Ֆրանսիայում ապականել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Կոլբերտի հուշարձանն Ազգային ժողովի դիմաց

Վանդալները պղծել են Ազգային ժողովի դիմաց (խորհրդարանի ստորին պալատ) տեղադրված Լյուդովիկոս XIV թագավորի ժամանակների պատմական գործիչ Ժան-Բատիստ Կոլբերտի հուշարձանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Le Point ամսագիրը:

Պարբերականի փոխանցմամբ՝ չարամիտը, ով արդեն ձերբակալվել է, կարմիր ներկով գրություն է թողել արձանի վար՝ պատմական գործչին մեղադրելով «նեգրոֆոբիայի» մեջ: Le Point-ը հիշեցնում է, որ Կոլբերտը այսպես կոչված սեւ օրենսգրքի կազմողներից մեկն էր Ֆրանսիայի գաղութներում:

Փարիզում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի մասնակիցներն արդեն բազմիցս փորձել էին ապականել Կոլբերտի հուշարձանը: Հունիսի 15-ին Օ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Խավիեր Բերտրանը հայտնել էր, որ անհայտ անձինք ապականել են դիմադրության ֆրանսիական շարժման առաջնորդ եւ Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դե Գոլի հուշարձանը Ֆրանսիայի հյուսիսում:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը Միննապոլիսում զանգվածային բողոքների պատճառ էր դարձել ԱՄՆ-ի շատ նահանգներում, որոնք երբեմն կողոպուտների եւ ջարդերի էին վերաճում: Մայիսի 25-ին նրա կալանավորման ընթացքում ոստիկանները խեղդող հնարք էին կիրառել: Դրանից հետո Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում: Ձերբակալմանը մասնակցած բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվել: Միացյալ Նահանգներից հետո բողոքի ցույցեր են բռնկվել շատ այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում:

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am