«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհնար է հասնել պետության կայացածության առանց պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքի. տ․գ․թ․, դոցենտ Կառլեն Խաչատրյան

03/10/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։

- Պետության կառավարման որակը անմիջականորեն կապված է կառավարող ընտրանու գործունեության որակի հետ: Պետության կայացածության և կառավարման որակի միջև կապը բացահայտելու համար այսօր զրուցելու ենք պ․ Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, կխնդրեի անդրադառնալ պետության կայացածության հայեցակարգի հիմնական բնութագրիչներին։
- Իրականում շատ կարևոր և արդիական հարցադրում է, քանի որ այս արագ փոփոխվող աշխարհում յուրաքանչյուր պետություն իր նպատակներն ու անելիքները վերաիմաստավորելու խնդիր ունի։ Վերջին տասնամյակներում առավել հաճախ են քննարկվում պետության կայացածության, վերջինիս արժևորման ու դրան փոխկապակցված տարաբնույթ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման տարբերակները: Այս իմաստով առաջին պլան է մղվում պետության կայացածության գաղափարը, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե պետական այս կամ այն ինստիտուտը որքանով է կայացած, որքանով է կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները։ Պետք է ընդգծեմ, որ պետության կայացածության խնդիրը միջգիտակարգային է։ Անհնար է բացառապես տնտեսական բաղադրիչով տալ դրա ճշգրիտ գնահատականը։ Առհասարակ, հասարակական կյանքում պետության դերակատարման և իրականացրած գործառույթների մասին հարցադրումները համակողմանի են, եթե հաշվի են առնված ու համադրված են խնդրի թե´ իրավական, թե´ քաղաքագիտական, թե´ տնտեսագիտական առումները:
Պետության կայացածության հայեցակարգում երեք հիմնական մոտեցում կա: Առաջին մոտեցման հիմքում ռեսուրսների ամրագրումն է և պետության կայացածությունը դիտարկվում է վերջինիս կողմից ռեսուրսները կենտրոնացնելու և դրանք արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: Պետության ռեսուրսային ապահովվածության ուղիների որոնումը, ինչպես նաև արտաքին ռեսուրսների բաշխման գործընթացում ռացիոնալ քաղաքականության իրականացման ունակությանը դառնում են առանցքային խնդիր, հիմնարար չափանիշ: Դա ենթադրում է, որ պետությունը պետք է ի զորու լինի իրականացնել արտաքին մրցակցային միջավայրում ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույն և արդյունավետ քաղաքականություն։ Երկրորդ մոտեցմամբ պետության կայացածության որոշման հիմքում դրվում է երկրի բնակչության՝ պետության հետ իրեն ասոցացնելու աստիճանը։ Այս դեպքում առավել առաջնային են դառնում երկրի բնակչության՝ իրեն որպես պետության քաղաքացի ընկալելը և գոյություն ունեցող պետական կարգին հավատարմությունը։ Երրորդ՝ գործառութային մոտեցման դեպքում պետության կայացածությունը դիտում են որպես պետության՝ հասարակության համար կենսական կարևոր գործառույթներ իրականացնելու կարողություն:

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կարելի է սահմանել պետության կայացածությունը, ի՞նչ մոտեցումներ կան այս առումով։ 
- Պետության կայացածությունը կարելի է գնահատել այն չափով, թե որքանով է դրված նպատակներին հասնելու համար մշակվել և իրականացվել արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն երկրի պառլամենտի, կառավարության, դատական համակարգի կողմից: Առաջին հայացքից պարզ թվացող այս բանաձևը բավականին խութեր է պարունակում. անհրաժեշտ է բացահայտել հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են պետության կայացածությունը սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության ոլորտներում: Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ փորձում ենք անդրադառնալ նաև այդ գործոնների ներքին կապերին: Ընդ որում, տվյալ գործոններն ու դրանց միջև առկա կապերը պետք է դիտարկել ոչ միայն ժամանակի որոշակի պահի դրությամբ, այլև հաշվի առնել դրանց զարգացման դինամիկան ժամանակի ընթացքում: 
Մի օրինակ քննարկենք, դիցուք, պետության հիմնական խնդիրը իր բնակիչների բարեկեցության ապահովումն է: Այն պարագայում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում առկա են աղքատություն, գործազրկություն, սով, բարձր գնաճ, ոչ ցանկալի միգրացիա, բռնություն և բացասական այլ երևույթներ, հարց է առաջանում, թե պետական ինստիտուտները որքանո՞վ են արդյունավետ գործում, կարողանո՞ւմ են արդյոք իրականացնել իրենց վրա դրված գործառույթներն ու լուծում տալ այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են հասարակության բարեկեցության բարձրացումը: Ընդ որում, այս հարցը հավասարապես հնչում է թե զարգացած, թե զարգացող երկրների համար: Ուստի՝ պետությունները պարբերաբար իրականացնում են քաղաքական, տնտեսական վերափոխումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել պետական ինստիտուտների արդյունավետությունը: 
Պետության կայացվածության գնահատման համար կարող են օգտագործվել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են երկրի պաշտպանության մակարդակը, օրինականության մակարդակը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, մակրոտնտեսական կարգավորումը, շուկաների բնականոն աշխատանքին աջակցությունը և այլն: Երբեմն պետության կայացածությունը համադրվում է ռազմական ուժի, քաղաքական ինստիտուտների որակի և վարչարարական կարողությունների հետ:

- Պետության կայացածությունն ու պետական ինստիտուտների կայուն և վստահելի աշխատանքը, կարծում եմ փոխկապակցված են, սակայն կուզեի լսել Ձեր կարծիքը կայունությունը ներկայացնող բաղադրիչների մասին։
- Անշուշտ փոխկապված են։ Ինչպես արդեն նշեցի, անհնար է հասնել պետության կայացածության առանց պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքի։ Եվ հակառակը, եթե պետությունը կայացած չէ, ապա պետական առանձին ինստիտուտներ լիաժեքորեն իրենց առջև դրված խնդիրները չեն կարող լուծել։ Միաժամանակ պետք է ընդունել նաև, որ պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումը շարունակական գործընթաց է, որն ենթադրում է իրավական կարգավորումների կատարելագործում, առկա օրենսդրական նորմերի կիրարկման խթանում, հասարակության կարիքներին համահունչ քաղաքականության մշակում ու իրականացում և այլն: Բնական է, որ այդ գործընթացում հնարավոր են նոր, այդ թվում՝ ներկառուցված ինստիտուտների ձևավորում ու որոշ ինստիտուտների լուծարում:   

- Կխնդրեի բացատրել պետության կայացածության և պետական կառավարման արդյունավետության կապը։
- Պետության կայացածության և պետական կառավարման արդյունավետության միջև սերտ կապ կա: Թեև կառավարման արդյունավետության գնահատման միջազգայնորեն ընդունված չափանիշները դեռևս ձևավորման փուլում են, Համաշխարհային բանկի կողմից սահմանված մեթոդաբանությամբ պետական կառավարման արդյունավետության գնահատման հարցերը ներառում են կառավարության ընտրության և փոփոխության ընթացակարգերի, նրանց գործունեության նկատմամբ հսկողության, ռացիոնալ քաղաքականություն մշակելու և արդյունավետ իրագործելու կառավարության կարողունակության, ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ պետության և քաղաքացիների հարգանքի աստիճանը: Ավելին՝ կոնկրետ ոլորտներում և համակարգերում կառավարման մասնակի արդյունավետության գնահատումը նախապայման է պետական կառավարման ամբողջական արդյունավետության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրեր մշակելու, իրականացնելու, վերահսկելու և ազդեցությունը գնահատելու համար: Այս մոտեցումը կիրառելի է ընդհանրական արդյունավետությունը գնահատելիս, որի համար Համաշխարհային բանկի կողմից մշակվել են ագրեգացված ինդեքսներ: Պետական կառավարման որակի գնահատումն իրագործվում է վեց խումբ պարամետրերով․ 

  • պետական մարմինների հաշվետվողականությունը և բնակչության կարծիքի ընդունումը` իշխանության ընտրություններին քաղաքացիների մասնակցության հնարավոր աստիճանը, ինչպես նաև խոսքի ազատության առկայությունը, միավորումների և ԶԼՄ ազատությունը: 
  • Քաղաքական կայունությունը և բռնության բացակայությունը` ոչ սահմանադրական եղանակով կամ բռնության, այդ թվում` տեռորիզմի կիրառմամբ իշխանության ապակայունացման հավանականության աստիճանը: 
  • Կառավարման արդյունավետությունը` պետական ծառայությունների մատուցման որակի գնահատումը, պետական ծառայողների աշխատանքի որակը, վերջիններիս անկախության աստիճանը քաղաքական ճնշումներից, քաղաքականության մշակման որակի գնահատականը: 
  • Կարգավորման որակը` մասնավոր հատվածի զարգացմանն օժանդակող և աջակցող նորմատիվ իրավական ակտերի և հիմնավոր քաղաքականության մշակման` կառավարության գնահատականը: 
  • Օրենքի գերակայությունը` հասարակությունում գործող նորմերի նկատմամբ տարաբնույթ սուբյեկտների վստահության և վերջիններիս կողմից այդ նորմերի պահպանման պատրաստակամության աստիճանի գնահատականը, այդ թվում` պայմանագրերի պարտադիր կատարման արդյունավետության գնահատականը, սեփականության պաշտպանության իրավունքը դատական մարմինների կողմից և ոստիկանության աշխատանքը, բռնության տարածվածության և հանցավորության մակարդակը: 
  • Կոռուպցիայի դեմ պայքարը` շահախնդիր նպատակներով պետական իշխանության օգտագործման պրակտիկայի տարածվածության գնահատականը, ներառյալ փոքր և մեծ չափերի կոռուպցիան, ինչպես նաև մասնավոր սեկտորի և շերտերի ներկայացուցիչների` իշխանության մեջ ներգրավվածության ծավալները:

- Ի վերջո, գալով հայկական իրականությանը՝  ի՞նչ եք կարծում մեզ մոտ ինչպե՞ս է գնահատվում պետական կառավարման արդյունավետությունը՝ որպես պետության կայացածության գործառութային ցուցիչ։
- Հայաստանի Հանրապետությունում այս առումով էական խնդիրներ կան։ Մի կողմից ամբողջությամբ չեն ձևավորվել անհրաժեշտ ինստիտուտները, մյուս կողմից էլ եղած ինստիտուտների կայացածության աստիճանը շարունակում է ցածր մնալ։ Հատկապես վերջին տարիներին մենք նկատում ենք պետական կառավարման արդյունավետության անկում։ Թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ հասարակական կյանքի այլ ոլորտների կանոնակարգման տեսանկյունից պարբերաբար խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք կառավարման ցածր արդյունավետության հետևանք են։ Մասնավորապես՝ պետական պարտքի շեշտակի աճն ու դրա արդյունքում համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման բացակայությունը, բյուջետային ծախսերի թերակատարումները, արտաքին շոկերին դիմակայելու մեր ցածր դիմադրողականությունը պետական կառավարման արդյունավետության խնդիրներով պետք է պայմանավորել։ Նույնը անվտանգության, սոցիալական պաշտպանության և մյուս ոլորտներում։ Կարծում եմ, որ նշածս ուղղություններով բազմաթիվ անելիքներ կան և կառավարության գերխնդիրը պետք է լինի պետական ինստիտուտների կայացումն ու այդ ճանապարհով պետության կայացածության մակարդակի բարձրացումը։  

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am