«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սենտ Վինսենտ կղզում հրաբխի ժայթքումը սպառնում է ողջ տարածաշրջանին

15/04/2021

Կարիբյան ծովի Սենտ Վինսենթ կղզում հրաբխի ժայթքման պատճառով հարևան Բարբադոս, Անտիգուա և Բարբուդա կղզիները նույնպես հայտնվել են վտանգի առաջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ ՄԱԿ-ի՝ հումանիտար ճգնաժամն այնքան լուրջ է, որ կղզիներին օգնություն հարկավոր կլինի ոչ միայն հիմա, այլ նաև հետագա վերականգնման համար։
Սենտ Վինսենթի հյուսիսում գտնվող Սուֆրիեր հրաբուխը սկսել է ժայթքել 6 օր առաջ, որից հետո այն ամեն օր ծուխ և մոխիր է արտանետում։ Հրաբխի հարակից շրջաններից տարհանվել է շուրջ 20 հազար մարդ։ Շուրջ 4000 մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։ Մյուսները տեղավորվել են հարազատների մոտ կամ տեղափոխվել հարևան կղզիներ։
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ շատ ապաստարաններում չկան նույնիսկ կյանքի համար տարրական պայմաններ, մասնավորապես՝ խմելու ջուր։ Տեղի իշխանությունները հաղորդում են, որ տեղահանվածներին խմելու ջրով ապահովելը և կարմիր գծից այն կողմ գտնվող փողոցներից մոխիրը մաքրելը գլխավոր խնդիրներից են, որոնք իրենք չեն կարող հաղթահարել առանց արտաքին օգնության։
Հրաբխից արտանետվող մոխիրը ծածկել է նաև հարևան կղզիները։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Սուֆրիեր հրաբուխը քնած էր, սակայն 2020 թ.-ի վերջերին այն սկսել էր ակտիվություն ցուցաբերել՝ պարբերաբար որոշակի քանակությամբ ծուխ արտանետելով։ Վերջին անգամ այն ժայթքել էր 1979 թ.-ին։