«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆինանսական կայունության ապահովումը Հայաստանում․ Մուշեղ Ազատյան

12/05/2022

Generalnews.am-ի հյուրն է <<Կամուրջ>> ՈւՎԿ ներքին հսկողության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Մուշեղ Ազատյանը։

- Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր համապատկերում կարևոր է ֆինանսական հատվածի վիճակի վերլուծությունը։ Ֆինանսական կայունությունը երկարատև տնտեսական աճի նախապայմաններից է: Այն ենթադրում է, որ ֆինանսական համակարգը ունի բավարար «իմունիտետ»՝ դիմագրավելու ներքին և արտաքին շոկերին, որոնք տնտեսական զարգացումների մշտական ուղեկիցներն են: Ֆինանսական կայունությունն իր հերթին կախված է այն հանգամանքից, թե չվճարումների ռիսկերը ինչպես են կառավարվում ֆինանսական ինստիտուտների կողմից: Այս ռիսկերից կարևորագույնը, թերևս, վարկայինն է: Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան և հետքովիդյան շոկից ՀՀ տնտեսությունը դեռ դուրս չի եկել։ Այս իմաստով հետաքրքիր է անդրադառնալ այն հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում կառավարվում վարկային ռիսկը։

- Նշեմ, որ վարկային ռիսկերը ՀՀ բանկերում և ՈւՎԿ-ներում կառավարվում են մի շարք մեխանիզմներով և գործիքներով, մասնավորապես` տվյալ ռիսկի զսպմանը միտված համապատասխան նորմատիվ իրավական ակտերի առկայությամբ, կոնկրետ վարկատեսակների հստակ պայմանների սահմանմամբ և պահպանմամբ, խելամիտ և պատասխանատու վարկավորման իրականացմամբ (վարկունակության և վարկարժանության ճիշտ գնահատմամբ)։ Պակաս կարևոր չէ նաև այդ ամենի անընդհատ վերահսկողության ապահովումը համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների միջոցով (անդերայթինգ, անվտանգության, ներքին հսկողության և  մոնիթորինգի և այլն) ։

- ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում  հաջողվել  է արդյո՞ք զսպել վարկային պորտֆելի կրճատումը։
- Թերևս այո, հաջողվել է, քանի որ այդ ծրագրերի արդյունքում երկարաձգվել են բազմաթիվ վարկերի մարումների ժամկետները, չեն հաշվարկվել և/կամ զիջվել են տույժեր ու տուգանքներ, ինչը հնավորություն է տվել վարկառուներին հիմնականում կանոնավոր սպասարկել իրենց վարկերը, չիրականացնել վաղաժամկետ մարումներ, ինչպես նաև ստանալ նոր վարկեր։

- Կխնդրեի անդրադառնալ նաև վարկային ռիսկերի Բազելյան համաձայնագրի դրույթներին, որքանո՞վ են դրանք կիրառելի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների համար։
- Ռիսկերի կառավարման Բազելյան համաձայնագրի դրույթները միջազգային լավագույն և օրինակելի փորձի վրա հիմնված գործիքների և մեթոդաբանության ամբողջական համակարգ է, որը լիովին կիրառելի է ՀՀ բանկային համակարգի համար և համապատասխան  մեթոդական ուղեցույցների տեսքով վաղուց տեղայնացված ու ներդրված է ՀՀ բանկերում և ՈւՎԿ-ներում։         


- Չմոռանալով 2020 թ․ պատերազմով և քովիդով պայմանավորված դժվարությունները՝ շեշտենք, որ ՀՀ բանկային համակարգում իրականացվեց վարկերի վերակառուցում։ Այդ դեպքում կխնդրեի խոսեիք այն գործիքների և մեխանիզմների մասին, որոնք կիրառեց ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունն ապահովելու համար։
- Համավարակով և պատերազմով պայմանավորված վարկերի վերանայումներում կիրառված գործիքներն ընդհանուր առմամբ ստանդարտ են և նախկինում այլ՝ լոկալ (բացասական ազդեցություն ստեղծող) իրավիճակներում ևս լայնորեն կիրառվել են ՀՀ բանկերի և ՈւՎԿ-ների կողից. այն է` վարկերի մարման գրաֆիկների վերակառուցում և երկարաձգում, մայր գումարների վճարման հետաձգում, տույժերի և տուգանքների չհաշվարկում և/կամ զիջում, այլ վարկերի տրամադրում (վարկային բեռի կենտրոնացում) և այլն… 2021 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և համավարակի նոր ալիքների տարածմամբ պայմանավորված պահպանվող անորոշությունների պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է ապահովել ֆինանսական միջնորդության գործառույթի անընդհատությունը։ Տարվա ընթացքում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված նոր վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է։ Ֆինանսական համակարգի կողմից վարկավորման պայմանների զգալի խստացումներ տարվա ընթացքում չեն արձանագրվել։ Տնտեսական ակտիվության վերականգնմանը և վարկային ռիսկի նվազմանը զուգընթաց գրանցվել է վարկային պորտֆելի որակի բարելավում։ Բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում բարելավվել են։ 

- Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մի ստվար զանգված մշտապես օգտվում է վարկերից, այս առումով կարող ե՞նք խոսել սպառողական, հիպոթեքային և բիզնես վարկերի ծավալների դինամիկայի մասին, ի՞նչ պատկեր է եղել 2021 թ․։
- 2021 թվականն ընդհանուր առմամբ եղել է ակտիվ վարկավորման տարի ՀՀ բանկային համակարգի համար, մասնավորապես` եկամտահարկի վերադարձի տեսքով տոկոսագումարների փոխհատուցման համակարգի և այլ գրավիչ պայմանների (սուբսիդավորվող տոկոսներ, կանխավճարի նվազում, շինարարության ծավալների աճ…) առկայությամբ պայմանավորված, մեծ քանակությամբ հիպոթեքային վարկեր են տրամադրվել: Ինչ վերաբերվում է սպառողական վարկատեսակներին, ապա դրանք ավանդաբար մեծ ծավալ են կազմում ընդհանուր վարկային պորտֆելում։ Առանձին վարկատեսակների էական աճ, ինչպես նշեցի, արձանագրվել է միայն հիպոթեքային և շինարարության վարկերի գծով, ինչն էապես պայմանավորված է վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությամբ: Ընդ որում, ծրագրի աստիճանական դադարեցման նախագծի շրջանառումից հետո էլ ավելի է մեծացել հիպոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը: 2021 թ. հիպոթեքային վարկերի աճը կազմել է 36.1 %: Վարկային ռիսկը բնութագրող ցուցանիշները ընդհանուր համակարգի մակարդակով ունեն բարելավման միտում, մասնավորապես՝ գրանցվել է չաշխատող վարկերի տեսակարար կշռի նվազում բոլոր հիմնական վարկատեսակներով: Հարկ եմ համարում նշել, որ պետական և միջազգային տարբեր ծրագրերի համաֆինանսավորմամբ (ԳՖԿ, KFW) գրավիչ պայմաններով մեծ ծավալի գյուղատնտեսական և ձեռնարկատիրական վարկեր նույնպես տեղաբաշխվել են 2021 թ. ընթացքում, ինչը ևս վկայում է, որ տարին ՀՀ բանկային համակարգի համար եղել է բավական դինամիկ։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am