«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաստորեն Պուտինը կատարեց ձիու իր հերթական քայլը. Աշոտ Ներսիյան

09/10/2024

Ավարտվեց ԱՊՀ անդամ երկների մոսկովյան հանդիպումը: Առաջին կարևոր հանգամանքը, որն ուզում ենք մատնանշել, այն է, որ Փաշինյանն, անկախ այս կամ այն հայտարարություններից, այդպես էլ պահում է տնտեսական և քաղաքական հարաբերությունները Կրեմլի հետ, որոնց խզումը կործանարար հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Հատկանշական է, որ չնայած ՀԱՊԿ հանդեպ բազմաթիվ բացասական հայտարարություններին, ՀՀ-ն դեռ մնում է նրա անդամ, դուրս չի գալիս ԱՊՀ-ից և իր ստորագրությունը հետ չի կանչում Նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որն Արևմուտքի բաղձանքի իրականացում կլիներ: Հայաստանի համար, որոշ առումով անկախ իրենից, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Արևմուտքը չեն կարող նրան վերջնականապես և կտրուկ «պրո» և «հակա» քայլեր պարտադրել, որովհետև մերձավորարևելյան և ուկրաինական պատերազմների հետնախորքի վրա նրանց ձեռնտու է Հարավային Կովկասում կրակ չբորբոքելը: Անկախ Ալիևի վերջերս ուժեղացած հոխորտանքներից, նա այլևս չի կարող պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որովհետև արդեն վստահ չէ, որ այս անգամ էլ շատ առաջ կգնա և չի պարտվի: Երկրորդ. միջազգային իրավիճակը նրա համար զսպաշապիկ է: Երեկ Մոսկվայում բավական հետաքրքիր փոխզիջումնային լուծումների գնացին Պուտինը և Փաշինյանը: Փաստորեն ռուսական զորքերը մնալու են հայ-իրանական և հայ թուրքական սահմաններին, բայց դրանց կմիանան ՀՀ ԱԱԾ ուժերը, իսկ հայ- իրանական սահմանի հսկիչ անցակետը կտնօրինի միայն ՀՀ ԱԱԾ-ն: Սա շատ կարևոր է այն առումով, որ կհանգստանա Իրանը, փաստորեն դուրս կմնա «Զանգեզուրի միջանցքի» արհեստածին ծրագիրը և ՀՀ-ով անցնող միջցամաքային ճանապարհները տնօրինելը իր իրավունքը միայն կլինի: Փաստորեն Պուտինը կատարեց ձիու իր հերթական քայլը, Փաշինյանին շանս տալով Արևմուտքի հետ խոսելու տեղ ունենալ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ի նոր առաքելությունը ծնում է հակառուսականության պատրանք: Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», ինչպիսին ուզում է ՀՀ-ն տեսնել Փաշինյանը, ապա դեռևս այն մնում է ծրագիր, որովհետև զանգեզուրյան բաղձանքի փակուղի մտնելու հանգամանքը կստիպի Ալիևին ընտրել իրանական ճանապարհը Նախիջևանի հետ, դժվար է պնդել, որ դրան կհամաձայնվի Վրաստանը, իսկ Օվերչուկն արդեն հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող լինել առանց Ռուսաստանի, քանի որ հայկական կողմը հետ չի կանչել իր ստորագրությունը եռակողմ հայտարարության տակից: Իրանը երբեք պատերազմ չի սկսի Իսրայելի դեմ և նրա հոկտեմբերի 1-ի «հուժկու» հարվածի արդյունքում հաջողվեց վնասազերծել նրա արձակած հրթիռների 90 տոկոսը: Նույնը չի անի Իսրայելը, որի դեպքում, համաձայն ոմանց, Ադրբեջանը մեր դեմ պատերազմ կսկսի: Հրեաները, ի տարբերություն շատերի, գիտեն գործել տեղին և նպատակասլաց: Փեզեշքիանն էլ երկու ձիու վրա է խաղում և բավական հաջող, փուռը տալով ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլլահին, որ փաստացի իր ռազմական ստորաբաժանումն է`արաբներից ձևավորված:

Արևմուտքը կարծես թե այլևս անկարող է դառնում Հարավային Կովկասում և Հայաստանը նրա սալի և ռուսական մուրճի միջև կարծես նախկին ցավը չի ապրում ճիպոտահարվելուց: Չփակվող վերք է մնում Արցախը:

Բայց, արդեն մեկ անգամ ևս հաստատվում է մեր այն տեսակետը, որ Փաշինյանը դեռ կմնա իշխանության: Ոչ սուգ ենք քարոզում, ոչ ոգևորություն:

Ոչ էլ անսխալականության մարմաջ ունենք: Պարզապես հեռու մնանք ցնորքներով ապրելուց: Իրականությունը չտեսնենք այնպես, ինչպես ուզում ենք, այլ ինչպես որ կա այսօրվա դրությամբ: Վաղը կարող է ուրիշ բան լինել:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ