Ագրոտուրիզմը՝ զբոսաշրջությունը զարգացնելու ճանապարհ. «Ռադիոլուր»
Արմավիրի Շենիկ գյուղում երկար տարիներ են պահանջվել, որ լեռներն ու ստորոտները քարերից մաքրվեն, դառնան գյուղատնտեսության համար պիտանի։ 20 հա տարածքում հիմա պտղատու այգիներ են: Քարակերտցի երիտասարդ այգեգործ Վոլոդյա Մնացականյանը տարածքում որոշել է ագրոտուրիզմ զարգացնել, Արմավիրի մարզը զբոսաշրջիկների համար դարձնել գրավիչ ու ներառել տուրիստական երթուղիներում
Բաղրամյանում հիմնականում քարքարոտ, ապառաժոտ լեռնային հողատարածքներ են։ Դրանց մշակությունը գրեթե անհնարին էր, քանի որ տարածքներն անջրդի են: Խամ ու խոպան հողերը յուրացնելու համար մեծ ներդրումներ ու կամք է պահանջվել, և լեռները դարձել են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր: 26-ամյա Վոլոդյա Մնացականյանն արդեն 6 տարի՝ մշակում է 20 հա քարքարուտն ու հիմնում պտղատու այգի:
«2000թ-ից սկսած այս ընդհանուր տարածքում ծառատունկ ենք արել՝ 2010թ-ին, 2015թ-ին։ Իսկ 2018թ-ից ամեն տարի պարբերաբար ծառատունկ եմ անում: Հողը մաքրում ենք քարերից, վարում, հարթեցնում ու ծառ տնկում»։
Երիտասարդ այգեգործը հրաժարվել է մսամթերքի տեխնոլոգ-ճարտարագետի մասնագիտությունից, Երևանում աշխատելու առաջարկից, վերադարձել է գյուղ, զբաղվում է գյուղատնտեսությամբ: Որշմանը նպաստել էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որի գործունեությունը մեկնարկել էր Քարակերտից.
««Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ինձ հրավիրեց աշխատանքի, այսինքն՝ 1-ին կուրսում և՛ սովորում էի, և՛ աշխատում: «Ի Ագրո» կայք էին բացել, ծանոթացնում էին գյուղացիներին, որ իրենց ստացած բերքը կարողանային շտապ վաճառել»։
Աշխատանքային առաջին քայլերը նրան ավելի մոտեցրին հողին: Քաղաքի աղմուկից հեռու զեռունների ու գայլերի կողքին շարունակեց քարից հող մաղել՝ ամեն տարի ընդարձակելով այգու տարածքները.
«Ամեն տարի 200-500 ծառ եմ տնկում, այգին եմ ավելի շատ մեծացնում, որ բերք ունենամ, իսկ 2025թ-ից հետո նպատակ ունեմ անցնել արտադրության: Սառնարանային տնտեսություն արդեն սարքել ենք, 50տ տարողություն ունի»։
Այս տարի 2 հա տարածքի վրա տնկել է տանձի ու նշի տնկիներ: Լեռնային տարածքում ոռոգման ջուրը հասնում է փակ խողովակներով՝ պոմպերի միջոցով:
Վոլոդյան մեկ նշանաբան ունի՝ Հայրենիքը սկսվում է գյուղից, իր տեսլականը՝ մեր երկրի կայուն զարգացումն է.
«Ինչո՞ւ է հայրենիքը սկսվում գյուղից, որովհետև մենք չունենք ծով, նավթ, մեր երկրի առաջընթացը ես կապում եմ գյուղատնտեսության հետ: Մեր նավթն ու մեր ծովը մեր հողերն են, մեր սարերը, որը կարելի է մշակել: Դրանով կարելի աշխարհում 1-ինը դառնալ, այնպես, ինչպես հիմա հայկական ծիրանը, կոնյակը չեն զիջում իրենց տեղը, նույն տեմպը կարելի է պահել»:
Վոլոդյա Մնացականյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում ագրոտուրիզմի զարգացումը: Այգին նպաստավոր վայր է դրա համար: Ագրոտուրիզմի զարգացման առաջարկ է ներկայացնում ներգնա տուրիզմով զբաղվող Արև Սարդարյանը․
«Արմավիրի մարզում շատ կուզեի լիներ ագրոտուրիզմի այնպիսի վայր, որտեղ թեկուզ քաղաքաբնակ դպրոցական երեխաներին տանեինք որևէ այգի, բերքահավաքին մասնակցեին, տեսնեին գյուղական կյանքը»:
«1000 տարվա գյուղամեջ» փառատոնի կազմակերպիչներից Լիլիթ Գրիգորյանը մարզում տուրիզմի գրավչությունը նույնպես պայմանավորում է ագրոտուրիզմով.
«Անտառներ չկան, որոնք պիտի գրավիչ լինեն, բնակիչները զբաղված են այգեգործությամբ և անասնապահությամբ: Ու, եթե տուրիզմ,՝ապա այդ ուղղությամբ զարգացնել: Իհարկե, շատ հուշարձաններ կան, որոնք բարձիթողի վիճակում են, որոնք նաև հնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող վայրեր են»։
Վոլոդյա Մնացականյանը ագրոտուրիզմի և հետագա ծրագրերի իրագործման համար հետաքրքիր նախագծեր ունի. կառուցելու է քոթեջներ ժայռոտ հատվածների վրա, որոնք հնարավոր չէ մշակել.
«Մեր տարածքում ունենալու ենք տարբերվող հանգստյան գոտի, որտեղ մարդիկ կգան, կտեսնեն, թե ինչպես է ընթանում գարնանային աշխատանքները, մասնակցել բերքահավաքին: Մենք աշխատում ենք, որ բերքահավաքի ընթացքը վերածվի տոնի, որովհետև այս քարերի մեջ ստանալ բերք, ունենալ բարձր որակ՝ մեզ մոտ տոն է դառնում, ուրախություն»։
Արմավիրի մարզում տուրզմի ուղղություններ կարող են դառնալ Երվանդաշատն ու Բագարանը։ Երթուղին՝ մինչև, Թալին կարող է անցնել Շենիկի լեռներում ծվարած պտղատու այգիների միջով, որտեղ կարելի է նաև գիշերել: