«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԳԵՐԻ ՉԵՆ ՀԱՆՁՆՎԻ, ԵԹԵ ԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

08/12/2021

Վերջին երկու օրվա ՀՀ  ներքաղաքական լարված իրավիճակը հետևյալ  եզրակացությունների է տեղիք  տալիս․

1․ Պետական բարձր պաշտոնյան, տվյալ դեպքում ԱԺ նախագահը  պետք է շատ զգուշորեն արտահայտվի այն հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք վերաբերվում են արցախյան պատերազմում մեր պարտությանը, բազում զոհերին և գերիներին։ Սա այն պարզ պատճառով, որ պատերազմում մեր պարտությունը  չպետք է պայմանավորել միայն թշնամու ուժեղ լինելով  կամ մեր դեմ  կոալիցիոն ուժերի  հանդես գալով, այլ ՝ նաև մեր սխալներով։ Եթե, ինչպես վկայում են փաստերը, գեներալիտետը չի գտնվել պահանջված բարձրության վրա և նաև այդ պատճառով է պայմանավորված մեր պարտությունը և շատ զորահրամանատարներ լքելով իրենց զինվորներին, դիմել  են փախուստի, ապա սա դառնում է <<նրբացուցիչ դեպք հանցանաց>> նաև այն զինվորների համար, որոնք առանց կռվելու գերի են հանձնվել։ Ուրեմն պետք է պատժել  նման զորահրամանատարներին, որոնցից ոմանք սկսած պաշտպանության  նախարարից, թեպետ բանտում են, բայց հասարակության մեջ արմատացած չի այն հավատը, ուր նրանք կպատժվեն։ Իսկ խորհրդարանում դեռևս կռիվներ են գնում, թե ո՞վ է պարտվել պատերազմում՝  նոր ուժերը, թե հները։

2․ ԱԺ նախագահը հայտնի հարցազրույցը տալուց առաջ պետք է իր համար վերջնականապես պարզեցներ այն շրջապատի էությունը, որի առկայությամբ տվել է այն, հայտնելով  նաև, որ առանց կրակոցի գերի հանձնվածներն <<իր համար չկան>>։ Եթե իսկապես հանձնվողները կատարել  են արարք, որը հանգեցնում է քրեական պատասխանատվության, ապա՝ այդ մասին առհասարակ խոսելու անհրաժեշտություն չկար, մանավանդ, որ կա հարցի հոգեբանական կողմը և դեռևս  շրջանառությունից դուրս չեն եկել այն թեզերը, որ իբրև թե  մաս – մաս  ծախվում է մեր հայրենիքը։ Պետք է նախ, սպառել  այս թեզը լիովին, ապա նոր միայն նման հայտարարություններ անել։ Անշուշտ, եթե քեզ վստահված է սահմանը, ապա հարձակման դեպքում պետք է կրակես, բայց չկրակելու և գերի  հանձնվելու փաստը եթե ինքնին դատապարտելի է, ապա դրա պատճառների հիմնավոր վերլուծությունը կամ քննության ավարտը միայն պետք է լինի հիմքը այս կամ այն գնահատականի։ Բացի այդ՝  ինչպես կարելի է շարունակաբար մակերեսորեն նայել մեր միջազգային վարկի վրա։  Այս առումով  դերակատարություն է ունեցել նաև ընդդիմությունը, բազմիցս հայտարարելով, որ հողերը ծախված են։ Այս իրավիճակում կարելի է հասկանալ  գերի հանձնվածների հոգեվիճակը։

3․ Այն տպավորույթունը կա, որ պետական բարձրաստիճան որոշ  դեմքեր երբ հայտարարություններ են անում, մինչև այդ չեն մտածում դրանց ներքին կամ արտաքին հետևանքների մասին և հետո փորձում են սրբագրել  դրանք։ Սա նշանակում է, որ չկա հստակ այն ուղեգիծը, որով ընթանում է հայ  քաղաքական միտքը։ Խորհրդարանում  կռիվ է, որը նպատակաուղղված է ապացուցելու հակառակ կողմի ճիշտ կամ սխալ  լինելը։ Իսկ ինչպե՞ս կարող է արդյունավետ լինել  որևէ  քաղաքական դիրքորոշում, որը հիմնված է սեփական անսխալականությունն ապացուցելու  ցանկության վրա։ Եթե ներքին փոխզիջումը չկա, չկա ազգային անվտանգության այն հայեցակարգը, որը պետք է լինի թե՛ իշխանութունների և թե՛  ընդդիմադիրների հավատո հանգանակը, գերի էլ  կհանձնվեն, ծնկի էլ կգան։  Այսքան անհասկանալի խորհրդարան դժվար է պատկերացնել։