Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը ժամանակավորապես կասեցվել է։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։
Այդ հիմքով կայացվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու դատավարական որոշում», - ասաց ՔԿ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։