«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսկ ո՞վ է ասել, որ եթե ասում են՝ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում, Հայաստանը պետք է վազի ու ասի՝ հա. Նիկոլ Փաշինյան

23/11/2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին՝ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման պայմանավորվածություն եղե՞լ է։

«Եղել է առաջարկ՝ նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու։ Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է։ Ես հստակ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր ու դառը օր է մեզ համար։ Բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել ու մասնակցել այդ օնլայն համաժողովին։

Երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, ես արձանագրել եմ, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ և խնդրել, առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15-ին։ Եղել է առաջարկ, որ եկեք նոյեմբերի 26-ին։ Ես ասել եմ, որ 26-ն էլ է մեզ համար ընդունելի։ Հետո առաջացել է գաղափար, որ ոչ թե առցանց, այլ առերես անենք հանդիպումը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրենք պատրաստ են քննարկել ու փորձել գտնել լուծումներ, բայց Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ փորձ է անում կիրառել հարկադրանքի քաղաքականություն։ «Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ մենք հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն այդ գործելակերպով Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը , պետականությունը և ժողովրդավարությունը։ Պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով։ Այո, նոյեմբերի 9-ը մեզ համար ծանր օր է, իսկ ո՞վ է ասել, որ եթե ասում են՝ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում, Հայաստանը պետք է վազի ու ասի՝ հա։ Մենք ասել ենք՝ նոյեմբերի 9-ին համաձայն ենք, եթե կոնկրետ խնդիր լուծենք»,- նշեց նա։