«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փլուզված շենքի փլատակների տակ է դեռ 10-15 մարդ. ՆԳ նախարար

08/10/2021

Բաթումում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ: Այս մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։

«Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են: Նրանցից երկուսը խոսում են մեզ հետ հեռախոսով, բայց նրանք չեն կարող մեզ բացատրել, թե որտեղ են»,- ասել է Գոմելաուրին:

Գոմելաուրին ասել է, որ որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ, բացի դրանից, մոբիլիզացված են հատուկ սարքավորումներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և տեղի քաղաքապետարանի և քաղաքային ծառայության ներկայացուցիչներ:

Ներքին գործերի նախարարի խոսքերով՝ փլուզումը, հավանաբար, կապված է շենքի առաջին հարկում կատարվող վերանորոգման աշխատանքների հետ, ինչի պատճառով էլ հնարավոր է՝ հենապատը վնասված լինի:

Նախարարը նաև նշել է, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների: