«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինվորը այսօր տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել եք, զորանոցը կերել եք. Գևորգ Պապոյան

07/02/2023

Այսօր ԱԺ-ում քննարկվում  է  «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:  Գլխավոր դատախազը նշեց, որ  Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինն ու վատնման եղանակով հափշտակել դրանք։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ  ամբիոնից անդրադարձավ հարցին. «Պատկերացնում եք, թե օրինակ որոշակի վարձու լրագրողներ, վարձու քաղաքագետներ, վարձու գրչակներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին այսօր, եթե հանկարծ պարզվեր, որ ինչ-որ զորամաս է փակվում Հայաստանում կամ զորամաս է վաճառվում Հայաստանում: Այդ ոռնոցն օրինակ 2010-ականներին որևէ կերպ չի բարձրացվել, որովհետև այս ամենը միայնակ չի արվել և այդ նույն շրջանակները տարբեր դերակատարում և փայեր են ունեցել: Այդ նույն շրջանակները սոցիալական ցանցերում գցում են տնակի նկար և ասում են՝ ինչու է զինվորն այսօր տնակի մեջ կամ վրանի մեջ, տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել եք, որովհետև զորանոցը կերել եք: Եթե չծախեիք, եթե չուտեիք՝ այսպես չէր լինի»:

Պապոյանը նշեց, որ այստեղ իրեն միայն հարցի բարոյական կողմն է հետաքրքրում. «Ես մտածում էի, որ ենթադրաբար կարելի էր հողակտորը հետ տալ համայնքին, հետո համայնքից օրենքով գնել, բայց չէ՝ ինչու այդպես անեին, ուղղակի պետք է թքած ունենալ օրենքի վրա էլ, պետության վրա էլ, պետականության վրա էլ: Բաներ կան, որոնք կարելի է էլի անել, բայց այլ ձևով: Պետականության ոչնչացումն այսպես է լինում, երբ օրենքները չեն հարգվում: Սա փողի խոսակցություն չէ, այստեղ խոսքը բանակի մասին է, երբ ասում են մեր բանակը 20 տարի ամենամարտունակ բանակն է եղել՝ այդպե՞ս եք բանակը պահել, այդպես եղավ, որ այսպես եղավ: Այս ամենը եղել է այն տրամաբանությունից, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք և երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը: Այսիպիսի հարյուրավոր գործեր կան: Շատ կարևոր է, որ մենք սրա մասին խոսենք և  քաղաքական գնահատական տանք: Այս պետության մեջ որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն նման բաներ»: