«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչ ոք չի ասում՝ սիրեք թուրքերին, բայց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման ամենամեծ դրսևորումը հզոր Հայաստան կառուցելն է

22/04/2021

General News լրատվականը զրուցել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ։

-Պարոն Քեռյան, մոտենում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հետպատերազմյան այս շրջանում հայ-թուրքական հարաբերություններն այլ նշանակություն են ստացել, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն այս պահին, ինչքանո՞վ է հնարավոր ճանաչումը։

-Մեր ակնկալիքը մշտապես եղել է այն, որ աշխարհի հզորագույն պետությունները ճանաչեն ու Հայաստանին օգնեն Ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործում։ Մինչ այս պատերազմը ղարաբաղյան  հարցի չլուծվածությունն ընկալվում էր որպես  Ցեղասպանության հետևանք։ Երբ առաջանում էր բանավեճ՝ արդյոք Ցեղասպանությունը կապ ունի ղարաբաղյան  հարցի կարգավորման հետ, կար այնպիսի մի մտայնություն, որ գուցեև Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջնական փուլում հայանպաստ դիրքերից հանդես գան ու սա լինի Ցեղասպանության հետևանքների հաղթահարման ինչ-որ մի դրսևորում։ Եթե  Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը հայրենազրկվել է, հայկական տարածքները անարդար կերպով տրվել են  հարևան երկրներին, օրինակ Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ Հայաստանին միացումը կարելի էր ընկալել որպես Ցեղասապնության հետևանքների հաղթահարման դրսևորում։ Բայց, ցավոք  սրտի, ամեն ինչ ցույց տվեց, որ մեր միամիտ և նույնիսկ անհիմն բարոյական պատկերացումները ոչ մի աղերս չունեին իրական քաղաքականության հետ։

Հիմա ամբողջ հայ ժողովուրդն ակնկալում է, որ Բայդենը պետք է  իր ուղերձում ասի «Ցեղասպանություն» բառը։ Բայց իրականում երբ նայում ես՝ վեց-յոթ ամիս առաջ՝ նույն Միացյալ Նահանգները՝ աշխարհի գերտերությունը, Մինսկի խմբի համանախագահ երկիրը պարզապես կույր ու համր էր, որբ հենց նույն Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա էր տեղի ունենում, հասկանում ես, որ այդ «Ցեղասպանություն» բառի արտասանումը ոչ մի արժեք չունի։Եթե Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի դիրքորոշումը կոշտ լիներ, նրանք ստիպեին Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Թուրքիայի առաջ նախապայման դնեին՝ մենք կհասկանայինք, որ նրանք իսկապես գործնական քայլեր են անում։ Թե չէ հիմա ստացվում է, որ մենք սպասում ենք, որ Բայդենն ասի այդ  բառը, բայց մի քանի ամիս առաջ մեր հայկական չճանաչված հանրապետությունը կոտորվում էր ու բոլորը լուռ էին։ Իսկ մեր ուզածը մեծ բան չէր, մենք այդ  միլիոնուկես զոհերին ավելացրեցինք ևս  հինգ հազարը։ Պետք է երկար վերլուծություն անենք՝ արդյոք միջազգային հանրությունից մենք որևէ անգամ ինչ-որ բան ստացել ենք ու այժմ պե՞տք է սպասելիքներ ունենանք։Ես կարծում եմ, որ թե՛ ղարաբաղյան հարցում և թե՛ Ցեղասպանության ճանաչման հարցում մենք պետք է լինենք հաշվենկատ, պրագմատիկ, երբեք չպետք է խաբվենք սուտ խոստումներին։ Մեզ համար այդ Ցեղասպանոթյան ճանաչումը այսուհետ պետք է լինի տարածաշրջանում մեր ամրապնդմանը նպատակաուղղված գործողություն։ Եթե դա ոչ մի կերպ դրան չի նպաստելու, ապա ավելի լավ է  լռել ու այդ միլիոնուկուս զոհերի արյունը չդարձնել միջազգային առևտրի առարկա։

-Այժմ երկընտրանքն այսպես է դրվում. կա՛մ Թուրքիայի հետ հարաբերություններ ես հաստատում ու դավաճան ես համարվում կա՛մ էլ լավ հայրենասեր ես ու գնում ես ճանաչման ուղղությամբ։ Երկուսն իրար հակադրվու՞մ են ըստ Ձեզ։

-Կա  երկու տեսակետ։ Առաջինը՝  պետք է Ցեղասապնության միջազգային  ճանաչման գործընթացից չհրաժարվել, բայց դա չպետք է դարձնել  պետության արտաքին քաղաքականության գերխնդիր։Մեկ ուրիշ տեսակետ կա՝ ասում են մեզ համար միայն դա է կարևոր և ամեն ինչ պետք է ստորադասել դրանից։Ես առաջին տեսակետի կողմնակից եմ։ Մենք կարող ենք  պայքարել միջազգային ճանաչման համար, բայց դա դարձնել արտաքին քաղաքականության գերխնդիր՝սխալ է։ Եթե մենք  դա դարձնում ենք գերխնդիր, մենք թուլանում ենք, տնտեսական զարգացման ու կոմունիկացիոն առումներով հայտնվում ենք փակուղային իրավիճակում։ Արդյունքում Հայաստանը դատարկվում է և պետությունը պարզապես կործանվում է։ Ես գտնում եմ, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի կառուցված ամենամեծ կարևոր հուշարձանը՝ հզոր Հայաստանն է։ Եթե մենք ունենանք հզոր Հայաստան, բարեկեցիկ երկիր՝ դա կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակի  հարգման ամենամեծ դրսևորումը։ Եթե մենք ընկնում ենք ձևի հետևից, բաց թողնում բովանդակությունը, այդ դեպքում մենք կորցնում ենք նաև պետությունը։Ցեղասպանության զոհերի հիշատակի ամենավառ պահելու թիվ մեկ գրավականը Հայաստանը պահելն է։Այս տրամաբանությամբ եթե գնում ենք, ապա Հայաստանը պահելու համար մեզ պետք են կոմունիկացիաներ։ Այստեղ խնդիրը միայն Թուրքիան չէ ու պետք չէ առանձնացնել, որովհետև երբ առանձնացնում ենք այս տեսակի ազգայնամոլական քննադատողների հարվածի տակ ենք հայտնվում։ Երբ խոսում ենք Հայաստան պետության տնտեսական զարգացման կենսամակարդակի  բարձրացման, ներգաղթի կազմակերպման մասին՝ ամեն ինչ պարզ է դառնում։ Հակառակը պնդողները մարդիկ են, որոնք  կա՛մ չեն պատկերացնում ներկա համաշխարհային իրողությունները  կա՛մ էլ պարզապես կույր են ու կույր հակաթուրքիզմով, հակաադրբեջանիզմով, հակառուսիզմով են տառապում։ Ցանկացած «հակա» բառ  տանելու է մեզ կործանման։Եթե նմանատիպ քաղաքականությունը գերմանական հզոր ազգին կործանեց, ուրեմն հայերին հաստատ կկործանի։

-Մեզ տարիներ շարունակ ասել են, որ Թուրքիայի դրոշ վառելով լավ հայրենասեր կերևանք ու դա է ճիշտ քաղաքականությունը։

-Դա հասարակության մի հատվածի կարծիքն է։ Բայց ես կարծում եմ, որ հասարակությունը այժմ պատերազմի տպավորություն տակ է։ Իհարկե ցավալի է, որ Թուրքիան աջակցեց, եթե Թուրքիան չեզոք դիրք ունենար ու չաջակցեր Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելն ու կոմունիկացիներ բացելն ավելի ընկալելի կլիներ։ Պարզապես պետք է մի քիչ սպասել, կրքերը սառեն ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել։ Ոչ ոք չի ասում թուրքին սիրել, ո՛չ թուրքը պետք է պատասխան տա իր կատարած Ցեղասպանության համար։ Բայց իհարկե այս խնդիրը պետք է տարանջատել միջպետական հարաբերություններից։Դու չես կարող ժամանակակից թուրք երիտասարդներին ու մտավորականներին մեղադրել։ Մի փոքր հատված գուցե գիտի ճշմարտությունը, բայց մնացածին քարոզում են, որ հայը թշնամի է ու պետք է նրանց տարածաշրջանից վերացնել։ Թուրքական հասարակության շատ շերտեր ճշմարտությունը չեն էլ պատկերացնում։Իրենք ոչ դրա մասին կարդացել են, ոչ էլ գիտեն, թե դա ինչ բան է։Պետք է հասկանանք նաև, որ բոլոր պետություններն էլ առաջնորդվում են իրենց շահերով ու այդ հարցը օգտագործում հենց իրենց շահերի համար՝ Թուրքիայից զիջումներ կորզելու համար։ Հենց այդ զիջումները կորզում են, մոռանում էլ Ցեղասպանությունն էլ, մնացած ամեն ինչն էլ։

-Այո, զրույցի սկզբում անդրադարձաք Բայդենի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչմանը։ Կարծում եք եթե նա արտասանի այդ բառը կանի դա իր համոզմունքներից ելնելո՞վ, հանուն հայերի՞, թե՞ ելնելով թուրք-ամերիկյան հարաբերություններից։

-Բայդենը կճանաչի պարզապես Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի նա դադարեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը։Հենց որ թուրքերը դադարեցնեն համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ամեն ինչ կմոռանան։ Բացի այդ՝ մյուս ճանաչումները մեզ ի՞նչ են տվել։ Սենատը, Ներկայացուցիչների պալատը ճանաչել  են, դրանից ի՞նչ է փոխվել։ Ոչի՛նչ։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյանը