«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայի ԱԳ նախարար․ Իրանի հետ միջուկային բանակցությունները մտնում են «եզրափակիչ փուլ»

10/02/2022

Իրանի հետ միջուկային բանակցությունները մտնում են «եզրափակիչ փուլ»։ Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Թել Ավիվում իր իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ չնայած Իսրայելի վերապահումներին, միջուկային համաձայնագրին վերադառնալն ավելի անվտանգ կդարձնի տարածաշրջանը։

Լապիդը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական միջուկային բանակցությունները։

 Նա ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը, համաձայն որի «միջուկային Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլեւ ամբողջ աշխարհի համար»։ Նա ասել է, որ Իրանը «Եմենից Բուենոս Այրես ահաբեկչության արտահանողն է», եւ համաձայնագիրը պետք է հաշվի առնի «նրա տարածաշրջանային ագրեսիան»:

Բերբոքը նշել է, որ «համոզված է, որ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) ամբողջական վերականգնումը տարածաշրջանն ավելի անվտանգ կդարձնի, ներառյալ Իսրայելը, այլապես մենք չէինք ունենա այդ բանակցությունները»:

Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները հասել են «շատ կրիտիկական կետի», եւ Իրանի համար կարեւոր է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ «փոխզիջման պատրաստակամությամբ եւ առանց առավելագույն պահանջների»:

«Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ համաձայնագրի հետ երաշխավորվի Իսրայելի անվտանգությունը», - ասել է Բերբոքը։