«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ–ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի. Տիգրան Աբրահամյան

21/03/2023

Ադրբեջանի վրա ազդելու միջազգային ճնշումները չեն կարողացել ապահովել այնպիսի էֆեկտիվություն, որի պայմաններում Ադրբեջանը կընկրկեր եւ միջանցքը կբացվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման 100–րդ օրվա ունեցած արդյունքներին։ 

«Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները իրավիճակին համարժեք չեն գործել, նրանց աշխատանքը միջազգային ատյաններում նպատակին չի ծառայել, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությունը հստակ սահմանում է այդ միջանցքի չփակվելու հանգամանքը, այնուամենայնիվ Հայաստանը կողմ լինելով այդ հայտարարությանը՝ չի կարողացել հասնել ճանապարհի բացմանը։

Հասկանալի է, որ միջանցքի հարցը քննարկվում է Հայաստան–Ադրբեջան, ու նաեւ Արցախի  հարցով ընթացող գործընթացի համատեքստում։ Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը խնդրահարույց է, այն ստացել է կապիտուլյացիա անվանումը, դրա մեջ ամրագրված դրույթները, որոնք սպասարկում են Ադրբեջանի շահերը, Հայաստանն արագ կյանքի է կոչել՝ սկսած Ադրբեջանին հանձնված երկու դիվերսանտներից, վերջացրած այն փաստով, որ Հայաստանը այս հայտարարությամբ նախատեսված՝ Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի, Շահումյանի շրջանները ու նաեւ Ակնան։ Հայաստանն իր մասով պարտավորություն իրականցրեց որտեղ կար մեկ –երկու դրույթներ, որոնք որոշակիորեն սպասարկում էին հայկական շահը, Հայաստանը Արցախին կապող անվտանգ միջանցքի ապահովումը,  գերիների վերադարձը  փաստացի կյանքի չկոչվեցին։

Ավելին՝ Ադրբեջանը այս երկուսուկես տարվա ընթացքում մեծացրել է Հայաստանի առաջ դրվող պահանջները, Հայաստանը դրանք իրականցրել է, ըստ էության՝ Հայաստանը նաեւ ընդունել է Ադրբեջանի նախապայմանները բանակցային գործընթացի մասով, եւ ստեղծվել է իրավիճակ, երբ բանակցային գործընթացը հասել է փակուղի, որի պայմաններում նույնիսկ Փաշինյանը խոսում է էսկալացիայի մեծ հավանականության մասին։ Էսկալացիայի մեծ հավանականությունը պայմանավորված է նրանով, որ հիմքում դրված են բանակցային գործընթացում առկա իրավիճակը, առ այն, որ Ադրբեջանը նույնիսկ ավելին է պահանջում, քան Պրահայով արձանագրվել էր։ Սա ենթադրում է ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական ամբողջական վերահսկողություն, այլեւ ենթադրում է Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական տարածքների հավակնություններ, որը փորձ է արվում լեգիտիմացնել եւ փաստաթղթավորվել»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում լինելու պարագայում Ադրբեջանը սպառնում է դիմել մարտական գործողությունների։

Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ Արցախի հետ շփման գծում շարժեր կան, ինչը դժվար է ասել, թե ենթադրում է մարտական գործողությունների վերսկսում, բայց այն ըստ պատգամավորի՝  կարող է ինչ–որ փուլում վերածվել պլացդարմի՝ Արցախի կամ Հայաստանի դեմ գործողությունների՝ դա միանշանակ է։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանը փորձում է արագ հասնել Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության։

«Պրահայի  պայմանավորվածությունները ենթարդրում էին Արցախի նկատմամբ վերահսկողություն, բայց դրանք շատ ավելի երկար ժամանակահատվածով էին նախատեսված։ Ադրբեջանը շտապում է եւ փորձում է իր ունեցած հնարավորությունները արագ կապիտալացնել, դրանով է պայմանավորված ադրբեջանական պահանջների մեծացումը, հստակ դրվել է Արցախի ինտեգրացման հարցը՝ Ադրբեջանի կազմում։