«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին գրառման համար Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի. Դավիթ Գալստյան

16/10/2023

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։

«Ապատեղեկատվություն տարածող այդ անձը հայտարարել էր, որ արդեն իսկ նշանակվել է Ստեփանակերտի պարետ, դրան համապատասխան մենք արձագանքել էինք, որ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են, և, ցավոք, դա մաքսիմալ տարածում է գտել լրատվականներում։ Նույն Թաթուլ Հակոբյան կոչեցյալի դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։ Տեղեկությունը տերածվել էր ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցներով։

Մինչդեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։

«Քանի որ իմ անունն էլ էր շոշափվում, հայց կներկայացնենք դատարան, այդ ժամանակ հանրությունը կտեսնի, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել ու անցնել առաջ», - նշեց նա։

Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին որտե՞ղ է Սարգիս Գալստյանը և նրա անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվում. «Նա գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երբ շատ ու շատ քաղաքական գործիչներ ամպագորգոռ հայտարություն էին անում, որ նրանք վերջինն են դուրս գալու Արցախից, նա իր խոստմանը համաձայն,  մի քանի տասնյակ անձանց հետ այսօր գտնվում է Արցախում և, ես համոզված եմ, որ քանի դեռ այնտեղ կա մեկ հայ, երկրորդը լինելու է Սարգիս Գալստյանը»։  

Հարցին, թե արցախահայության վերադարձի հնարավորություն տեսնո՞ւմ է նման պայմաններում, երբ հստակ երաշխիքներ կտրվեն՝ Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ  նախկինում էլ կար անվտանգության երաշխիք. «ՀՀ իշխանություններն էլ էին խոսում, որ ացախահայության անվտանգությունն ու իրավունքները ամեն կերպ միջազգային հարթակներով և տարբեր կազմակերպություններով պաշտպանվելու են, և տեսանք, որ այդքան էլ այդպես չէ։ Ռուս խաղաղպահներն էլ այնտեղ էին և հայտարում էին, թե իրավունքներն ու անվտանգության երշխիքները կան, որ Արցախն ապագա ունի, տեսանք, որ այդքան էլ համահունչ չի իրականությանը, և Ադրբեջանն անում է այն, ինչ մտադրվել է»։

Գալստյանը նշեց, որ անձամբ չի պատրաստվում Արցախի համար պայքարը դադարեցնել. «Այո, պայքարելով Արցախի համար՝ հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, իսկ թե երբ... Բացի ֆիզիկական անվտանգությունից կարգավիճակի հարցն է կարևոր, թե ինչ կարգավիճակով ենք վերադառնալու և դրանից ելնելով որոշում կկայցնեն։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր միայն ֆիզիկական անվտանգության ապահովման դեպքում կվերադառնան, կլինեն մարդիկ, գուցե, սոցիալական խնդիրներից ելնելով կվերադառնան, բայց մեծամասնությունը, կարծում եմ, մինչև չլինի կարգավիճակի հարցը և մոտեցումը, թե մեր կյանքը այնտեղ ինչպես է դասավորվելու և ինչպիսի միջազգային երաշխքիներ են լինելու, ըստ այդմ էլ, արդեն որոշում կկայցնեն», - եզրափակեց նա։