«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՈՒ՞Ր Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

23/10/2021

Արդեն ակնհայտորեն պարզ է, որ ՀՀ-ում սպասվում է մի քաղաքական ապագա, որը ենթադրում  է  ինքնիշխանության ծիսականություն: Սա այն պատճառով, որ ակնհայտ է՝ ազերիները ինչքան որ առաջ են եկել, այլևս դրանից հետ չեն գնալու և մեր «բարեկամն ու դաշնակիցը», ինպես այդ մասին արդեն հաստատեց Ռուսաստանի ղեկավարը, բոլորովին մտադրություն չունի իր ազդեցության վաղեմի շրջանները հանձնել այլ ուժեղ տերությունների: Այստեղ արդեն ամենևին որևէ նշանակություն չի կարող ունենալ անընդհատ մեղադրականներ կարդալը իշխող քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև դրանով ոչինչ չի փոխվելու և մեկ տարի առաջ տեղի ունեցածի պատճառների բացահայտումը սոսկ կարող է նշանակություն ունենալ մեր ներքին լսարանի համար: Արտաքին քաղաքական դաշտում, ինչպես բազմիցս շեշտել ենք, մենք այլևս որոշող կողմ չենք և այն աստիճան խեղճացած, որ ադրբեջանական կողմը առանց մեր կարծիքը հարցնելու կարող է թռիչք իրականացնել Զանգեզուրի վրայով, որ Իրանի գործոնն օգտագործելու քաջությունն էլ մենք չենք կարող ունենալ, որովհետև վախենում ենք ռուսներից, վերջիններս էլ իրենց հերթին վճռորոշ խոսքը պահելով իրենց, արդեն Պուտինի բերանով խոսում են Ադրբեջանի և ՀՀ միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, այլ խոսքով՝ ինչպես որոշենք սահմանագիծը, այնպես էլ կլինի: Նրա այն խոսքերը, թե Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կարող են շարունակվել, արդեն տասներորդական նշանակություն ունեն, որովհետև, ինչպես բազմիցս շեշտել ենք, նրան այնքան էլ հաճելի չէ բանակցությունների շարունակությունը, նա խոսում է հայ – ադրբեջանական սահմանագծի ճշգրտման, Ադրբեջանի համար Հայաստանով Նախիջևանի հետ կապի և ՀՀ տնտեսական կապուղիների ապաշրջափակման անհրաժեշտության մասին: Սա նշանակում է, որ ԼՂՀ – ն լինելու է ռուսական պրոտեկտորատ, իսկ հայ – ադրբեջանական սահմանագիծը, բնականաբար, այն կողմ է թողելու այս տարածքը, որը դե ֆակտո ռուսական է մնալու և ոչ թե ադրբեջանական: Այն հարցը, թե ինչու ավելի շատ թուրքերի և ոչ թե մեր օգտին է ռուսական դիրքորոշումը, թող ամենևին էլ զարմանալի չհնչի. Թուրքիայի և նրա՝ ընդդեմ Արևմուտքի շահերն համընկնում են, որով նաև պետք է բացատրել, որ ԱՄՆ – ն արդեն Իրանին բանակցելու մեսիջներ է ուղարկում, որը սիրով դրանք կընդունի, որովհետև Էրդողանի ինքնուրույն քաղաքականությունը նրան ստիպում է այս տարածաշրջանում ստեղծել նոր հակազդեցություն: Թող ազգասերները չվրդովվեն, եթե այն խոստովանությունը բացահայտ անենք, որ այս իրավիճակին չհարմարվելու և ռուսներին հակադրվելու դեպքում կոնկրետ այս պահին միայն կորցնելիք ունենք և ոչ շահելիք: Մեղավորները մենք ենք, որ այսպես արժեզրկվեցինք՝ լրիվ կորցնելով մեր ինքնուրույնությունը և անտրտունջ կատարողի դերում հայտնվեցինք՝ կատարելով այն, ինչ պարտադրվում է: Ազերիները նստում են մեր ռազմավարական կարևոր դիրքերի վրա, ռուսները մատների արանքով են նայում դրան և մեզ մնում է պարծենալ, որ կապուղիների ապաշրջափակումը տնտեսապես կզարգացնի մեր երկիրը: Միգուցե և զարգացնի, բայց արդեն պետք է իրոք լրջորեն խորհել, թե ինչ կարող է լինել, երբ հանկարծ ռուսները գնան, որը ցանկացած պահին հնարավոր է: Պետք է մտածել, թե ինչու՞ է զինվելու և բանակն ավելի ու ավելի ուժեղացնելու ծրագրեր մշակում Ադրբեջանը, իսկ մենք լուռ և խեղճորեն նստել և սպասում ենք սահմանգծմանը և խաղաղության պայմանագրին: Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում՝ հընթացս դրա զինվելով, ուրեմն մի տեղ մեզ խաբում է: Մենք ի՞նչ ենք անում այդ դեպքում: Խաղաղություններն ու պատերազմներն հավերժական չեն. Հաղթողը կարող է դառնալ պարտված և հակառակը: Կարևորը պարտվածի կարգավիճակի հետ չհամակերպվելն է և դրանից դուրս գալու ելքի որոնումը: Թե չէ, կարող ենք գոյատևել ինչպես գոյատևեցինք գրեթե վեց դար՝ մինչև 1918թ.-ը: Եթե սա ենք ուզում՝ որդեգրենք «Ապրենք, որովհետև մեռնելն ավելի վատ է» կարգախոսը և վերջ: Մեր թշնամիների սրտով գնանք: Նրանք միշտ դա են ուզել:

Պրոֆեսոր Ա. Ներսիսյան