«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում

09/07/2021

Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ին ընդունած որոշման սահմանադրականության վերաբերյալ իրենց դիմումը՝ խնդրելով ՍԴ-ին լուծել սույն ընտրական վեճը:

Նա նշեց, որ իրենց դիմումը կազմված է երկու խումբ հարցերից, որոնք կարելի է բաժանել քանակական և որակական բնույթի:

«Պատահական չէ, որ մեր դիմումում ոչ թե դիտարկվում է տեխնիկական,  բուն քվեարկության օրվա խնդիրները կամ քվեարկության  օրվան նախորդած հարցերը, այլ փորձել ենք հարցերին մոտենալ իրավահարաբերության կամ  ընտրական պրոցեսի ծագման ամենասկզբից: Այնպես է ստացվել, որ ընտրական պրոցեսի  ծագման ժամանակացույցը, իրավահարաբերությունները եղել են առավել քան անհասկանալի և սահմանադրական գործընթացների տեսանկյունից առնվազն մտահոգիչ»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Նա նշեց, որ 2021 թ. մարտի 18-ին  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թ. հունիս 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Սա կարևոր է՝ ոչ թե վերջինս ստանձնել է Հանրապետության նախագահի կողմից հայտարարությունները  փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից: Ակնհայտ է, որ նույն երևույթը չէ:

Արտահերթ ընտրությունների օր նշանակվում է  կոնկրետ հիմքերի առկայության դեպքում, ոչ թե ֆեյսբուքյան հայտարարությամբ: Փաստացի ունեցել ենք իրավիճակ, որ Հանրապետության նախագահը զրկված է եղել իր պարտադիր լիազորություններից՝ արտահերթ ընտրությունների օր նշանակելու լիազորությունից»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ հաջորդ հանգամանքը վերաբերում է ապրիլի 25-ին, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է  հրաժարական տալու մասին, միաժամանակ հայտնում է ՝ շարունակելու է իր պարտականությունները կատարել:

«Սա ակնհայտ խնդիր է առաջացնում, ուղղակիորեն պայմանավորված է  սույն դիմումում  ներկայացվող վարչական ռեսուրսի չարաշահման հիմնախնդրի և ընտրախախտման հետ: Բնավ  պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում  շարունակում է  պաշտոնավարել, մնում է  այդ պաշտոնին,  ողջ արտահերթ ընտրությունների գործընթացին ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով»,- ասաց Ա.Վարդևանյանը:

Նա ընդգծեց՝  նշված փաստացի հակասահմանադրական վարքագծով Փաշինյանն ուղղակիորեն  խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը: 

Վարդևանյանն անդրադարձավ նաև վարչական ռեսուրսի չարաշահման և դիմումում ներկայացված մյուս փաստերին: