«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ունեցողների հնարավորինս մեծ քանակ ունենանք

28/04/2021

Սեփական օրինակով ուզում ենք ցույց տալ, որ պատվաստումները կարևոր կանխարգելիչ միջոցառում են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսը և վերադառնալ բնականոն կյանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով այսօր պատվաստվեց AstraZeneca-ով։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը ևս պատվաստվել է AstraZeneca-ով, ասաց, որ պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում 18-ից բարձր անձանց համար։

«Շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ունեցողների հնարավորինս մեծ քանակ ունենանք, որովհետև դա էականորեն ազդում է կորոնավիրուսի թվերի վրա։ Ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում և այդ երկրները հիվանդության բավական ցածր ցուցանիշ են գրանցում»,-նշեց փոխվարչապետը։

Անդրադառնալով պատվաստանյութերի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններին, Տիգրան Ավինյանն ասաց, որ հատուկ են պատվաստվել AstraZeneca-ով, որովհետև ամենաշատը դրա վերաբերյալ են սուտ լուրեր տարածվում. «Որքանով ինձ է հայտնի մոտ 200 մլն դեպքից ընդամենը մի քանի տասնյակ վատ դեպք է եղել։ Եթե 200 մլն դեպքով կորոնավիրուսով վարակվելը գնահատենք, դա շատ վախենալու մահվան ցուցանիշի կբերեր, այսինքն այստեղ անհամեմատելի բաների մասին է խոսքը և միանշանակ կոչ ենք անում պատվաստվել»,-ասաց փոխվարչապետը։