«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն այսօրվանից դարձել է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ

01/02/2024

Հայաստանն այսօր՝ փետրվարի 1-ին, պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավորներ քվեարկեցին ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ էին քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ՄՔԴ-ին միանալու համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկկողմ պայմանագրերի կնքմամբ։

Մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերին Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ ՄՔԴ Հռոմի կանոնադրության 98-րդ հոդվածը հնարավորություն է տալիս փաստաթղթի վավերացումից հետո վերացնել հայ-ռուսական հարաբերություններին սպառնացող վտանգները։ Նա անդրադարձել էր կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա երկկողմ համաձայնագրերի կնքման ամերիկյան պրակտիկային, որոնք երաշխավորում են ԱՄՆ քաղաքացիների անձեռնմխելիությունը դատարանի իրավասությունից։ Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանն այս հոդվածի հիման վրա արդեն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, և փաստաթուղթը չի արգելում նմանատիպ պայմանագրեր կնքել այն երկրների հետ, որոնք չեն ցանկանում ճանաչել դատարանի առաջնահերթությունը։

Սակայն նույն տարվա հոկտեմբերին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի գաղափարին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ակնկալում էր, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ ՄՔԴ կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություններ կան դիմելու այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտի կանոնադրության վավերացման:

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր: