«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է». Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից

15/04/2021

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և աջակցել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու լարվածության վերացում տարածաշրջանում»,-ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում:
«Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, անհրաժեշտ է Ռուսաստանին, անհրաժեշտ է բոլոր տարածաշրջանային պետություններին», - ավելացրել է նա:
Դաշնային խորհրդի նախագահը նշել է այն կարևոր դերակատարությունը, որն այժմ խաղում են ռուս խաղաղապահները:
«Մեր խաղաղապահները ոչ միայն իրականացնում են իրենց առաքելությունը, այլ նաև աջակցություն են ցուցաբերում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմերից, աջակցում են ենթակառուցվածքների, ավերված տների վերականգնմանը և արձագանքում բոլոր խնդրանքներին», -ասել է նա:
«Գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցված է, երկխոսությունը տեղափոխվել է խաղաղ քաղաքական դաշտ: Սա առողջ բանականության հաղթանակ է: Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը` մնացած սուր խնդիրները քայլ առ քայլ հանելու համար: Դրանք իհարկե գոյություն ունեն», -ասել է նա:
Բացի այդ, Դաշնային խորհրդի նախագահը ընգծել է, որ օրակարգում է գերիների փոխանակման հարցը: «Ռուսաստանը հենց սկզբից ստանձնել է բոլորը բոլորի դիմաց փոխանակման սկզբունքը: Գործընթացը շարունակվում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերի է վերադարձել  հայրենիք»,-նշել է Մատվիենկոն:
Թարգմանություն՝ Թ․ Սարգսյան