«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ակնարկ 1920-ական թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին

03/05/2022

Ինչպես հայտնի է, 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի համաձայնագրով ՀՀ կառավարությունը որոշ պայմաններով հեռացավ իշխանությունից` այն հանձնելով Դ.Կանայանի (Դրո) և ՌՍՖԽՀ կոմիսար Օ.Սիլինի համատեղ ղեկավարությամբ գործող զինվորական հրամատարությանը` մինչև Ռազմհեղկոմի ժամանումը Երևան: 1920 թ. դեկտեմբերի 4-ին Երևան ժամանած Հայաստանի ՌՀԿ-ի նախագահ Ս. Կասյանը, հեղկոմի անդամ Ա. Նուրիջանյանը, մի քանի օր անց նրանց միացած Ա. Բեկզադյանն ու Ի. Դովլաթյանն իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, և հայոց պատմության մեջ սկսվում է խորհրդային հանրապետութան շրջանը:
Անցնելով իշխանութան գլուխ՝ հայ բոլշևիկները սկզբից ևեթ ստիպված էին գործել տնտեսական ու քաղաքական ծանր պամաններում: Խորհրդային իշխանության հաստատման պահին Հայաստանն ամբողջովին մեկուսացված էր արտաքին աշխարհից: Քեմալականները զավթել էին հանրապետության մոտ կեսը և փակել ինչպես Ալեքսանդրապոլով դեպի հյուսիս անցնող, անպես էլ Նախիջևանի վրայով դեպի հարավ՝ Իրան տանող միակ երկաթուղին, Լոռին էլ զավթել էին վրաց մենշևիկները։
Բնական է, որ նման պամաններում Հայաստանում իշխանությունը ստանձնած կոմունիստական կուսակցությունը պետք է մեծ ուշադրություն դարձներ արտաքին հարաբերություններին, և առաջին հերթին Թուրքիայի հետ ստեղծված թշնամական մթնոլորտի վերացմանը: Այդ ուղղությամբ Հայհեղկոմն իր առաջին քայլը կատարեց հենց 1920 թ. նոեմբերի 29-ի դեկլարացիայում, որտեղ հայտարարվում էր. <<Հավատում ենք, որ իմպերիալիստական լծից ազատագրվող Տաճկաստանը մեզ ևս իր հետ Սևրի դաշնագրի հակառակորդ համարեով՝ մեզ եղբայրական ձեռք է մեկնելու…>>:
Թուրքիայի նկատմամբ այսպիսի լավատեսական տրամադրությունները արդյունք էին տիրող այն կարծիքի, որ, իբր, քեմալականները Հայաստանում ագրեսիվ նպատակներ չեն հետապնդում, որ նրանք պայքարում են միայն Անտանտի հավատարիմ գործակալների՝ դաշնակների դեմ։ Շուտով, սակայն, պարզվեց, որ <<Արևելքը հեղափոխականացնող>>,  աշխատավորական Թուրքիան բոլորովին էլ մտադիր չէ փոխել իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ իրոք, դեկտեմբերի 2-ին, արդեն իշխանությունը կորցրած դաշնակների հետ, նրանք ստորագրեցին Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը, իսկ նոր կոնֆերանս հրավիրելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Խորհրդային Հայաստանի Հեղկոմի պահանջը դիվանագիտորեն մերժելով՝ պատասխանեցին, թե «մոտ ապագայում կհրավիրվի կոնֆերանս, որտեղ Խորհրդային Ռուսաստանի և  Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին քննության կառնվեն կովկասյան խնդիրներն ընդհանրապես»։ 
Նման պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամեն մի ձգձգում ոչ միայն նշանակում էր շրջափակման շարունակություն, այլև բարոյական ուժեղ հարված էր հասցնում խորհրդային իշխանության հեղինակությանը Հայաստանում, ուստի, չհաշտվելով Թուրքիայի՝ Հայաստանի համար կործանարար այդպիսի քաղաքականության հետ, ՀԿԿ Կենտկոմը և Հեղկոմը Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ պայքար ծավալեցին Ալեքսանդրապոլի պայմանագրի վերացման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նոր կոնֆերանսի հրավիրման համար։ 
1920 թ. դեկտեմբերի 10-ին արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանը Անկարայի կառավարությանն ուղղած նոտայում հույս հայտնելով, որ «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը անկեղծ ուրախությամբ է ընդունել հեղափոխական հեղաշրջումն ու սովետական իշխանության հաստատումը Հայաստանում», և որ «այսուհետև բացառվում է Թուրքիայի և Հայաստանի միջև թշնամական ընդհարումների ամեն մի հնարավորություն» առաջարկեց չեղյալ համարել դաշնակների ստորագրած Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը և «շուտով կոնֆերանս հրավիրել Հայաստանում հեղափոխական հեղաշրջմամբ ստեղծված նոր պայմաններին համապատասխան համաձայնության գալու համար»։ 
Ինչպե՞ս պատասխանեց դրան Թուրքիան։ Թուրքիայի կառավարությունը պնդում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմքում դրվեն Ալեքսանդրապոլի պայմանագրից բխող պայմանները։ Թուրքական կողմը արդարացի էր համարում Հայաստանի տարածքի մոտ կեսի զավթումն իր կողմից։ Քեմալականները միաժամանակ ամեն կերպ ձգտում էին իրագործել զինադադարից և Ալեքսանդրապոլի պայմանագրից բխող պայմանները՝ շարունակելով թալանը և բռնությունները օկուպացված շրջաններում։ Օրինակ, 1920 թ. դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Արևելյան ռազմաճակատի հրամանատարությունը Հայաստանի Հեղկոմից պահանջում է Ուլուխանլու կայարանում (աժմ՝ Մասիս) կանգնած 40 վագոն զինամթերքը շտապ կերպով փոխադրել Ալեքսանդրապոլ և հանձնել իրեն, ինչպես նաև թուրքական բանակի ներկայացուցիչներին Երևանի նահանգում մթերքների գնումներ կատարելու թույլտվություն տալ։
Այնուհետև ՀԽՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը անարդարացի է համարում Ալեքսանդրապոլի գավառում թուրքական զորքերի մնալը և համոզմունք հայտնում, որ <<Անկարայի կառավարությանը չի մերժի անհապաղ կարգադրություն անել ազատելու և հայրենիք վերադարձնելու ռազմագերիներին>>: 
Սակայն քեմալականները ոչ միայն չեն համաձայնվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր կոնֆերանս հրավիրել, այլև հրաժարվում են Ալեքսանդրապոլի գավառը թուրքական զորքերից մաքրելուց, որը Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի անբաժանելի մաս էր ճանաչված։ 
Ձգտելով խուսափել պատասխանատվությունից և մեղքը բարդել Սովետական Հայաստանի կառավարության վրա, թուրքական կողմն ամենաաննշան դեպքերն անգամ ուռճացնելով աղմկում էր հայ կոմունիստների անբարյացկամության մասին։ Այսպես օրինակ, վերոհիշյալ նոտայում թուրքերը նշում են, թե իբր հայերը անօրինական կարգով ձերբակալել են Թիֆլիս ուղեվորվող թուրքական դիվանագիտական սուրհանդակներին, մինչդեռ Սովետական Հայաստանի պետական անվտանգության օրգանները նրանց ձերբակալել էին համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով։ Այն օրերի համար զարմանալին այն է, որ այսպիսի անհիմն մեղադրանքները Անկարայի կառավարությունը ներկայացնում էր սպառնալիքներով հանդերձ՝ <<Այս պայմաններում, խնդրում եմ հավատալ, որ թուրք ժողովրդի ողջ համբերությունը և չափավորությունը, ինչպես նաև հայկական ռեժիմի [նկատմամբ] մեր ունեցած բարեկամությունը հարկավոր կլինեն, որպեսզի մենք կարող լինենք պահել մեր սառնարյունությունը... ուզում եմ մի անգամ ևս արտահայտել իմ կառավարության տեսակետը Ձեր հարուցած խնդիրների վերաբերյալ։ Մենք Ալեքպոլի դաշնագիրը համարում ենք ո՛չ թե բռնության գործ, այլ արդարության և հավատում ենք, որ նրա կիրառումը անհրաժեշտ է Կովկասում տևական մի խաղաղություն հաստատելու համար>>:  
<<Տևական խաղաղության>> սին գաղափարով հայ ժողովրդին հասցրին մինչև 1921 թ․ Մոսկվայի կոնֆերանս, և այն միամիտները, ովքեր հավատացած էին, թե բանակցելու են թուրքերի հետ Ռուսաստանի միջնորդությամբ (ներկայությամբ) հերթական անգամ կանգնեցին կոտրված տաշտակի առաջ, քանի որ ոչ միայն նրանց չթույլատրվեց մասնակցել այդ կոնֆերանսին, այլև ռուս-թուրքական <<Բարեկամության և եղբայրության>> պայմանագրով ոչ միայն Արևմտյան, այլ նաև  Արևելյան Հայաստանից կտրվեցին և Թուրքիային անցան հսկայական տարածքներ։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան       

Generalnews.am