«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպան հույս ունի իսրայելական գազի հաշվին հրաժարվել ռուսականից

14/06/2022

Իսրայել այցելած եվրոպացի առաջնորդները հույս են հայտնել, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածով բնական գազի մատակարարումները կօգնեն նվազեցնել կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Վերջին տարիներին, խոշոր ծովային հայտնագործություններից հետո, Իսրայելը դարձել է գազ արտահանող պետություն եւ Կիպրոսի ու Հունաստանի հետ հավակնոտ համաձայնագիր է ստորագրել՝ խողովակաշար կառուցելու վերաբերյալ:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Իսրայելի իր գործընկեր Նաֆտալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ասել է, որ Էներգետիկ ոլորտում միասին կաշխատեն՝ Միջերկրական ծովի արևելյան գազային պաշարներն օգտագործելու եւ էներգիայի վերականգնվող աղբյուրներ զարգացնելու նպատակով։ Նա շեշտել է, որ ցանկանում են նվազեցնել կախվածությունը ռուսական գազից:

Բենեթը նշել է, որ Իսրայելն աշխատանքներ է տանում՝ բնական գազը Եվրոպային հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ղեկավարները քննարկել են նաև Եգիպտոսի տարածքով Եվրոպա բնական գազ մատակարարելու հարցը։

«Այժմ մենք ուղիներ ենք փնտրում՝ Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունն ակտիվացնելու համար», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ վերահաստատելով ռուսական գազից հրաժարվելու Եվրոպայի պատրաստակամությունը:

Հայտնի է, որ հունվարին ԵՄ-ն 657 միլիոն եվրո է հատկացրել` 2000 մեգավատ հզորությամբ սուզանավային էլեկտրահաղորդման մալուխ կառուցելու համար, որը միմյանց կկապի Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի էլեկտրացանցերը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին վերոնշյալ երեք պետությունները ստորագրել են համաձայնագիր՝ գազը հարավարևելյան Միջերկրական ծովի ծովային նոր հանքավայրերից դեպի մայրցամաքային Եվրոպա տեղափոխելու նպատակով՝ ստորջրյա խողովակաշար կառուցելու վերաբերյալ:

Ակնկալվում է, որ առաջարկվող նախագիծը, որի բյուջեն կազմում է 6 միլիարդ դոլար, կբավարարի Եվրամիության բնական գազի կարիքների մոտ 10 տոկոսը: Խողովակաշարը, որի կառուցումը դեռ չի սկսվել, ըստ ԱՄՆ ներկայացուցչի, չափազանց թանկ է, տնտեսապես ոչ կենսունակ եւ չափազանց երկար: