«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԲԵՐԴԱՔԱՂԱՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

18/04/2021

  1. ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Արշկավանը, Հայոց մեծ արքա Արշակ 2 – ի (350-368) բերդաքաղաքը կառուցվեց բավական բարդ և հակասական արտաքին և ներքին քաղաքական զարգացումների պայմաններում: Ավատատիրական հարաբերությունների զարգացմամբ պայմանավորված, Մեծ Հայքի թագավորության ներսում ուժեղացել էին կենտրոնախույս ձգտումները: Ինչպես այսօր, այնպես էլ այն օրերին դարձյալ քաղաքական «թիկունք» էր որոնվում դրսում, ոմանք հռոմեական, ոմանք պարսկական կողմնորոշում ունեին: Խոսրով Կոդակից (330-338) սկսած Արշակունի արքաները պայքար էին մղում հանուն կենտրոնաձիգ պետության պահպանման, բայց այդ պայքարը մասնակիորրեն էր հաջողություն բերում, որովհետև արտաքին հաղթանակների արդյունավետությունը շատ զգալի չէր լինում, քանի որ ներքին ուժերն անմիաբան էին: Նրանք հնարավորություն չէին տալիս արքաներին վարելու խուսանավելու քաղաքականություն Հռումի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը հաջողվում էր Արշակի պարագայում, բայց այդ հաջողությունները ժամանակավոր բնույթ էին կրում, քանի որ ավատատիրական հարաբերությունների զարգացմամբ պայմանավորված ուժեղանում էին տարանջատ ձգտումները, հզոր նախարարական տները և այդ թվում նույնպես խոշոր ավատատեր դարձած եկեղեցին չէին ցանկանում հնազանդվել Արշակին: Բացի այդ, նրանք հաճախ արքայի թիկունքում համագործակցում էին թշնամու հետ, ավելին՝ միանում էին նրան՝ ելնելով նեղ, անձնական պատճառներից: Իր քաղաքական դիրքերն ամրապնդելու և նաև երկիրը տարանցիկ դարձնելու ցանկությամբ պայմանավորված՝ Արշակը հղանում է Մասիս լեռան հարավային լանջի վրա, Կոգհովիտ գավառում (Բայազետ) բերդաքաղաք կառուցելու գաղափարը, մի վայրում, ուր հատվում էին հյուսիսից դեպի Միջագետք և Մեծ Հայքից դեպի Սև ծով տանող առևտրական ուղիները: Հանճարեղ արքան, պետական գանձարանն այսպիսով հարստացնելով, նաև նախատեսել էր այդ քաղաքի կառուցմամբ թուլացնել կենտրոնախույս ուժերին, քանի որ բաց է թողնում մի հրովարտակ, որով, ինչպես գրում են Խորենացին և Փավստոսը, Արշակավանում բնակվողները ազատվում էին հարկերից, իսկ ովքեր հանցանք էին գործել՝ ներվում էին և ազատվում պատժի կրելուց: Հասկանալի է, որ հարկ հիմնականում տալիս էին գյուղացիները, որոնք տնտեսապես կախյալ էին և մեծ սիրով կարձագանքեին այս հրամանին: Բայց Արշակի նպատակն այնքան պարզունակ չէր, ինպես ներկայացնում են պատմիչները և շատ պատմաբաններ: Նա դրանով,ինչպես նշեցինք, թուլացնում էր նախարարներին՝ զրկելով նրանց տնտեսական հզորությունից, ինպես նաև քաղաքական, քանի որ նախարարական զորքերը սնող երակը կտրվում էր: Բնականաբար, թուլանում էր նաև եկեղեցին, որը Ներսես Մեծի կառավարման շրջանում դարձել էր տնտեսապես հզոր և նաև քաղաքական հավակնություններ ունեցող կառույց: Եվ պատահական չէ, որ կարճատև մի ժամանակահատվածում Արշակավանը լցվում է հազարավոր գյուղացիներով՝ արագորեն վերածվելով մեծ քաղաքի: Արշակի այս արարքը քննադատում են թե՛ Ներսես Մեծը և թե՛ շատ նախարարներ: Եվ ահա, երբ Արշակը գտնվում էր Վրաստանում (358 կամ 359թթ.), դժգոհ նախարարները Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ, օգտվելով դրանից, իրենց զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, այն հիմնովին կործանում և կոտորում գրեթե ողջ բնակչությանը՝ չխնայելով որ կանանց, ոչ ծերերին և ոչ էլ երեխաներին: Խնայում են միայն ծծկեր երեխաներին, որոնց, ինչպես վկայում է Խորենացին, քաղաքի կործանումից հետո Ներսես Մեծը կողովների մեջ դնելով (որթ) հավաքել է տալիս և ավերված քաղաքից ոչ հեռու մի վայրում պատսպարում՝  հրամայելով սնուցել: Այդ վայրը մեծանալով հետագայում կոչվում է Որթք: Նույն Խորենացին, սակայն, վկայում է, որ Ներսես Մեծը երկար ժամանակ այս երեխաներին նայում էր որպես «թշնամիների երեխաների»: Սա պատահական չէր, որովհետև այնտեղ չէին կարող չլինել իր կալվածքներից փախած անձանց երեխաներ, որը մեկ այլ եզրակացության տեղիք է տալիս, այն է՝ նա առնվազն տեղյակ է եղել դավադրությանը: Արշակավանի աղետին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Փավստոսի վկայությամբ, այնտեղ կոտորվել է  քսան հազ երդ, այսինք՝ տուն, մարդ: Եթե ընտանիքի միջինը հաշվենք  ամենաքիչը 5 հոգի,  որն այն ժամանակների համար քիչ էր, ապա՝ պարզ կլինի, թե ի՞նչ ահավոր աղետի է ենթարկվել հայ ժողովուրդը և ինչպես է թուլացել մեր պետականությունը այս մեծ դավադրության արդյունքում: Այս ամենով պետք է պայմանավորել այն հանգամանքը, որ հայ  հոգևորական պատմիչները Արշակավանի աղետը կապել են համաճարակի, որոշ պատմաբաններ՝ երկրաշարժի հետ, որը քննության չի դիմանում:

Ճշմարիտ է, Արշակը վրեժխնդիր է լինում Ներսեհ Կամսարականից՝ որձակոտոր անելով նրա ցեղը, խլելով նրա կալվածքները և Արտագերս ամրոցը: Բայց դա փոքր հատուցում էր այն ամենի համար, ինչը ներքին դավաճանական ուժը կատարեց իր արքայի և պետության հանդեպ: Հանուն տնտեսական շահերի կործանվեց Արշակավանը, որն արդեն նախանշանն էր պետության կործանման: Ներքին դավադրությունը շարունակվեց նաև Պապի և Վարազդատի օրոք, որոնք Արշակունյաց ժամանակին հզոր հարստության պահպանման վերջին մոհիկաններն էին: Տնտեսական շահը հանգեցրեց Մեծ Հայքի թուլացմանն ու կորստին: Ահա այս ահավոր դավաճանության պատմական դասը, որն այսօր շատ մտածելու առիթ պետք է լինի: