«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գուրգեն Արսենյանը փորձել է մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

08/12/2021

Մենք այս պահին ունենք գործող ռազմական կանոնակարգեր, ռազմական կանոնակարգերի համապատասխան դրույթները բացատրում են՝ ինչ բան է դասալիքը։ Դասալիքի կետ կապված գնահատականը, որակավորումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը՝ արդյոք դասալի՞ք է կոնկրետ զինծառայողը, թե՞ ոչ, խորհրդարանի մուտքի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունը դատապարտող բողոքի ակցիա անցկացնող գերիների ծնողների հետ զրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

ՔՊ խմբակցության պատգամավորը Ալեն Սիմոնյանի կողմից գերիներին «դասալիք» անվանելը բացատրեց զուտ հռետորաբանությամբ:

«Հասկացեք՝ դա հռետորաբանության ոլորտից է։ Հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և նաև իրավունք ունեն հնչեցնել, այդ հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որը կարող է մարդկանց համար դիտարկվել որպես կանոն։ Դա կանոն չէ, դա «օборот речи» է, ռուսերեն այդպիսի բան կա», - ասաց Արսենյանը:

Նրա բացատրությունը, սակայն, ավելի զայրացրեց գերիների ծնողներին։ Նրանք անընդունելի համարեցին Արսենյանի մտքերը, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, մնաց իր տեսակետին։

«Հռետորական, հրապարակային գործունեության պարագայում մարդիկ կարող են․․․ մարդիկ մարդ են, ու խոսելու, ինչ-որ նախադասություններ ասելու, ինչ-որ համեմատություններ անելու բանը հատուկ է մարդկանց։ Դրանով ենք մենք տարբերվում Երկիր մոլորակում մնացածից», - ասաց իշխանական պատգամավորը։

Ծնողների առարկությանը, որ Ալեն Սիմոնյանի «հռետորական արվեստը» իրենց զավակների կյանքը կարող է արժենալ, Արսենյանն արձագանքեց․ «Ես ձեր հետ այս պահին չեմ մտնում այդ հարցի քննարկման, երկխոսության մեջ»։