«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք չունենք ԼՂ խնդիր, մենք ունենք Ադրբեջանի մեծ խնդիր. Լուծումն այն է, որ Ադրբեջանը ազատի Արցախը. Մալկիդիս

21/03/2023

Հունաստանում եւ նաեւ Եվրոպայում տարբեր երկրների կոնգրեսականները, խորհրդարանների անդամները, գիտնականները, լրագրողները, որոնք որեւէ կապ չունեն Ադրբեջանի հետ, խորապես համոզված են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը պատմական արդարության մեծ խնդիր է,  հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հայերի իրավունքների խնդիր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային հունական համալսարանի պրոֆեսոր,  Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ դոկտոր Թեոֆանիս Մալկիդիսը:

«Մենք նաեւ գիտենք, որ Ադրբեջանին աջակցում են այնպիսի երկրներ, ինչպիսին Թուրքիան է, երկրներ, որոնք չունեն գազ եւ այլ բնական ռեսուրսներ, բայց նաեւ դեմ են այն պատմական իրավիճակին, որը գալիս է Ցեղասպանության ժամանակաշրջանից մինչեւ այսօր։ Նաեւ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժումից հետո հազարավոր արցախահայեր սննդի եւ ջրի եւ այլ բաների հետ կապված խնդիրներ ունեն, որոնք ժամանակակից աշխարհում անգամ ամենաաղքատ երկրներն ունեն։

Այնպես որ, մենք աջակցում ենք հայ ժողովրդին ոչ միայն ցեղասպանության հարցում, այլեւ Արցախում պատմական արդարության հաստատման հարցում։ Մենք սատարում ենք արցախահայությանը, կանգնած ենք նրանց կողքին, հատկապես այն հազարավոր մարդկանց, որոնք այսօր սնունդ եւ ջուր չունեն։

Առաջին հերթին մենք ճնշում ենք Հունաստանի կառավարությանը աջակցելու հայերին, հատկապես արցախյան իրավիճակի հարցում, քանի որ գիտենք, որ հույները հազարավոր տարիներ ընկերներ ու կապեր են ունեցել Հայաստանի հետ:

Երկրորդ՝ մենք աջակցել ենք Հայաստանին 1988 թվականի երկրաշարժից, պարենային ճգնաժամից եւ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Մենք գիտենք, որ Հայաստանն այլ երկրների նման դաշնակիցներ եւ բարեկամներ չունի, որպեսզի ճնշում գործադրեն միջազգային կազմակերպությունների վրա՝ հանուն արդարության եւ ճշմարտության: Բայց այստեղ՝ Հունաստանում եւ աշխարհի ցանկացած կետում, որտեղ կան հույներ, մենք ձեր կողքին ենք եւ աջակցում ենք հայերին ընդդեմ ադրբեջանական քարոզչության, որն աշխատում է Թուրքիայի հետ՝ ընդդեմ Հունաստանի եւ Հայաստանի»,-հայտարարեց հույն պրոֆեսորը:

 Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ինքը Երեւանում էր. «Մենք գիտենք, որ Ադրբեջանը աջակցություն ունի եվրոպական եւ այլ երկրներից, քանի որ նրանք գազի, նավթի կամ ընդհանրապես Ադրբեջանի բնական պաշարների կարիքն ունեն։ Միջազգային իրավունքը եւ արդարությունը չեն սկսվում բնական ռեսուրսներից կամ երկրների այլ շահերից, այլ բխում են արդարությունից եւ ճշմարտությունից: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք արդարության համար պայքարը, որ Ադրբեջանը դուրս գա Արցախից եւ հազարավոր արցախահայեր պետք է վերադառնան իրենց տները»,-ասաց Թեոֆանիս Մալկիդիսը:

Նա հավելեց, որ երկու անգամ եղել է Արցախում. «Ես Արցախը գիտեմ անցյալից, երբ հույները համերաշխության քաղաքականություն էին վարում, եւ նրանք սնունդ, մարդասիրական օգնություն էին ուղարկում այդ բարեկամ ժողովրդին։ Մենք ցանկանում ենք աջակցել Արցախի մարդկանց, քանի որ, ինչպես գիտեք, մենք նման խնդիրներ ունենք Թուրքիայի հետ Էգեյան ծովում, Կիպրոսում, եւ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ դաշինքը, կարծում եմ, ամենակարեւորն է։ Մենք նաեւ ցանկանում ենք, որ նրանք ճանաչեն Արցախում ոչ միայն անցյալի, այլեւ ժամանակակից ցեղասպանությունները։

Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո հազարավոր մարդիկ փախստական են դարձել, որոնք ապաստան են գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական այլ երկրներում, այդ թվում Հունաստանում։ Ադրբեջանին Թուրքիան աջակցում էր ոչ միայն տնտեսապես կամ ֆինանսապես, այլեւ անօդաչու թռչող սարքերով ու ռազմական սպառազինությամբ։ Գիտեք նաեւ, որ այս իրավիճակը լուսաբանվել է միջազգային կազմակերպությունների կողմից, եւ որոշ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից եղել են կեղծ հայտարարություններ, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է հեռանան Արցախից եւ ուրիշ ոչինչ: Սա ակադեմիական հակամարտություն չէ, սա իրական հակամարտություն է, որտեղ հազարավոր հայեր՝ երեխաներ ու ծերեր կորցրել են իրենց տունը, աշխատանքն ու հայրենիքը։ Որպես Եվրոպայի քաղաքացի՝ ես պետք է ճնշեմ մեր երկրներին, որպեսզի դադարեցնեն Ադրբեջանին աջակցությունը»,-ընդգծեց պրոֆեսորը:

Նա հիշեցրեց հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսի խոսքը, ըստ որի, երբ կառավարությունը կամ պետությունը ոչինչ չեն անում, քաղաքացիներն ու մարդիկ պետք է ինչ-որ բան անեն. «Սա է այս քաղաքականության պատասխանը, որն ունի միայն հայտարարություններ, հայտարարություններ եւ ուրիշ ոչինչ։ Կարծում եմ, որ եվրոպական եւ այլ երկրների քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն իրենց պետությունների վրա՝ աջակցելու հայերին։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշինքի հաջորդ քայլը այն է լինելու, որ նույն բանն անելու են Հունաստանում։ Հուսով եմ, որ հասարակության եւ քաղաքացիների այս ճնշումը կարող է օգնել Հունաստանի կառավարությանը ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի եւ ԵՄ-ի վրա՝ լուծելու այս հակամարտությունը։

Ադրբեջանը ժողովրդավարական պետություն չէ, այն պետություն է, որը ղեկավարվում է մի ընտանիքի կողմից՝ ընդդեմ բոլոր մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանում։ Այս իրավիճակը վերաբերում է նաեւ ժողովրդավարությանը եւ ազատությանը։ Այսպիսով, միջազգային հանրության պատասխանատվությունն է լուծել այս հակամարտությունը։ Քաղաքակիրթ մարդիկ չեն ուզում ապրել ջունգլիներում, մենք ուզում ենք ապրել խաղաղության, ազատության եւ ժողովրդավարության մեջ»,-ասաց նա:

Մալկիդիսը անդրադարձավ Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնաին Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եղել հազարավոր տարիներ. «Բայց մենք գիտենք Խորհրդային Միության պատմությունը եւ գիտենք, թե ինչպես է Արցախը տրվել Ադրբեջանին։ Մենք նաեւ խնդիրներ ունենք ադրբեջանական քարոզչության հետ, որը հազարավոր եվրոներ եւ դոլարներ է վճարում այդ քարոզչությանը աջակցելու համար:

Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես այն երկրները, որոնք ներգրավված են արցախյան հակամարտությունում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ԵՄ-ն պետք է ճնշեն Ադրբեջանին։ Մենք չունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, մենք ունենք Ադրբեջանի մեծ խնդիր: Լուծումն այն է, որ Ադրբեջանը ազատի Արցախը, իսկ հայերը վերադառնան իրենց տները:

Ինչպես գիտեք, Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում նաեւ Հունաստանում։ Օրինակ՝ Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ավտոբուսներով մենք ունենք Արցախի մասին գովազդ՝ զբոսաշրջիկներին հրավիրելով Արցախ այցելելու։ Բայց հույները կարդում են Հայաստանի մասին լուրերը, կարդում են հայկական կայքերը եւ գիտեն հակամարտության մասին, եւ որ մենք պետք է մնանք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի հետ»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Թեոֆանիս Մալկիդիսը ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ է, ցեղասպանության վերաբերյալ նրա գրքերը թարգմանվել են նաեւ հայերեն: