«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թվային դիվանագիտությունը չի կարող փոխարինել դասական դիվանագիտությանը․ ք․գ․թ․, դոցենտ Հայկուհի Մկրտչյան

29/08/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ք․գ․թ․ Հայկուհի Մկրտչյանը:

- 21-րդ դարում տեղեկատվական հասարակության արագընթաց զարգացմանը զուգահեռ սկսեցին շրջանառվել նոր հասկացություններ, երկրների ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղ գտան նոր երևույթներ․ դրանցից է օրինակ թվային դիվանագիտությունը, որը լայն իմաստով գործիք է՝ համացանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով դիվանագիտական առաջադրանքներն ու խնդիրները լուծելու համար։ Տիկին Մկրտչյան, կխնդրեի անդրադառնայիք տերմինի ծագումնաբանությանը, ե՞րբ, որտե՞ղ և ու՞մ կողմից է շրջանառվել <<թվային դիվանագիտություն>>  ասվածը։
- Առաջին անգամ թվային դիվանագիտությունը կիրառվել է ԱՄՆ-ում՝ ի թիվս հրապարակային դիվանագիտության այլ ձևերի, ինչպիսիք են տեղեկատվական ծրագրերը, կրթական փոխանակումները, մշակութային ու սպորտային նախագծերը: Թվային դիվանագիտության ծրագրերը ԱՄՆ-ում զարգացման են հասել 2002-2003 թթ., երբ Ջորջ Բուշ Կրտսերի վարչակարգը միջազգային հեռարձակման ռադիո-հեռուստատեսային ավանդական մեթոդներից անցում կատարեց համացանց: Թվային դիվանագիտությունը պետական մարմինների կողմից տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների՝ սոցիալական ցանցերի, բլոգների և նմանատիպ այլ մեդիա հարթակների կիրառումն է դիվանագիտական  և արտաքին քաղաքական խնդիրների իրականացման համար: Հաճախ որպես հոմանիշներ կիրառվում են նաև «ինտերնետ-դիվանագիտություն», «սոցիալական ցանցերի դիվանագիտություն» և «վեբ 2.0. դիվանագիտություն» տերմինները: Թվային դիվանագիտության հանդեպ ուշադրությունը հատկապես աճեց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում զանգվածային բողոքի ալիքներից հետո, որոնք լրատվամիջոցներում ստացան «թվիթթեր-հեղափոխություն» անվանումը: 

- Տիկին Մկրտչյան, հետաքրքիր է իմանալ թվային դիվանագիտության կիրառման շրջանակները, դասական և թվային դիվանագիտության կիրառման հարաբերակցությունը աշխարհի զարգացած պետություններում։
- Թվային դիվանագիտությունը՝ որպես համացանցով այլ պետությունների բնակչության վրա ազդեցության միջոց, հիմնականում ուղղված է երկու թիրախային խմբերի՝ ակտիվ երիտասարդությանը և հասարակության ընդդիմադիր խավին՝ լրագրողներ, իրավապաշտպաններ և այլն: Ի տարբերություն ավանդական դիվանագիտության, որի հիմքում բանակցություններն են, ստորագրված պայմանագրերը, թվային դիվանագիտության հիմքում ոչ պաշտոնական գործողություններն են, որոնք նպատակ ունեն ավելի սերտ կապ հաստատել երկրի կառավարության ու բնակչության միջև: Թվային դիվանագիտության շնորհիվ է, որ հնարավորություն է ընձեռվում ուղիղ կապ հաստատել և հատուկ հաղորդակցություններ ուղարկել անմիջապես թիրախային լսարանին, ինչպես նաև համագործակցել կարծիք ձևավորողների հետ, ինչը ժամանակակից դիվանագիտությունը ավելի հրապարակային է դարձնում: Բացի այդ, թվային դիվանագիտությունը հատկապես արդյունավետ է արտասահմանյան լսարանի հետ աշխատելու ժամանակ, երբ անհրաժեշտություն կա պետության իմիջի ձևավորման կամ պաշտոնական դիրքորոշման փոխանցման: Թվային դիվանագիտությունը կոչված է արագորեն տրամադրելու համապատասխան տեղեկատվություն, հերքել կեղծ տեղեկությունները, հաստատել պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը: Թվային դիվանագիտությունը չի կարող փոխարինել դասական դիվանագիտությանը, սակայն դրա գործիքակազմի ճիշտ կիրառման պարագայում այն կարող է բարձրացնել պետության աշխատանքի արդյունավետությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում։ Թվային դիվանագիությունն անընդհատ զարգանում է՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ մասնակիցների տեղեկատվության փոխանակման գործընթացում։ Պետությունների արտաքին գերատեսչությունների համար թվային դիվանագիտության ժամանակն արդեն հասել է։ Նրանք կարող են միայն ընտրություն կատարել՝ պասիվորեն հետևել ընթացող փոփոխություններին և հեռու մնալ տեխնոլոգիական առաջընթացից, կամ ընդունել այս իրողությունը և դրա հետ մեկտեղ այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք տալիս է թվային դիվանագիտությունը։

- Կխնդրեի առանձնացնեիք դեպքեր, իրադարձություններ, խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին պետությունները դիմել են թվային դիվանագիտության օգնությանը։ 
- Ներկայումս շատ պետություններ թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականության բնագավառում լայնորեն կիրառում են թվային դիվանագիտության ծրագրեր: 2011թ. գարնանը Թունիսում և Եգիպտոսում համացանցի ու շարժական միջոցների օգնությամբ երիտասարդական խմբերը զանգվածային բողոքներ ձեռնարկեցին: Ընդդիմությունը սոցցանցերն օգտագործեց համախոհներ համախմբելու համար, թեև հայտնի է, որ թվիթթերի հաղորդագրությունների 70 %-ը տեղադրվել էին IP հասցեներից, որոնք ստեղծվել էին արտասահմանյան սերվերների վրա: Սա վկայում է «արաբական գարնան» ժամանակ արտաքին տեղեկատվական միջամտության մասին: Կարևորելով թվային դիվանագիտության դերն ու ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա՝ այսօր շատ պետություններ ևս լայնորեն օգտագործում են դրա հնարավորությունները: Օրինակ, Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում ստեղծվել է թվային դիվանագիտության գրասենյակ, որն ակտիվորեն մասնակցում է արտաքին քաղաքական օրակարգի մշակմանը: Այստեղ նաև մեծ ուշադրություն է դարձվում ներկայացվող տեղեկատվության լեզուների քանակին, որի նպատակն է կապ հաստատել Բրիտանիայում բնակվող ազգային փոքրամասնությունների և աշխարհի տարբեր երկրներում գտնող նույն լեզվով խոսող երիտասարդության խմբերի միջև: Ասիական շատ երկրներ ևս դիվանագիտության ավանդական ձևերին զուգորդում են թվային դիվանագիտությունը: Այստեղ հատկանշական է Չինաստանի օրինակը, որտեղ 300 000 հոգանոց «բանակը» չնչին գումարի դիմաց զբաղված է ֆորումներում, բլոգներում առցանց զրույցներ վարելով՝ նպատակ ունենալով երկրի ներսում կառավարական քաղաքականությանն աջակցելու, հասարակական կարծիք ստեղծելու, իսկ երկրից դուրս հակազդելու Չինաստանի վերաբերյալ բացասական տեղեկատվությանը: Հնդկաստանում շատ գերատեսչություններ ևս ունեն պաշտոնական կայքեր, սակայն դրանք հիմնականում տրամադրում են տեղեկատվություն հնդկական մշակույթի, արվեստի, խոհանոցի վերաբերյալ և կողմնորոշված են դեպի Հնդկաստանի մասին տեղեկատվություն տրամադրելուն: Հարավային Կորեայի կառավարությունը նպաստում է թվային դիվանագիտության բնագավառում հմուտ կադրերի պատրաստմանը: Դա է վկայում 2012թ-ին կորեական կազմակերպությունների հետ կառավարության ստորագրած համաձայնագիրը՝ 500 ուսանողի կիբեռ դիվանագիտության հիմնադրույթների ուսուցման վերաբերյալ: Ճապոնիայում ևս կարևորվում են թվային դիվանագիտության ծրագրերը: Facebook-ում, Twitter-ում բացված ճապոնական էջերը հազարավոր համախոհներ ունեն, իսկ Youtube-ում տեղադրված հոլովակները բազվաթիվ դիտումներ են ապահովում: 
Հետխորհրդային տարածաշրջանի երկրներից թվային դիվանագիտության ծրագրերում առաջատարը Ռուսաստանն է: Ռուսաստանյան թվային դիվանագիտության ավելի հեռանկարային ուղղություններից է հայրենական տեխնոլոգիական բիզնեսի ընդգրկումը հրապարակային դիվանագիտության ոլորտի նախագծերում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են. ստեղծվել է «Яндекс» ռուսալեզու որոնողական կայքը, «Вконтакте» սոցիալական կայքը, որը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանյան շատ երկրներում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներ, Իսրայել, Գերմանիա, ԱՄՆ: Ռուսաստանում ստեղծվել են նաև պետական պաշտոնյաների ու դիվանագետների ռուսալեզու և անգլալեզու բլոգներ, պետական մարմինների պորտալներում պարբերաբար հրապարակվում է նրանց գործունեությունը լուսաբանող տեղեկատվություն: 

- Գիտենք, որ ՀՀ-ում ևս ներդրված է թվային դիվանագիտություն ասվածը․․․ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է այն աշխատում մեր երկրում (օրինակներ)։
- ՀՀ-ում, այո, ևս ակտիվորեն կիրառվում է թվային դիվանագիտության գործիքակազմը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետական գերատեսչություններից առաջինն է, որ Youtube-ում բացել է իր պաշտոնական ալիքը և իր պաշտոնական էջերը Facebook-ում և Twitter-ում: 2016թ. ապրիլի 2-ից 5-ը հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմն ապացուցեց, որ ներկայիս տեղեկատվական դարաշրջանում իսկապես կարևոր են տեղեկատվական տեխնոլոգիաները: Պատերազմի առաջին օրերին հակառակորդ Ադրբեջանի բացած սոցիալական ցանցերի բազմաթիվ կեղծ հաշիվները միտված էին հայերից տեղեկատվություն ստանալուն և ապատեղեկատվություն տրամադրելուն: Հենց այդ օրերին ավելի ակնառու դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և դրանցով ճիշտ աշխատելու անհրաժեշտությունը: Սակայն, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը Հայաստանում հատկապես աճեց 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ: Կարճ ժամանակահատվածում այդքան համախոհներին համախմբելը և խաղաղ բողոքի ակցիաները նախևառաջ ճիշտ կազմակերպված միջոցառումների շնորհիվ էին, որոնց մեջ իրենց հատուկ տեղն ունեին հաղորդակցության միջոցները: Նշենք մի քանի կարևոր գործոն:  Ամենամեծ ազդեցությունն ունեցան Ֆեյսբուքն ու Յություբը: Ամենակարեւոր հանգամանքն այն էր, որ տվյալ հարթակներն օգտագործվում էին շատ ակտիվ ուղիղ եթերներ իրականացնելու համար: Փաշինյանի թիմակիցները դեռ նախընտրական փուլում էին վարում իրենց քարոզչությունը հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով: Եվ փորձը ցույց տվեց, որ ուղիղ եթերները շատ աշխատող գործիք են, ինչն ունի մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ հենց Ֆեյսբուքն է առաջնահերթություն դնում ուղիղ եթերների հարցում: Եվ ի տարբերություն այլ տիպի գրառումների՝ հենց ուղիղ եթերներն են ամենամեծ լսարանը հավաքում: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այսօրվա երիտասարդությունը հակված է ավելի վիզուալ տեղեկատվություն ստանալու, քան թե ընթերցելու երկար տեքստեր: Բացի այդ, ուղիղ եթերները, ընդհանրապես, ունեցան ամենամեծ էֆեկտը հեղափոխության հարցում, քանի որ՝

  • Երբ դրանք իրականացնում էին հենց քաղաքական գործիչները, հատկապես Փաշինյանը, դա ստեղծում էր խիստ անմիջական մթնոլորտ: 
  • Ուղիղ եթերները թույլ տվեցին նվազագույնի հասցնել կեղծ լուրերի տարածումը, քանի որ անմիջապես հերքելու հնարավորություն կար:
  • Ուղիղ եթերները դարձան անմիջապես կառավարման միջոց, քանի որ բողոքի ակցիաները իրականացվում էին իրարից ֆիզիկապես բաժանված տարածքներում:
  • Դրանք դարձան ներգրավման միջոց:
  • Սփյուռքը նույնպես ներգրավվեց՝ դառնալով իրադարձությունների ականատես:

Ավելին, ինչ-որ մի պահից Ինստագրամն ու Ֆեյսբուքը մոդայիկ դարձրեցին երիտասարդության շրջանակներում հեղափոխական շարժումը: Քանի որ Հանրապետության հրապարակում չեքին լինելը, սելֆիները տեղադրելը, քաղաքական ակտիվիստների, հեղափոխական շարժման ղեկավարների հետ նկարները, շարժմանը մասնակցելը դարձրին գրավիչ: Ակտիվորեն կիրառվում էր նաև Թվիթերը, որը Հայաստանում միշտ եղել է քանակային տեսանկյունից շատ սահմանափակ սոցիալական ցանց: Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճն աշխարհում՝ Թվիթերը դարձավ հիմնական հարթակներից մեկն օտարերկրյա այն անձանց համար, որոնք ուզում էին հետևել հայաստանյան իրադարձություններին: Անսպասելիորեն նոր և ազդեցիկ հարթակ դարձավ Տելեգրամ մեսենջերը: 
Թվային դիվանագիտության կիրառումը մեծապես շարունակվեց նաև հեղափոխությունից հետո: Երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգտատերերին ցույց տվեց իր առանձնատունը: Առաջին անգամ Հայստանի պատմության մեջ քաղաքացիները տեսան, թե ինչպես են ապրում, ինչ կենցաղ ունեն քաղաքական գործիչները:
Գիտակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը և դրանց միջոցով համապատասխան տեղեկատվության փոխանցումը՝ ՀՀ իշխանությունները առավել զգույշ վերաբերմունք ցուցաբերեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ադրեբաջանա-հայկական 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ արգելափակվեցին ադրբեջանական լրատվական կայքերը, իսկ ՀՀ քաղաքացիներին պատերազմի ընթացքի մասին տեղեկատվություն սկսվեց տրամադրվել միասնական տեղեկատվական հարթակից: 
Այսպիսով, ի տարբերություն ավանդական դիվանագիտության, որի հիմքում բանակցություններն էին, ստորագրված պայմանագրերը, թվային դիվանագիտության հիմքում ոչ պաշտոնական գործողություններն են, որոնք նպատակ ունեն ավելի սերտ կապ հաստատել երկրի կառավարության ու բնակչության միջև: 

- Տիկին Մկրտչյան, ի վերջո, կխնդրեի խոսել թվային դիվանագիտության ՝ որպես նոր երևույթի, առավելությունների և դրա կիրառման ընթացքում տեղ գտած թերությունների մասին։
-  Առհասարակ, թվային դիվանագիտությունը ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: Որպես առավելություններ կարող ենք առանձնացնել հետևյալները՝ 

  • Նախ, թվային դիվանագիտության շնորհիվ է, որ հնարավորություն է ընձեռվում ուղիղ կապ հաստատել և հատուկ հաղորդակցություններ ուղարկել անմիջապես թիրախային լսարանին, ինչպես նաև համագործակցել կարծիք ձևավորողների հետ, ինչը ժամանակակից դիվանագիտությունը ավելի հրապարակային է դարձնում: 
  •  Բացի այդ, թվային դիվանագիտությունը հատկապես արդյունավետ է արտասահմանյան լսարանի հետ աշխատելու ժամանակ, երբ անհրաժեշտություն կա պետության իմիջի ձևավորման կամ պաշտոնական դիրքորոշման փոխանցման: 
  • Թվային դիվանագիտությունը կոչված է արագորեն տրամադրելու համապատասխան տեղեկատվություն, հերքել կեղծ տեղեկությունները, հաստատել պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը: 

Սակայն, չնայած թվային դիվանագիտության ընձեռած օբյեկտիվ հնարավորություններին՝ գործնականում դրա զարգացման հարցերը հաճախ դիտարկվում են ռիսկերի ու սպառնալիքների համատեքստում: Սա պայմանավորված է նրանով, որ ինտերնետը բավականին էժան ու հեշտ հասանելի ռեսուրս է՝ ազդելու համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Բացի այդ, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ի հայտ են գալիս նոր, ոչ ռազմական սպառնալիքներ, ինչպիսիք են կիբեռհանցագործությունները և կիբեռահաբեկչությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնել ընդհանուր տեղեկատվական անվտանգության համատեքստում: 
Համացանցը հաճախ դիտվում է որպես ուրիշի գաղափարախոսության և արտաքին քաղաքականության գովազդ, որպես տեղեկատվական պատերազմների իրականացման միջոց: 
Բացի այդ, անհրաժեշտ է տարանջատել թվային դիվանագիտությունը գերտերությունների և փոքր պետությունների համար: Առաջին դեպքում այն ունի հարձակողական գործառույթներ, ընդհանուր արտաքին քաղաքականության գործիքարանի տեղեկատվական բաղադրիչն է՝ ուղղված սեփական գործունեության համար դրական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Այնինչ սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր պետությունների համար այն ավելի շատ պաշտպանական և տեղեկատվական ավտանգության սպառնալիքներին հակադարձելու նկատառումներով է կարևորվում, քանզի թվային ազդեցիկ և թիրախավորված դիվանագիտության մշակումն ու իրականացումը խիստ ռեսուրսատար է:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am