Եթե չկա լիազորություն, չի կարող խոսք լինել դրանից զրկելու մասին. Մակունցը՝ ՀՀ նախագահի լիազորությունների մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հստակ արեց իր շեշտադրումները, թե երբ եւ ինչ հարցերով է դիմելու ՍԴ՝ նշելով, որ իրենք հարցի կարգավորումը տեսնում են բացառապես իրավական դաշտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ ԼՀԿ-ն որոշեց չմիանալ ԲՀԿ-ին եւ դիմել ՍԴ, այլ որոշեցին սպասել Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը, որից հետո անպայման կդիմեն ՍԴ:

«Իմ քայլը» խմբակցությունը նույնպես բոլոր հարցերի կարգավորումը տեսնում է բացառապես իրավական դաշտում: Ես կառաջարկեմ, որ քաղաքական հարթակից բոլոր քննարկումները տեղափոխենք իրավական հարթակ եւ թողնենք միայն իրավաբանների պարզաբանմանը:

Միայն «Լուսավոր Հայաստանի» մի դիտարկմանը կանդրադառնամ, որ «Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ՀՀ նախագահին լիազորություններից: Մենք չենք կարող խոսել լիազորություններից զրկել-չզրկելու մասին, երբ արձանագրվում է, որ իրականում ըստ իրավաբանների մեկնաբանությունների, այդ լիազորությունը ՀՀ նախագահը չունի: Այսինքն եթե չկա լիազորություն, չի կարող խոսք լինել դրանից զրկելու մասին»,-ասաց Մակունցը:

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am