«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում դեմարկացիան և դելիմիտացիան սկսել զրոյական կետից. Բենիամին Պողոսյան

22/11/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, սահմանագծման ու սահմանազատման գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին ռուսական կողմի առաջարկները հայկական կողմն ընդունելի է համարել: Համենայնդեպս, այդ մասին հայտարարել է վարչապետը: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հայտարարեցին, թե սահմանազատումն ու սահմանագծումը պետք է սկսվեն զրոյական կետից: Ի՞նչ է դա նշանակում:

– Ճիշտն ասած՝ ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչ է նշանակում զրոյական կետ, որովհետև դելիմիտացիան ու դեմարկացիան հստակ գործընթաց են: Կան միջազգային չափորոշիչներ, կա ԵԱՀԿ-ի հրապարակած ծավալուն փաստաթուղթ, թե ինչպես պետք է պետությունների միջև դելիմիտացիա և դեմարկացիա անցկացվեն: 

Հիմա մեզ հայտնի չէ՝ ինչ չափանիշների հիման վրա են անցկացնելու այդ գործընթացը, բայց հստակ է այն, որ այդ գործընթացը պետք է հիմնված լինի որոշակի չափանիշների վրա: Իսկ զրոյական կետ ասելը ես պատկերացնում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա չեն անցկացվել, և նոր պետք է սկսվի այդ գործընթացը: 

– Ավելին, խմբակցությունում չգիտեն՝ ի՛նչ քարտեզների, ի՛նչ փաստաթղթերի հիման վրա է լինելու գործընթացը:

– Երեկվանից նույն իշխանական շրջանակներից հայտարարվում է, թե պրոցեսը կոնֆիդենցիալ է, ամեն ինչ արվելու է փակ: Ա՛յ դա է մտահոգիչ, որովհետև վերջին հաշվով բոլորս էլ սպասում էինք, և ակնհայտ էր, որ կա պայմանավորվածություն նոյեմբերի 8-12-ը Մոսկվայում անցկացնել եռակողմ հանդիպում և դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել:

Պարզ է, որ եթե նախագահների մասնակցությամբ օնլայն ձևաչափով հանդիպումը լիներ, փաստաթուղթը գաղտնի չէր լինի: Կարող է փակ հատվածներ ունենար, բայց ինչ-որ բան պետք է հրապարակվեր: 

Այդ հանդիպումը չկայացավ, ամենայն հավանականությամբ՝ հայկական կողմի խնդրանքով կամ հետաձգվեց, կամ չեղարկվեց: 

Հետո մենք տեսանք կտրուկ զարգացումներ՝ մաքսակետեր Գորիս-Կապան ճանապարհին, նոյեմբերի 14-ին առանց որևէ դիմադրության դիրքերի հանձնում Ադրբեջանին, նոյեմբերի 15-ին մաքսակետի տեղադրում Կապան-Ճակատեն հատվածում, իսկ նոյեմբերի 16-ին զինված բախում:

Այդքանից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ռուսական կողմի առաջարկները մեզ համար ընդունելի են: Մենք այս ամենից կարող ենք եզրակացնել, որ ռուսական կողմի առաջարկները դժվար թե տարբերվեն այն փաստաթղթից կամ նախագծի տեքստից, որը նախատեսվում էր ստորագրել Մոսկվայում, օնլայն հանդիպման ժամանակ: 

Արդյունքում ստացվում է, որ երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մենք ունենում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկ: Բայց այս պարագայում, փաստորեն, գաղտնի են պահվում պայմանները՝ ինչպես է անցկացվելու գործընթացը:

– Նաև հայտնի է, որ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ի դեպ, պրոռուսական գործիչներն ասում են՝ Ռուսաստանի թիկունքում այս հանդիպումը լավ չի կարող լինել Հայաստանի համար: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Չեմ կարծում, թե դա հանդիպում է Ռուսաստանի թիկունքում, և, ընդհանրապես, չեմ կարծում, որ ԵՄ-ն ինչ-որ գործողություններ է նախապատրաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այնպես չէ, որ ԵՄ-ն ինչ-որ փաստաթուղթ է կազմել, մշակել, որ Ալիևն ու Փաշինյանը հեսա գնալու են ու ստորագրեն՝ այդպիսով ստորադասելով Ռուսաստանի միջնորդությամբ կազմած փաստաթղթերը:

Իմիջային տեսանկյունից Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ այս հանդիպումը Ռուսաստանի համար կարող է որոշակի հետքայլ համարվել, որովհետև ամեն դեպքում պետք է լիներ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ, և այդ հանդիպումը չկայացավ: Փոխարենը լինելու է հանդիպում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ:

Ստացվում է՝ ՌԴ նախագահը չկարողացավ մեկ սեղանի շուրջը նստեցնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, կամ նրանք չհամաձայնեցին, բայց համաձայնել են հանդիպել Շառլ Միշելի նախաձեռնությամբ: Արտաքինից տպավորություն է, թե խնդիրը կազմակերպչի մեջ է:

Սա զուտ իմիջային է, բայց ամենակարևորը՝ բովանդակային առումով այս հանդիպումից ոչինչ չի կարող փոխվել, որովհետև Հայաստանն արդեն հայտարարել է, թե ընդունում է Ռուսաստանի առաջարկները, ու գործընթացը կսկսվի: 

– Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ եք կարծում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին փաստաթուղթը չի հանրայնացվում հանրության շրջանում ավելորդ հուզումներ չառաջացնելո՞ւ համար, թե՞ այլ խնդիր էլ կա:

– Չեմ կարծում, թե ռուսական կողմից է եղել դա կոնֆիդենցիալ պահպանելու պահանջ, իսկ այն, որ իշխանությունները դա խիստ գաղտնի են պահում, հայտարարեցին նաև որոշ պատգամավորներ: 

Ես նաև ելնում եմ փաստերից՝ եթե նոյեմբերի սկզբին եռակողմ հանդիպումը կայանար, ու դրա արդյունքներով ստորագրվեր փաստաթուղթ, ապա դրա որոշակի մասը կլիներ հրապարակային:

Բայց հիմա գործընթացը գաղտնի է, չենք իմանում՝ ի՛նչ է առաջարկվել, ինչպե՛ս է ընթանալու պրոցեսը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմն է խնդրել առկախել այդ հանդիպումը, փաստաթղթի ստորագրումը: 

– Գուցե հետաձգել են՝ հաշվի առնելով մեկամյա տարելիցը, դրանից առաջացող էմոցիոնալ խնդիրները, հուզումները: 

– Հասկանալի է, որ նոյեմբերի 9-ի կամ 10-ի հանդիպումը մեզ համար նվաստացման տարրեր էր պարունակելու, և բոլորն էլ հասկանում են՝ բազմակի նվաստանալուց հետո չարժի նվաստանալ հերթական անգամ: 

Բայց ինչքան հասկանում եմ, հայկական կողմը խնդրել է հանդիպումը հետաձգել երկար ժամանակով, հակառակ պարագայում կարող էին դա կազմակերպել նոյեմբերի 14-ին, 15-ին և այդպես շարունակ: 

– Կարո՞ղ ենք եզրակացնել՝ փակուղային իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանի համար ելք չկա:

– Հայաստանը հետևյալ իրավիճակում է. Ադրբեջանը շարունակում է ռազմական շանտաժն ու ճնշումը՝ ասելով հետևյալ շատ պարզ, տրամաբանական շղթան՝ քանի դեռ չկան դելիմիտացիա և դեմարկացիա, Հայաստանը չի կարող պնդել, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք: Ֆիքսված սահման չկա, հետևաբար հնարավոր չէ դիմել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով:

Այդ հիմքով Ադրբեջանի զորքերը էլի կարող են խորանալ ՀՀ տարածք և ասել՝ կներեք, մենք Հայաստանի տարածքում չենք, ինչպես հիմա վարվում են:

Ստեղծված պայմաններում տարբերակներից մեկը հետևյալն է. Հայաստանի զինված ուժերը կարողանում են գոնե նոյեմբերի 16-ից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանել, թույլ չտալ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացում, և մենք շարունակում ենք մերժել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Ադրբեջանի պահանջը, որովհետև դրա համաձայն Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս:

Կարող է լինել նաև հետևյալ տարբերակը. հայկական կողմը հրաժարվում է դելիմիտացիա-դեմարկացիայից, բայց ադրբեջանական կողմն էլ իր հերթին թիզ-թիզ առաջ է շարժվում դեպի Հայաստանի տարածք:

Այս իրավիճակում Հայաստանի հնարավորություններն են՝ կամ բանակի միջոցով կասեցնել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը, ինչը նշանակում է ունենալ հարձակումներ, զոհեր, բայց գոնե չենք ունենա տարածքային կորուստներ, կամ համաձայնել Ադրբեջանի առաջադրած պայմաններին և ստորագրել հերթական կապիտուլյացիոն պայմանագիրը, կամ Ադրբեջանի զինված հարձակումը կասեցնել արտաքին խաղացողների միջոցով, այսինքն՝ Հայաստանի դիվանագիտության միջոցով արտաքին խաղացողները ճնշում են գործադրում Ալիևի վրա:

Այլ տարբերակ չեմ տեսնում: