«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

13/04/2021

Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետևողականորեն կրկնել այնքան, մինչև դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:
Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.
Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, և Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (bit.ly/2Rl3dhV), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին (bit.ly/329iXa1):
Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ»»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի քառօրյա պատերազմից հետո խոստացել էր նրանց հանձնել Արցախը։
«Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Վիեննայում արդեն տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Ինչո՞ւ մինչ այդ ժամանակ այս մակարդակի հանդիպում չի եղել: Բայց հենց ապրիլյան մարտերի ընթացքում մենք հայերին հարված հասցրինք, անմիջապես մայիսին հանդիպում տեղի ունեցավ:
Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը: Ես համաձայնվեցի, և նա հեռացավ: Դրանից հետո այնտեղ կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել, նրանք գրավել են ոստիկանական բաժանմունքը (ՊՊԾ գունդ): Այս պատրվակով նա հրաժարվեց իր խոստումից: Մեզ նորից խաբեցին: Եվ ոչ միայն Սարգսյանը, բոլորը: 2018-ին Նախիջևանի գործողությունն իրականացվեց, մենք նորից դաս տվեցինք նրանց, ևս ցույց տվեցինք, որ այս ամենը վատ է ավարտվելու, մենք կոչնչացնենք նրանց: Եվ դա դաս չծառայեց: Ավելին, դա համընկավ իշխանափոխության հետ: Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն »,-ասել է նա։