Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ին ընդունած որոշման սահմանադրականության վերաբերյալ իրենց դիմումը՝ խնդրելով ՍԴ-ին լուծել սույն ընտրական վեճը:
Նա նշեց, որ իրենց դիմումը կազմված է երկու խումբ հարցերից, որոնք կարելի է բաժանել քանակական և որակական բնույթի:
«Պատահական չէ, որ մեր դիմումում ոչ թե դիտարկվում է տեխնիկական, բուն քվեարկության օրվա խնդիրները կամ քվեարկության օրվան նախորդած հարցերը, այլ փորձել ենք հարցերին մոտենալ իրավահարաբերության կամ ընտրական պրոցեսի ծագման ամենասկզբից: Այնպես է ստացվել, որ ընտրական պրոցեսի ծագման ժամանակացույցը, իրավահարաբերությունները եղել են առավել քան անհասկանալի և սահմանադրական գործընթացների տեսանկյունից առնվազն մտահոգիչ»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա նշեց, որ 2021 թ. մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թ. հունիս 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Սա կարևոր է՝ ոչ թե վերջինս ստանձնել է Հանրապետության նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից: Ակնհայտ է, որ նույն երևույթը չէ:
Արտահերթ ընտրությունների օր նշանակվում է կոնկրետ հիմքերի առկայության դեպքում, ոչ թե ֆեյսբուքյան հայտարարությամբ: Փաստացի ունեցել ենք իրավիճակ, որ Հանրապետության նախագահը զրկված է եղել իր պարտադիր լիազորություններից՝ արտահերթ ընտրությունների օր նշանակելու լիազորությունից»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ հաջորդ հանգամանքը վերաբերում է ապրիլի 25-ին, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է հրաժարական տալու մասին, միաժամանակ հայտնում է ՝ շարունակելու է իր պարտականությունները կատարել:
«Սա ակնհայտ խնդիր է առաջացնում, ուղղակիորեն պայմանավորված է սույն դիմումում ներկայացվող վարչական ռեսուրսի չարաշահման հիմնախնդրի և ընտրախախտման հետ: Բնավ պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, մնում է այդ պաշտոնին, ողջ արտահերթ ընտրությունների գործընթացին ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով»,- ասաց Ա.Վարդևանյանը:
Նա ընդգծեց՝ նշված փաստացի հակասահմանադրական վարքագծով Փաշինյանն ուղղակիորեն խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը:
Վարդևանյանն անդրադարձավ նաև վարչական ռեսուրսի չարաշահման և դիմումում ներկայացված մյուս փաստերին: