«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թայվանուհուն մահապատիժ է սպառնում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար

21/01/2022

Թայվանուհուն մահապատիժ է սպառնում վերջին տասնամյակների ընթացքում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար: Կինը փորձել էր վրեժ լուծել իր ընկերոջից դավաճանության համար, հայտնում է AFP-ն։

Հրդեհը մի քանի ժամ շարունակ մոլեգնում էր հարավային Գաոսյուն քաղաքի 13 հարկանի խարխուլ բնակելի շենքի մի քանի հարկերում. հրդեհի հետեւանքով զոհվել է 46 մարդ։

Իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ Հուան անունով մի բնակչուհի, նախքան շենքը լքելը, չմարած խունկի մոխիր է թողել բազմոցի վրա:

Ուրբաթ դատախազները 51-ամյա Հուանգին մեղադրել են սպանության եւ հրկիզման մեջ եւ հայտարարել, որ նա պետք է մահապատժի դատապարտվի իր ընկերոջից վրեժխնդիր լինելու նպատակով հրկիզման համար:

«Հուանը մտադիր էր կրակ վառել՝ միջադեպ առաջացնելու եւ իր ընկերոջը խայտառակելու համար, ինչը մեծ աղետի եւ շատ անմեղ մարդկանց մահվան հանգեցրեց»,- ասվում է Գաոսյուն շրջանի դատախազության հայտարարության մեջ: «Նա չի զղջացել… Դատախազները խորհուրդ են տալիս դատարանին որպես նախազգուշացում մահապատիժ սահմանել»:

2010 թվականից,  երբ Թայվանը չորս տարվա ընդմիջումից հետո վերսկսեց մահապատիժները, մահապատժի է ենթարկվել մոտ 35 բանտարկյալ:

Նախագահ Ցայ Ինվենի կառավարությունը խոստացել է աստիճանաբար դադարեցնել մահապատիժները, սակայն 2016 թվականին ընտրվելուց հետո երկու մահապատիժ է իրականացվել: Ներկայումս մահապատժի է դատապարտված 38 բանտարկյալ, այդ թվում՝ մեկ կին։