Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը․ Փաշինյան
Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։