«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՄԵՐԺԵՑԻՆ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՔՊ-ԻՆ, ՈՐՔԱՆ ՌՈՄԱՆՈՍԻՆ ՈՒ ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ. ՀՐԱՊԱՐԱԿ

07/12/2021

Դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում, քաղաքացիները մերժեցին «թուրք-ադրբեջանական մաքսակետերով» ապագա խոստացող իշխանություններին ու նրանց թեկնածուներին։ Համապետական ընտրություններին Նիկոլ Փաշինյան ընտրած քաղաքացիները համայնքային ընտրություններում չընտրեցին ՔՊ թեկնածուներին, ընդ որում՝ ձայների զգալի տարբերությամբ։ Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր դա «պայմանավորել» քաղաքացու հաղթանակով՝ որ արդար, թափանցիկ ընտրություններ են կայացել, եւ քաղաքացին ինքն է եղել իր քվեի տերը։ Մինչդեռ պարզ է, որ ժողովուրդը մերժեց երկիրն այս վիճակին հասցրած ուժին եւ, այո՝ տեր կանգնեց իր քվեին։

Ակնհայտ է, որ իշխանությունների համար պատվի հարց էր որոշ համայնքներում հաղթանակ տանելը, հատկապես՝ խոշոր քաղաքներում։ Եվ դրա համար կենտրոնացրել էին ամբողջ պետական ապարատն ու վարչական ռեսուրսը, որ հաղթեն, օրինակ՝ Աբովյանում, Ապարանում, Մասիսում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Վայքում, Եղեգնաձորում, բայց չհաղթեցին։

Աբովյանում, դիցուք, գործի էին դրվել կառավարության բոլոր լծակները՝ Ռոմանոս Պետրոսյանից սկսած, բայց աբովյանցիները մերժեցին թե՛ Ռոմանոսին, թե՛ ՔՊ-ին՝ իր «Ապագա կա» կարգախոսով, թե՛ ՔՊ-ի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Պավել Ցուգունյան անունով, որին ոչ ոք չէր ճանաչում քաղաքում։ Աբովյանցիները քաջ գիտակցում էին, որ Ցուգունյանի ընտրվելու դեպքում Աբովյանում քաղաքապետ է աշխատելու Ռոմանոսը, որը բարձր հեղինակություն չունի այստեղ, չնայած շատ մեծ ամբիցիաներ ունի։ Երեկ այդ ամբիցիաները բախվեցին ԲՀԿ-ի ու նրա քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանի հավաքած ձայներին։

Աբովյանում, հիշեցնենք, չորս ուժ էր մասնակցում՝ ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Ի սկզբանե այստեղ հետաքրքիր պատկեր էր ձեւավորվել։ ՔՊ-ն, որպես իրեն ֆեյք մրցակից եւ հետագայում հավանական կոալիցիայի համար հարմար ուժ, Աբովյանում «առաջադրել» էր նաեւ իր արբանյակ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ իշխանություններին «հանձնված» օլիգարխ Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) քրոջ որդին` Էմիլ Հարությունյանը։ Նրան ճանաչողներն ասում են՝ վատ տղա չէ, բայց քարոզարշավի ընթացքում աչքի ընկավ մի կերպ արտաբերվող մտքերով եւ քաղաքի խնդիրների վերաբերյալ «կարուսելային» պատկերացումներով։ Նաեւ հայտարարեց, որ մի ուժ կա, որի հետ հաստատ կոալիցիա չի կազմի, եւ այդ ուժը ԲՀԿ-ն է, որի հետ իրենք այսօր թշնամության մեջ են։ Էմիլը, հիշեցնենք, 2019-ի փետրվարին «Պարտեզ» ռեստորանի մոտ հնչած կրակոցների մի կողմում էր, մյուս կողմում Ծառուկյանի որդին ու նրա ընկերներն էին։ Էմիլն այդ կրակոցներից վիրավորվել էր, նրանց կողմից եղան նաեւ զոհեր։ Ու մինչ օրս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի ու Գագիկ Ծառուկյանի, նրանց հարազատների ու թիմակիցների միջեւ խոր թշնամանք կա, որն իր դրսեւորումներն է ստանում նաեւ քաղաքականության մեջ։

ՀՅԴ-ի թեկնածուն Կոտայքում Արման Մեղրյանն էր՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբոր, արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Պետրոս Մեղրյանի որդին։ Նա կիրթ, հավասարակշռված երիտասարդ է, բայց Աբովյանում լայն ճանաչում չունի ու քաղաքական առումով հայտնի դեմք չէ։ Ամենահակասականը ԲՀԿ-ի թեկնածուի՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի կերպարն է։ Նրան ե՛ւ հարգում, ե՛ւ ընդունում են Աբովյանում, ե՛ւ չեն մոռացել նաեւ նրա անվան հետ կապված տարատեսակ սկանդալային պատմությունները, երբ ԲՀԿ-ն ձիու վրա էր, եւ թուրն աջ ու ձախ կտրում էր։

Աբովյանցիները Ծառուկյանի նախկին թիկնապահ Էդոյից քաղաքապետ այնքան էլ լավ չէին պատկերացնում, հատկապես, որ նա խոսելու սեր չունի, եւ ընտրությունների քարոզարշավն էլ հիմնականում ԲՀԿ-ի քաղաքական դեմքերն էին վարում։ Նա այդպես էլ մեր թերթին հարցազրույց չտվեց՝ որքան էլ փորձեցինք նախընտրական փուլում զրուցել։ Բայց աբովյանցիները նաեւ ասում էին՝ ավելի լավ է Բաբայան Էդոն դառնա քաղաքապետ, ում ճանաչում են, հազար ու մի հարցով դիմել են՝ օգնել է, քան ՔՊ-ն՝ իր Ռոմանոսով եւ անհայտ Պաշով։ Աբովյանցիների համար իսկական քաղաքապետի թեկնածու էր գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որն այս ընտրություններին հրաժարվեց առաջադրվել ԲՀԿ-ի ցուցակով, ԲՀԿ-ի դեմ էլ չցանկացավ դուրս գալ՝ ելնելով իր մտերիմ հարաբերություններից ու Ծառուկյանի հետ անցած ճանապարհից։ Գեւորգյանը, ի դեպ, այդ օրը Աբովյանում չէր, ԲՀԿ-ի շտաբում չէր երեւացել, ինչպես հասկացանք՝ որոշել էր չխառնվել ընտրություններին՝ ո՛չ խանգարել, ո՛չ աջակցել ԲՀԿ-ի թեկնածուին։

Օրվա վերջում արդեն պարզ էր, որ ԲՀԿ-ն ձայների զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ, երրորդ տեղում Մելոյի քրոջ տղան է, ի դեպ՝ նա, չնայած որ ներկայացնում էր «Հանրապետություն» կուսակցությունը, բայց մարդիկ նրա մասին խոսելիս ասում էին՝ «Մելոյենք»։ Իսկ չորրոդ տեղում ՀՅԴ-ն էր։ Բայց երեկ պարզ դարձավ, որ Էդուարդ Բաբայանը 50+1 տոկոս ձայն չի հավաքել, որ կարողանա միանձնյա  իշխանություն ձեւավորել։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ ԲՀԿ-ն ստացել է 10 հազար 403 ձայն կամ ձայների 46,1 տոկոսը։ ՔՊ-ն ստացել է 8 հազար 261 ձայն կամ ձայների 37 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը, այն է՝ «Մելոյենք», ստացել է 2 հազար 696 ձայն կամ 12 տոկոս քվե, իսկ չորրորդ տեղում Դաշնակցությունն է՝ 1158 ձայնով կամ ընդհանուր ձայների 5,1 տոկոսով։ Սա նշանակում է, որ քաղաքապետ պետք է ընտրվի եւ իշխանություն ձեւավորվի կոալիցիայի միջոցով։ ՔՊ-ն ԲՀԿ-ի հետ իշխանական կոալիցիա չի ձեւավորի, քանի որ Էդուարդ Բաբայանը դեռ ընտրությունը չավարտված՝ մեզ ասել էր, որ բացառում է ՔՊ-ի հետ կոալիցիան։ Մելոյի քրոջ որդին էլ բացառել էր ԲՀԿ-ի հետ կոալիցիան։

Արդյունքում ստացվում է՝ կա՛մ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» պիտի միասին կոալիցիա կազմեն, կա՛մ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Բայց ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության ձայների միավորման արդյունքում անգամ 50 տոկոսից էլ քիչ քվե է ստացվում՝ 49 տոկոս, ուստի մնում է մի տարբերակ՝ կոալիցիա կազմեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք միասին ունենում են ձայների 51.2 տոկոսը։ Նրանք նաեւ նույն գաղափարական դաշտում են, ուստի ոչինչ չի խանգարի այդ միավորմանը։ Ըստ ամենայնի՝ նրանք շուտով կմիանան եւ Էդուարդ Բաբայանին կընտրեն քաղաքապետ։ Ստացվում է՝ Աբովյանում մերժեցին ոչ միայն ՔՊ-ին, այլեւ անձամբ Ռոմանոսին ու Շշի Մելոյին։