«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը

15/04/2021

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Այդ մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։

ՏԿԵ նախարար Ս․Պապիկյան․«Ծրագրի ընթացքում մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորն այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար շատ ուրախ ենք ողջունելու երկրի համար այս դժվար պայմաններում նմանատիպ կապիտալ շինարարական ծրագրի մեկնարկը»։

Հայաստանում ԵՄ դեսպան Ա․ Վիկտորին․«Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին»։

ՎԶԵԲ-ի տարաշրջանային գրասենյակի ղեկավար Դ․Գվինդաձե․«ՎԶԵԲ-ը ուրախ է աջակցել Հայաստանին թափոնների կառավարման ժամանակակից համակարգ ներդնելու հարցում։ Իրականացվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա բնապահպանության ոլորտի վրա՝ օրինակ ծառայելով Հայաստանի մյուս մարզերի համար»։

Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։

Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։