«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր ազդակ Մոսկվայից․ ՌԴ-ն գնալու է մինչեւ վերջ

10/09/2021

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում և Ադրբեջանում ընթացող՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված քննարկումներին: Նա ասել է, որ քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են: «Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար», ասել է Զախարովան։

Բաքուն խաղաղության պայմանագիրը պայմանավորում է Երեւանի կողմից իր տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Երեւանը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է լինել Արցախի կարգավիճակի քննարկման պայմանով։ Այս առումով, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճիշտ է։ Միեւնույն ժամանակ, Մոսկվան դեմ է թե Մինսկի խմբի շրջանակում, թե Երեւան-Բաքու ձեւաչափով ցանկացած լուծման, մասնավորապես խաղաղ պայմանագրի ու կարգավիճակի հարցերում, քանի որ այդ դեպքում իր ներկայությունը դառնում է ավելորդ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «պատասխանատվությունը» դնում է կողմերի վրա։ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները շարունակում են մերժել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես կարգավորում, չնայած Մոսկվայի համառ ջանքերին։ Նկատի առնելով նաեւ Ռուսաստանի ներքին խորացող անորոշությունը, Մոսկվան գնում է «սառեցման», հայտարարելով, որ կողմերի տարաձայնությունների պատճառով մնում է խստորեն պահպանել եռակողմ պայմանավորվածությունները։

Հիշվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ եթե նկատել եք, Բաքվում էլ չեն խոսում սահմանազատման ու խաղաղության պայմանագրի մասին։ Հայաստանում «խաղաղ դարաշրջանի» ու «արժանապատիվ խաղաղության» սազանդարները երեւում է հույսեր էին փայփայում, որ պատերազմական կորուստները Հայաստանի վճարած գինն են, եւ դրանով հարցը փակվում է։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փաստացի ասում է, որ Հայաստանը դեռ վճարելու եւ վճարելու է։ ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի վերահսկողությամբ ՌԴ ռազմական ներկայության գծի ձեւավորումը որպես սահմանազատում, ՀՀ ինքնիշխանության վերացումը որպես «խաղաղ դարաշրջան» ներկայացնելու փորձերը զավեշտալի են։ Մոսկվան կանգ չի առնելու ու գնալու է մինչեւ վերջ, իսկ ինչի՞ են պատրաստ ՀՀ մանդատակիրներն ու հանրությունը։
Lragir.am,