«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն անօրինական է անվանել Էր Ռիադի եւ Քուվեյթի միջեւ Դուրրա գազի հանքավայրի վերաբերյալ համաձայանագրի կնքումը

26/03/2022

Իրանը դատապարտում է Պարսից ծոցում գտնվող Էդ-Դուրրա գազի հանքավայրի շահագործման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև համաձայնության կնքումը և հայտարարում է նշված հանքավայրի նկատմամբ իր իրավունքների մասին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։
«Գազի Էդ-Դուրրա հանքավայրը ընդհանուր է Իրանի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի համար, իսկ դրա հատվածները գտնվում են իրանա-քուվեյթյան սահմանային ջրերում։ Միջազգային կանոնների ու ընթացակարգերի համաձայն՝ հանքավայրի շահագործմանն ուղղված ցանկացած գործողություն պետք է տեղի ունենա երեք երկրների համակարգմամբ»,- Հաթիբզադեի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի գործողություններն «անօրինական են, չունեն իրավական հիմքեր, քանի որ պաշտոնական Թեհրանն իր հավանությունը չի տվել»։
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի հետ՝ այդ ընդհանուր հանքավայրը շահագործելու խնդրի շուրջ»,- ասել է Հաթիբզադեն։
Նշենք, որ մարտի 21-ին Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի իշխանությունները ընդհանուր համաձայնության են եկել Պարսից ծոցում, երկու երկրների սահմանի չեզոք գոտում գտնվող Էդ-Դուրրա գազի հանքավայրը շահագործելու հարցի շուրջ՝ պայմանով, որ արդյունահանված վառելիքի պաշարները հավասարապես կբաշխվեն երկու երկրների միջև։