«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականները «անմահության սունկն» օգտագործել են ոսկու նանոմասնիկներ ստանալու համար

12/12/2021

Բելգորոդի պետական համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները Վիետնամի և Իրանի գործընկերների հետ միասին մշակել են արծաթի և ոսկու նոր բիոգենային նանոմասնիկներ ստանալու էկոլոգիապես մաքուր և տնտեսող տեխնոլոգիա: Դրանք կարող են օգտագործվել որպես կատալիզատորներ՝ լուծելու շրջակա միջավայրը վնասակար ֆենոլներից մաքրելու գլոբալ խնդիրը, ինչպես նաև ծանր մետաղների որոշման ֆոտոմետրիկ եղանակի համար մանրէասպան դեղամիջոցների և նանոսենսորների մշակման համար: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemosphere ամսագրում։

Թանկարժեք մետաղների նանոմասնիկները լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ բժշկության, գյուղատնտեսության, էլեկտրոնիկայի, բիոինժեներիայի մեջ։ Ըստ Բելգորոդի պետական համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Տրուբիցինի՝ գիտնականների հետաքրքրությունը արծաթի և ոսկու նանոմասնիկների նկատմամբ պայմանավորված է նրանց բարձր կատալիտիկ, բակտերիասպան և ֆոտոէլեկտրասենսորային ակտիվությամբ, ինչպես նաև կենսահամատեղելիությամբ։

Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի՝ նանոմասնիկներ ստանալու ֆիզիկաքիմիական եղանակում լայնորեն կիրառվող մեթոդները զգալի թերություններ ունեն՝ վտանգավոր քիմիական նյութերի օգտագործում, էներգիայի բարձր ծախսեր, պատրաստման բարդ սխեմա և բարձր արժեք։

Գիտնականների միջազգային թիմը մշակել է էկոլոգիապես մաքուր և տնտեսող տեխնոլոգիա՝ մատչելի բնական հումքի միջոցով թանկարժեք մետաղների նանոմասնիկներ ստանալու համար: Քիմիկոսներն առաջարկել են սինթեզել ոսկու և արծաթի նանոմասնիկներ՝ օգտագործելով աբեթասնկերի ընտանիքին պատկանող Ganoderma lucidum սունկը, որը հայտնի է ավանդական ասիական բժշկության մեջ իր հակաօքսիդանտային, հակաբակտերիալ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններով և նույնիսկ անվանվել է «անմահության սունկ»։

Փորձարկումները հաստատել են նանոմասնիկների գերազանց կատալիտիկ ակտիվությունը, որը պահպանվում է նաև, երբ դրանք օգտագործվում են մինչև հինգ անգամ:

Գիտնականների կարծիքով, այս հետազոտության մեկ այլ կարևոր կիրառական արդյունքն այն է, որ մասնիկները կարող են հանդես գալ որպես նանոսենսոր՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի համար։ Բացի այդ, արծաթի նանոմասնիկները ցույց են տվել ուժեղ հակաբակտերիալ ակտիվություն մի քանի բակտերիալ շտամների դեմ: