«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բացառիկ հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ․ Երբեւիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու.

14/04/2021

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ բացառիկ հարցազրույց է տվել «Իրավունքին»` անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, պաշտպանությանը վերաբերող հարցերին, ինչպես նաեւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ» 

– Պարոն Բալասանյան, ինչպիսի՞ն է այսօր Արցախի արտաքին հարաբերությունների օրակարգը եւ որո՞նք են առաջնահերթությունները:

– Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, ապա, որպես այդպիսին, այս պահի դրությամբ այն չկա: 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր հրադադարի հայտարարության տեքստից հետո` Արցախի հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են ծառայություն իրականացնում: Որպես քաղաքական սուբյեկտ կամ քաղաքականություն վարող այս պահի դրությամբ չկա: Ինչպես տեսնում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ժամանակավոր դադար է առել: Հիմա կսպասենք, երբ Մինսկի խումբն արդեն իսկ կսկսի գործունեություն ծավալել: Մենք միշտ պատրաստակամ եւ կողմնակից ենք եղել բանակցությունների, որովհետեւ ցանկացած վատ բանակցություն ավելի լավն է, քան ամենափոքր բախումները: Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետեւանք էր: Իսկ Ադրբեջանի հանրապետությունը Թուրքիայի հետ համատեղ օգտագործեց այն: Վերջին օրերին տեսնում ենք Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ այն, ինչ պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում, հրաժարվում են: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ասում է` մենք հաղթել ենք, որեւէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, Արցախն Ադրբեջան է եւ վերջ: Բայց մենք տեսանք, որ ընդհուպ ռազմական ճանապարհով Ադրբեջանը եւ Թուրքիան չկարողացան Արցախի հարցը լուծել: Ավելի քան վստահ ենք բոլորս, որ երբեւիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարով չի լուծվել եւ չի լուծվելու:

– Ալիեւն ասում է, որ Արցախի հարց առհասարակ այլեւս գոյութուն չունի: Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորման հեռանկարները:

– Ալիեւի հայտարարությունն այդքան էլ լուրջ չենք ընդունում, որովհետեւ այն, ինչի մասին խոսում է իբրեւ «հաղթող» երկրի ղեկավարությունը` իր եղբայր Թուրքիայի հետ միասին, իրականությունից շատ հեռու են: 

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ» 

– Ռուս խաղապահները Արցախում տեղակայված են 5 տարի ժամկետով: Եթե 5 տարի հետո Ադրբեջանն ասի` վերջ պետք է գնաք, սրանք մեր գրաված տարածքներն են, խաղաղապահներն էլ դուրս գան, ինչպե՞ս ենք պաշտպանվելու:

– Նախ ասեմ, որ խոսակցությունները, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր, իրականությունից շատ հեռու են: Արցախի զինված ուժերը, պաշտպանության բանակն, իհարկե, կորուստներ ունեցել են` ե՛ւ մարդկային ռեսուրսների եւ նյութատեխնիկական բազայի: Հիմա համալրվում է մեր զինված ուժերը, մենք վերանորոգել եւ վերականգնել ենք մեր ամբողջ զինտեխնիկան, զրահատեխնիկան եւ այլն: Զինված ուժերը համալրվում են պայմանագրային պահեստազորայիններով, որեւէ խնդիր չունենք: 1988-91 թթ.-երին էլ, եթե հիշում եք, Խորհրդային զորքերը գտնվում էին Արցախի հանրապետության տարածքում` պայմանական կարող ենք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շփման գծում: 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խորհրդային միության զորքերը լքեցին այս տարածքը եւ կարճ ժամանակում ԼՂ հանրապետության ժողովուրդը կարողացավ կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Եվ 1991-94 թթ.-երին, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ մարտական գործողություններ իրականացնել ԼՂՀ տարածքում ապրող ազգությամբ հայերի նկատմամբ, մենք կարողացանք համարժեք հակահարված տալ: Արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ` 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարով` մեր 4400 քառ.կմ տարածքից զատ` ընդնանուր սահմանները կազմում էր մոտ` 12 հազար քառ.կմ: Մինումում, եթե 120 տարի հետ դառնանք եւ պատմական էքսկուրս անենք, ապա չպետք է մոռանանք, որ 1920 թվականին ավելի ծայրահեղ ծանր վիճակում է եղել Լեռնային Ղարաբաղը: Այդ ժամանակ բնակչության թիվը եղել է մոտավորապես 120-130 հազար հայ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ ժամանակ էլ համատեղ` անգլիացիների միջնորդությամբ, տարբեր մարտական գործողություններ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բայց մենք այդ ժամանակ եւս պատվով դուրս եկանք: Վստահ եմ, որ հայությունը կանգնած է Արցախում ապրող հայության կողքին, եւ մենք որեւէ խնդիր չենք ունենալու ինքնակազմակերպվելու եւ ինքնապաշտպանվելու: Այնպես որ, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական իշխանության ղեկավարները, ովքեր մտածում են, որ կարող են ամեն ինչ անել, որ այս տարածքում հայ չմնա, իրենց միայն թվում է:

– Պարոն գեներալ, պատերազմից հետո շատ ռազմական, քաղաքաան գործիչներ տեսակետներ հայտնեցին, որ հնարավոր էր պատերազմը հաղթել կամ գոնե ավելի հայանպաստ փաստաթուղթ ստորագրել: Ըստ Ձեզ, հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմն այսպիսի ելքով չավարտվեր:

– Միանշանակ` այո, բայց հիմա դրա մասին չխոսենք, փակագծերը չբացենք: Մենք` ես եւ իմ նմանները, դասեր ենք քաղել, վերլուծություններ ենք արել, թե որոնք էին այն բացերը, որ ունեինք 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ եւ հիմա, որն ավելի մեծ մասշտաբով էր: Մենք հիմա արագ աշխատում ենք շտկել մեր սխալները:

«ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»

– Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին: Հնարավոր բոլոր մակարդակներով Հայաստանում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

– Սա Հայաստանի հանրապետության ներքաղաքական խնդիրն է: 

– Ամեն դեպքում, այդ տրամադրություններն ինչպե՞ս են ազդում արցախյան գործընթացների վրա:

– Միանշանակ շատ վատ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ, համերաշխ, համախմբված եւ ռազմական, քաղաքական ու տնտեսական առումով զարգացած Հայաստան:

– Ի՞նչ կցանկանայիք ասել` որպես վերջաբան:

– Փառք բոլոր նահատակներին` նրանց, ովքեր մարտնչել են Հայրենիքի համար: Ավելի քան վստահ եմ, որ նրանք, ովքեր Հայրենիքը սիրում են համալրելու են մեր պաշտպանության շարքերն ու միանշանակ դուրս ենք գալու այս իրավիճակից: