«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա․ Անահիտ Ավանեսյան

21/09/2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ «Եռաբլուր» պանթեոնում չցանկացավ մեկնաբանել փաստը, որ կարմիրբերետավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցից առաջ քաշքշելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց:

«Չեմ մեկնաբանի, այսօր բոլորն այստեղ եկել են, հարգանքի տուրք են մատուցել, եկեք օրվա խորհրդի մեջ մնանք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու զոհվածների անունները մինչեւ հիմա չեն հրապարակվում, նա պատասխանեց. «Դա ՊՆ-ի գործառույթն է, պետք է հարցն իրենց ուղղեք: Ես վստահ եմ, որ առաջիկայում կհրապարակվի»:

Անդրադառնալով վիրավորներին, նախարարը նշեց. «Մենք հիվանդանոցներում արդեն բավական դուրս գրվածներ ունենք, մեր բոլոր վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա: Հույս ունենք, որ բոլորն էլ պետք է ապաքինումով դուրս գա: Նրանց թիվը չեմ կարող հրապարակել:

Այո, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք ունենաք դրական դինամիկա: Այն, որ վիճակը կայուն է, արդեն բավական լավ է»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: