Ռուսաստանը խոստացել է շարունակել գազ մատակարարել Հունգարիային
Ռուսաստանը խոստացել է շարունակել գազ մատակարարել Հունգարիային, եւ «Գազպրոմ» ընկերությունը կկատարի պայմանագրային իր պարտավորությունները այդ երկրի նկատմամբ: Այս մասին Հունգարիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն`նշելով, որ իրեն վստահեցրել են «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Անցյալ տարի կնքված երկարաժամկետ պայմանագրի համաձայն`Հունգարիան, Բուլղարիայի եւ Սերբիայի տարածքով, տարեկան 3,5 միլիարդ խորանարդ մետր գազ պիտի ստանա Ռուսաստանից եւ եւս մեկ միլիարդ խորանարդ մետր՝ Ավստրիայից եկող խողովակաշարով:
Պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով՝ 10 տարի անց գազի ծավալները փոխելու հնարավորությամբ:
Սիյարտոն նաեւ ասել է, որ Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, ներառյալ գազամատակարարումը, կայուն է, եւ որ գազի մատակարարումն իրականացվում է ամեն օր, պայմանագրով սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի եւ առանց որեւէ խափանման: