այդ մարդիկ կարողանան օգտվել իրենց սեփականությունից:

Մենք այ դրա փոխհատուցումն ենք պահանջելու, ու դրա համար տարիներ են պահանջվելու, և այդ բոլոր տարիների համար փոխհատուցում ենք պահանջելու, ընդ որում՝ շուկայական գնով: Ես հիմա տասնյակ զանգերի եմ պատասխանում, խոսում եմ տեղահանված արցախցիների հետ, նրանք շատ վատ պայմաններում են ապրում: Ահավոր:

– Եթե ՄԻԵԴ-ում հաջողության հասաք փոխհատուցման գործով, որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կկատարի Եվրոպական դատարանի վճիռը՝ հաշվի առնելով այն, որ պատերազմի ընթացքում դատարանի միջանկյալ մի քանի միջոցներ անտեսվել են այդ երկրի կողմից:

– Եթե Եվրոպական դատարանը հօգուտ մեր քաղաքացիների վճիռ կայացրեց և Ադրբեջանի վրա դրեց փոխհատուցման պարտավորություն, ուշ թե շուտ կատարելու են: Փոխհատուցման համար տրվում է 3 ամիս ժամանակ, եթե չկատարվեց՝ այդ գումարն աճում է, տոկոսներ են ավելանում: Երկրի համար, որը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները, կունենա քաղաքական հետևանքներ. միջազգային զեկույցներում կնշվի այդ երկրի անունը բացասական երանգներով, ինչն էլ թուլացնում է այդ երկրի դիրքը միջազգային ասպարեզում: Այդ պատճառով պետությունները նախընտրում են դրամական փոխհատուցման պահանջները շատ արագ կատարել ու ազատվել այդ գլխացավանքից:

2008-ի Վրաստան-Ռուսաստան քառօրյա պատերազմից հետո ՄԻԵԴ-ի 2 վճիռ կա, որոնցից մեկի համաձայն՝ Ռուսաստանի վրա դրվել է որպես փոխհատուցում 10 մլն եվրոյի պարտավորություն, և պարտադրել է, որ այդ գումարը բաժանի 1500 դիմումատուների միջև: Այդ վճիռը ոչ գույքային վեճի վերաբերյալ էր: «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» մյուս գործով սեփականության իրավունքի խախտումը ճանաչվել է, բայց նյութական փոխհատուցման վերաբերյալ դեռ որոշում չկա: Հիմա ես անհամբեր սպասում եմ այդ որոշմանը, թե ինչպե՛ս է որոշվում փոխհատուցման չափը:

– Կարծում եք՝ դա կարող է նախադե՞պ լինել արցախցիների գործով:

– Այո՛, միանշանակ, դա նախադեպ կարող է լինել և ավելի շուտ կլինի, քան մեր գործերը: Տեսեք՝ ռուս-վրացական պատերազմը 2008-ին է եղել, և 13 տարի անց վճիռ է կայացվում: Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի միջպետական գանգատ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի» ու «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», բայց անհատական, քաղաքացիների գանգատներ չկան: Իսկ ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի 60 քաղաքացի անհատական գանգատ էր ներկայացրել Ռուսաստանի դեմ: Ա՛յ ես հենց այս որոշմանն եմ սպասում:

– Ինչպե՞ս ծնվեց այս նախաձեռնությունը, ինչո՞ւ որոշեցիք արցախցիների կողմից գույքային պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում:

– Ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 4 տարի աշխատել եմ, նստել վճիռներ, որոշումներ եմ գրել, և ինձ համար դատարանը հարազատ է, ծանոթ է, գիտեմ ընթացակարգերը, նախադեպային իրավունքը: Անկեղծ ասած, սպասում էի, որ պատերազմից հետո ինչ-որ նախաձեռնություն կլինի այդ հարցով, բայց տեսա, որ չկա: Հաշվի առնելով նաև վաղեմության ժամկետի գործոնը, որոշեցի շատ արագ սկսել այս նախաձեռնությունը:

– Իսկ որքա՞ն է վաղեմության ժամկետը, այսինքն՝ կատարվածից հետո քանի՞ տարվա ընթացքում է հնարավոր դիմել Եվրոպական դատարան:

 – Եվրոպական դատարանն ասում է՝ այն պահից, երբ դու տեղահանվել ես, երբ դու իմացել ես, որ քո գույքից զրկվել ես և էլ չես կարող օգտվել, ողջամիտ ժամկետը մոտավորապես երեք տարին է, որի ընթացքում դու պետք է դիմես Եվրոպական դատարան:

Նաև ուզում եմ արձագանքել մի քանի անձանց, որոնք մեր նախաձեռնությունից հետո հայտարարեցին, թե Արցախյան առաջին պատերազմից հետո տեղահանված մեծաթիվ ադրբեջանցիներ կսկսեն դիմել ՄԻԵԴ, հայցեր կներկայացնեն Հայաստանի դեմ, ու սկսեցին քննադատել, թե պատկերացնում ես՝ Հայաստանի բյուջեն ինչ կլինի:

Հիմա ուզում եմ նրանց ասել, որ կա նախադեպ, սահմանված է 3 տարի, իսկ այդպիսի գործեր եղել են, ադրբեջանցիները Հայաստանից և հայաստանցիներն էլ Ադրբեջանից պահանջներ ներկայացրել են: Հայաստանի դեմ ՄԻԵԴ դիմելու պատուհանը փակված է: Վերջ: Պատերազմից երկու տարի է անցել, դրա համար որոշեցի արագացնել:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am