«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հռոմի հնագույն կամուրջներից մեկը մասամբ այրվել է

03/10/2021

Հռոմի Տիբեր գետի վրա գտնվող հնագույն կամուրջներից մեկը՝ Արդյունաբերության կամուրջը (ponte dell’Industria), երեկ երեկոյան մասամբ ավերվել է ուժեղ հրդեհի հետևանքով:

Ըստ մայրաքաղաքային հրշեջ ծառայության՝ քաղաքացիները չեն տուժել, սակայն լուրջ վնասներ են հասցվել կամրջի տակ տեղադրված գազամատակարարման խողովակներին և  էլեկտրական մալուխներին: Արդյունքում, ավելի քան 180 հռոմեական ընտանիք այժմ հոսանքազրկված է:

131 մետր երկարությամբ կառույցը կառուցվել է 1862-1863 թվականներին՝ Տերմինի երկաթուղային կայարանը Չիվիտավեկիա նավահանգստային քաղաքի հետ կապելու համար:

Հրշեջ -փրկարարները գրեթե մինչև լուսաբաց պայքարել են կրակի դեմ: Գիշերը արտակարգ իրավիճակների վայր է ժամանել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին: «Սիրտս ճմլվում է, երբ տեսնում եմ, թե ինչ վիճակում է այս պատմական օբյեկտը», – ասել է նա: Ներկայումս քաղաքային իշխանություններն արտակարգ ռեժիմով աշխատում են Օստիենսեում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման, ինչպես նաև Հռոմի այդ հատվածում երթևեկության կարգավորման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: Ըստ հրշեջների՝ «Երկաթե կամուրջը» կարող էր հրդեհվել էլեկտրամատակարարման համակարգում կարճ միացման հետևանքով: