«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը, Մակրոնը եւ Մերկելը Արցախի մասին. Հայաստանը դեռ հնարավորություն ունի

05/08/2021

Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներում ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Մերկելը հիշատակում են Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավորման խնդիրը: Բայդենի ուղերձում նշվում է, որ «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: Մերկելի ուղերձում նշվում է, որ «Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Հայաստանի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցում նշվում է, որ «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»: Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը»:

Խոսքը նախեւառաջ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի մասին է, որը պաշտոնապես դեմ է Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորմանը եւ համարում է, որ եռակողմ պայմանավորվածությունները խնդրի լուծում են: Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է վերաբերել բոլոր երեք համանախագահներին, որոնք համաձայնության չեն գալիս ինչ-ինչ հարցերի շուրջ, թեեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները գոնե հրապարակայնորեն նույնական են:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է այդպիսով փորձում է իր համար «ալիբի» ստեղծել, նկատի առնելով, որ ԱՄՆ Պետդեպը ակնարկել է, որ հայկական կողմն այդքան էլ վճռական չէ խնդիրը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելուն: Հայկական կողմի հասցեին նման, ավելի մեղմ ակնարկներ կան Ֆրանսիայի հայտարարություններում:

Այս հանգամանքը նկատելի է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությունում, որն իր շեշտադրումներով ու բովանդակությամբ էականորեն տարբերվում է ապրիլի 13-ի հայտարարությունից:

Ռուսաստանը մի ոտքով մնում է Մինսկի խմբում, փորձելով եռանախագահությանը հակել ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթի օրինականացմանը խմբի շրջանակում: Դա ինչ որ չափով կարծես թե հաջողվում է հայկական կողմի անվճռականության ու եռակողմ հայտարարություններին անվերապահ հավատարմության մասին հայտարարությունների ֆոնին: Կրեմլի քվոտայով կազմավորված նոր խորհրդարանը նույնպես ամբողջությամբ իր հավատարմությունն է հայտնել ռուս-թուրքական համաձայնություններին ու Ռուսաստանի գերակա դերին: Իսկ դա նշանակում է համաձայնություն Արցախի հարցի փակման ու Հայաստանի մասնատման ծրագրերին:

Այնուամենայնիվ, ՄԽ վերջին հայտարարությունը, ինչպես նաեւ Արեւմեւտքի առաջատար երկրների ղեկավարների հայտարարությունները դեռ բաց են պահում Հայաստանի հնարավորությունների դուռը: Խորհրդարանում ծավալված զազրելի գզվռտոցը եւ Հայաստանում Ռուսաստանի «նոր եղբայրական ջանքերը» առավել հավանական են դարձնում, որ այդ դուռը փակվելու է վերջնականապես: