«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի «ընդդիմադիրը» Քոչարյանն է. Պետրոս Մակեյան

29/04/2021

«Փաշինյանը պետք է հեռանա»  8 կուսակցություններ նման կոչով համատեղ հայտարարություն են ստորագրել։ Նրանք են՝  Նարինե Դիլբարյանի ղեկավարած «Ժառանգությունը», Պարույր Հայրիկյանի՝ ԱԻՄ-ը, Գառնիկ Մարգարյանի՝ «Հայրենիք և պատիվը», Անդրիաս Ղուկասյանի՝ Հայ կառուցողական կուսակցությունը, Պետրոս Մակեյանի՝ «Ժողովրդավարական հայրենիքը», Արթուր Բալոյանի՝ «Արդարություն» կուսակցությունը, Միքայել Հայրապետյանի՝ Պահպանողական կուցակությունը և Արտյոմ Խաչիկյանի՝ «Հայք»-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.«Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հայտարարում և զգուշացնում ենք

Ա Նիկոլ Փաշինյանը պետք է  հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։

Բ Ն Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։

Գ  Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։

 General News լրատվականը զրուցել է հայտարարությունը ստորագրած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ։

-Պարոն Մակեյան, 8 արտախորհրդարանական ուժեր՝ այդ թվում նաև Ձեր ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիքը» հայտարարություն են տարածել՝պահանջելով վարչապետի արդեն պաշտոնակատար  Փաշինյանի հրաժարականը։ Ի՞նչ հիմնական մտահոգություններ եք տեսնում, եթե նա մինչև արտահերթ ընտրությունները շարունակի պաշտոնավարել։

-Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անում են ամեն ինչ՝ նորից վերարտադրվելու համար։ Կեղծ հարցումների արդյունքում՝ նրանք ունեն մեծ վարկանիշ, բայց մեր տպավորությամբ այդ վարկանիշի հիմքում ընկած է  նախկինների ակտիվ գոյությունը։17-ի ակտիվությունը բերում է նրանց վարկանիշի պահպանմանը, քանի որ հանրային որոշակի շերտեր վախենալով նախկիններից՝ էլի փորձում են տեսնել Նիկոլ Փաշինյանին։ Դրա ապացույցն է նաև Սյունիքում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված սադրանքը։ Նա այցելեց  Սյունիք՝ նորից վերակենդանացնելով 17-ին։ Դա նշանակում է, որ ինչպես անցած երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա՝ նրանք ամեն ինչ անում են՝ պահպանելու սև ու սպիտակի գոյությունը, որպեսզի այլ ուժերի առկայություն դաշտում չլինի։ Եթե իշխանությունը մնում է մեկին, մյուսը դառնում է ընդդիմություն։

Արտահերթ վերջին ընտրություններն անցկացվեցին բարձր հեղափոխական էյֆորիայի պայմաններում։ Պահելով Մուկուչյանին ու նրան օգտագործելով իրեն հաճո Ազգային ժողով ձևավորելու համար  2018 թվականի դեկտեմբերին, նույն բանը նա հիմա էլ է փորձում անել։Նույն Մուկուչյանի ունակությունները նա փորձում է  օգտագործել։ Եթե սա տեղի ունենա՝ կնշանակի մեր ժողովուրդը չունի արժանապատվություն, քանի որ թույլ է  տալիս պարտված քաղաքական ուժին մնալ իշխանության։ Բայց մեծ հաշվով դա ժողովրդի խնդիրը չէ, օգտագործելով վարչական ռեսուրսները՝ այդ թվում Մուկուչյանի ունակությունները  նրանք ձգտում են պահել իշխանությունը։ Մենք 8 կուսակցություններով փորձել ենք ահազանգել՝ ասելով, որ այս տարբերակը երկիրը տանելու է  ցնցումների, քաղաքացիական բախումների ու արյունահեղության։Իհարկե լավագույն տարբերակը կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին իր կողմից, բայց ոչ իր մասնացկությամբ, այլ ինքը դառնար իշխանափոխության երաշխավոր։ Բայց քանի որ իրենք պատրաստ չեն այդ տարբերակին, մնում է մյուս  տարբերակը՝  չմնալ նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Փորձում ենք կանխել նմանատիպ միտումները։

-Ըստ էության դուք համաձայնել եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս հայտնած մտահոգության հետ։

-Միանշանակ ճիշտ եք։ Մենք մեր քննարկման  ընթացքում անդրադարձել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին և նույնիսկ տարբերակներից մեկով պետք է հղում անեինք իր ասածին, բայց վերջնական տարբերակին դուք արդեն ծանոթ եք։

-Այդ ուժերը քննարկու՞մ են դաշինքային տարբերակով ընտրություններին մասնակցելը։

-Քննարկումներն ընթանում են։ Սպասում ենք՝ տեսնենք,թե ինչ զարգացումներ կլինեն։ Դուք գիտեք, որ արդեն 6 ամիս է այս ուժերը քննարկումներ են անցկացնում, այս պահին դեռ վերջնական որոշում չկա։

-Այսինքն՝ ընտրություններին հստակ մերժում չկա։

-Մասնակցության-չմասնակցության, ձևաչափի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։

-Օրերս իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրեն բերեցին իշխանության, կարծում եք այդ բերողը հենց Նիկոլ Փաշինյա՞նն էր՝ իր նախկինների դեմ պայքարի քաղաքականությամբ։

-Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն արեց, բայց իր համար ամենացանկալի ընդդիմադիրը Քոչարյանն է։ Այդպիսով նա քաղաքական դաշտում գոյատևելու հնարավորություն  կունենա։ Նիկոլ Փաշինյանի համար Քոչարյանն ամենացանկալի թեկնածուն է։

-Այսինքն իրեն առողջ ընդդիմություն պետք չէ։

-Եթե իրեն առողջ ընդդիմություն պետք լիներ, նա չէր շարունակի քաղաքական դաշտն ապականել այնպես, ինչպես 20 տարի արեցին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ինքն ավելի վատ բան արեց, քանի որ ժողովուրդը հավատում էր, որ ինքը դրական փոփոխություններ կբերի, բայց ինքն  արեց նույնը՝ շատ ավելի վատ ձևով։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյանը