«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են. «Փաստ»
Նոր պատերազմով վախեցնելով հանրությանը՝ Փաշինյանը ձևացնում է, որ իր իշխանության կողմից տարվող քաղաքականությունը շատ արդյունավետ է։ Դրա համար էլ նա հայտարարում է, թե Հայաստանի ապագայի մասով հիմա ավելի հանգիստ է, քան 2018 կամ 2019 թվականներին։ Ու դա պայմանավորում է նրանով, որ տեսնում է առկա ռիսկերի կառավարման հնարավորություն, որն իրականություն է դառնալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի հայեցակարգի» շրջանակներում։ Բայց ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ դա լրիվ հակառակի մասին է։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական ճանապարհով Ադրբեջանն իր զորքերը պիտի դուրս հանի Հայաստանի տարածքից, բայց Ադրբեջանից այս մասով դրական պատասխան չկա։ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք մնալու են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են։ Նա միշտ ընդգծել է հայկական դիրքերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու կարևորությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե «իրական Հայաստանի հայեցակարգն» իսկապես գործում է, ապա ինչո՞ւ սահմանազատումը Տավուշից այն կողմ չի անցնում։
Պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի իր զորքերը դուրս հանել Հայաստանի օկուպացված մասերից, այլապես եթե նման մտադրություն լիներ, ապա երբ Փաշինյանն առաջարկում էր զորքերի երկուստեք հետքաշում, Բաքուն պիտի որ համաձայներ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։ Իրերի այն դրությունը, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել իր նախորդներից, դրական իմաստով էականորեն տարբերվում է ներկայիս իրավիճակից, քանի որ հայկական կողմի դիրքերն այն ժամանակ առավել ամուր էին, քան հիմա է։
Բայց տարօրինակ կերպով Փաշինյանը նշում է, թե հիմա ավելի հանգիստ է։ Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։ Դրա համար էլ Բաքվից կոշտ հայտարարություններ են հնչում հատկապես Հայաստանի ընդդիմության հասցեին, թե իբր ռևանշիստները ցանկանում են գլուխ բարձրացնել։
Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։